«Գործարքը» չկայացավ

Անտեսելով միջազգային արբիտրի վճիռը՝ ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի շուրջ սկսած քաղաքական գործընթացներից, Նիկոլ Փաշինյանը 2 ոտքը մի կոշիկի մեջ դրած՝ գնում է ընկերության ակտիվները խլելու ճանապարհով՝ հաշվի չառնելով այն բոլոր վտանգները, որոնց առաջ կանգնեցրել ու հետագայում կանգնեցնելու է երկիրը։ ՀԷՑ-ը խլելու քաղաքական գործընթացը մտել է ավարտական փուլ, բայց այն դեռ շատ ջուր է վերցնելու։

Լիցենզիայից զրկելուց հետո, եռամսյա ժամկետում կառավարությունը պիտի գնահատեր ու գնային առաջարկ ներկայացներ սեփականատիրոջը՝ ընկերության ակտիվները բանակցություններով ձեռք բերելու վերաբերյալ։ Փետրվարի 21-ին ավարտվեց եռամսյա ժամկետը և, ինչպես սպասվում էր, ոչ մի բանակցություն էլ տեղի չունեցավ։

«Բանակցությունները, որպես այդպիսին, կարծես թե ոչ կայացան, ոչ էլ առհասարակ տեղի ունեցան։

Ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով, ժամկետների պահպանմամբ, կառավարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, մասնավորապես, ի դեմս կառավարության, պաշտոնական այդ առաջարկն արել է սեփականատերերին, բայց գործարք տեղի չի ունեցել։ Ինչը նշանակում է, որ փետրվարի 21-ից հետո արդեն Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը, որպես հանրային գերակա շահ պետք է ճանաչի ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և, փոխհատուցման վճարումից հետո, պետականացվի 100 տոկոսով։

Կարդացեք նաև

Գործընթացը թևակոխել է այդ փուլ»,- օրերս հայտարարեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը։

Հետագայում ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը պարզաբանեց, որ առաջարկը սեփականատիրոջն են ուղարկել «Հայփոստի» միջոցով, որը ստացել են բանակցությունների համար նախատեսված ժամկետի ավարտից հետո։

Հասկանալի է, որ նախատեսված ժամկետից դուրս բանակցություններ չէին կարող տեղի ունենալ։ Բայց առանց դրա էլ պարզ էր, որ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով սեփականատիրոջը լիցենզիայից զրկելուց հետո նախատեսված բանակցությունները չէին կայանալու։ Այն անօրինական ու շինծու գործընթացը, որն այս ընթացքում տեղի էր ունենում ՀԷՑ-ի ու ընկերության սեփականատիրոջ շուրջ, ի սկզբանե անիմաստ էր դարձնում ցանկացած բանակցություն։ Ընկերության սեփականատերերն ամիսներ առաջ էին հայտարարել, որ չեն պատրաստվում բանակցել կառավարության հետ։ Ոչ թե նրա համար, որ խուսափում են բանակցելուց, այլ, որ ՀԷՑ-ի շուրջ սկսված այս ամբողջ պրոցեսն անօրինական են համարում ու խնդրի լուծումը տեսնում են միջազգային արբիտրաժային դատարանում, որտեղ քննվում է ընկերության սեփականատերերի ներկայացրած հայցը։

Այս պահին, իհարկե, որոշ իրավական պրոցեսներ կան նաև ներսում, բայց դրանց հետ կապված մեծ հույսեր չկան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ամենը քաղաքական է ու դատական վճիռներն էլ քաղաքական հրահանգներով են կայացվում։ Պատահական չէ, որ չնայած Սահմանադարական դատարանը դեռևս չի տվել ՀԷՑ-ի հետ կապված կատարված օրենսդրական փոփոխությունների օրինականության վերաբերյալ գնահատականը, կառավարությունն արդեն մեկնարկել է հանրային գերակա շահ ճանաչելու միջոցով այն բռնագրավելու փուլ։

Հազիվ թե քաղաքական իշխանությունն այդպիսի հաստատակամ քայլերով գնար դրան, եթե համոզված չլիներ, որ, ինչպես Սահմանադրական դատարանում, այնպես էլ լիզենզիայից ընկերությանը զրկելու վճռի դատական կարգով բողոքման վերաբերյալ կայացվելու են այնպիսի որոշումներ, որոնք լինելու են ՀԷՑ-ի նկատմամբ իշխանության որդեգրած քաղաքականության գծի մեջ։

