
Նախիջևանը Թուրքիայի համար ռազմական հենակետ և քաղաքական լծակ է Հայաստանի դեմ. Շիրազ Խաչատրյան

Թուրքիայի նախագահ Էրդողանի տեղակալ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Քյուրշադ Զորլուն այցելել է Նախիջևան։
«Նախիջևան-Իգդիր երթուղու մեր առաջին կանգառը կլինի Նախիջևանը, այն թյուրքական աշխարհի ռազմավարական կենտրոններից մեկն է՝ «թուրքական դարպասը»։ Առաջիկա ժամանակահատվածում խաղաղության և բարեկեցության մթնոլորտը, որը մեր տարածաշրջանում կձևավորի թուրք-ադրբեջանական եղբայրությունը, «գալու» է հենց Նախիջևանից»,- X սոցիալական հարթակում գրել է նա:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը հիշեցրեց Նախիջևանի դերը Թուրքիայի համար:
«Նախիջևանը Թուրքիայի համար միաժամանակ և՛ ռազմական հենակետ է, և՛ գաղափարական խորհրդանշական օղակ՝ թյուրքական աշխարհի հետ միավորման ծրագրերում, և նաև քաղաքական լծակ է Հայաստանի դեմ: Բայց հատկապես «Մեկ ազգ, մեկ պետություն» կարգախոսով հարաբերությունների