Գերակա շահ ճանաչելուց ու ընկերության ակտիվները բռնագրավելուց առաջ կառավարությունը պարտավոր է փոխհատուցում վճարել սեփականատիրոջը։ Այլ բան, թե ինչքա՞ն է պատրաստվում վճարել։

Այս պահին հայտնի չէ անգամ, թե ի՞նչ գին է առաջարկել կառավարությունը սեփականատիրոջը՝ բանակցությունների համար նախատեսված փուլում։ Այդ գինն առայժմ կոնֆիդենցիալ է համարվում, ու խուսափում են բացահայտել։

Մինչ այդ, իհարկե, հայտնի է, թե ինչպես էին հնարավոր բոլոր միջոցներով փորձում արժեզրկել ՀԷՑ-ը, որպեսզի նվազեցնեին գինը։ Հայտարարում էին, որ այն գտնվում է տեխնիկապես ծանր վիճակում, սարքավորումները մաշված են ու հնացած, ֆինանսական վիճակն է վատ։

«Որոշակի տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակն այնքան վատ է, շուկայական արժեքն այնքան ցածր է, որ կարելի է կառավարությունից որոշակի գումար հատկացնել և այն ազգայնացնել»,- բոլորովին վերջերս ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Այս ամենի նպատակն էր՝ մի կողմից՝ ատելություն սերմանել սեփականատիրոջ նկատմամբ, մյուս կողմից՝ հնարավորինս քիչ գին առաջարկել ՀԷՑ-ը գնելու համար։ Ոչ մի նշանակություն չունի, թե իրականում ինչ տեխնիկական ու ֆինանսական վիճակում է գտնվում ընկերությունը։ Ժամանակին էլ ասում էին, թե երկիրը կանգնեցրել են էներգետիկ անվտանգության խնդրի առաջ, ու ՀԷՑ-ը պետականացնելը հրատապ անհրաժեշտություն է, այլապես կոլապ կառաջանա։ Բայց ինչպես տեսանք, ոչ մի կոլապս էլ չառաջացավ, չնայած կառավարության  կառավարչի «բարձր պրոֆեսիոնալիզմի» արդյունքում որոշ կոլապսային իրավիճակների այնուհանդերձ բախվեցին սպառողները՝ հատկապես նախորդ տարվա վերջին։ Էլի օգնության հասան ՀԷՑ-ի սեփականատերերը, այլապես տասնյակ-հազարավոր քաղաքացիներ ստիպված կլինեին ձմռան ցրտին շաբաթներով զրկված մնալ հոսանքից ու ջեռուցումից։

Իհարկե, վերջերս հայտարարվեց նաև, որ վթարներն ու հոսանքազրկումներն էլ են գրեթե 40 տոկոսով ավելացել։ Բայց պետք է ենթադրել, որ դա էլ կառավարության կառավարչի «պրոֆեսիոնալ» կառավարման արդյունք է։ Երբ նախատեսված ներդրումները, որոնք տեխնիկական վերազինման համար են արվում, ժամանակին չեն իրականացվում, բնականաբար, նման իրավիճակներն անխուսափելի են լինում։

Այլ բան, որ հիմա իշխանություններն այդ մասին այլևս չեն խոսում, չեն ասում, թե երկրի էներգետիկ անվտանգությունն ու կայունությունը վտանգված է։

Թեպետ նախկինում էլ նպատակն այլ էր. Դա առիթ էր ՀԷՑ-ի միջոցով Սամվել Կարապետյանի վրա ազդելու համար։

Բայց իրենց հաշվարկներում սխալվեցին։ Ո՛չ կարողացան Սամվել Կարապետյանի, ո՛չ էլ ՀԷՑ-ի հարցերը լուծել։ Երկուսն էլ մնացել են իշխանության կոկորդին։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը սպասվող ընտրությունների նախաշեմին լուրջ քաղաքական հայտ է ներկայացրել ու հանդիսանում է ընտրություններում իշխանության հիմնական հավակնորդներից մեկը։ Իշխանությունները սարսափած են այս հեռանկարից ու իշխանությունը կորցնելու իրական վտանգ են տեսնում։

Ուզում էին քաղաքական հաշվեհարդարի միջոցով ստիպել Սամվել Կարապետյանին՝ հանուն ՀԷՑ-ի, ընդունել իրենց առաջարկած խաղի կանոնները, բայց սխալվեցին։ Ու հիմա վայելում են դրա պտուղները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս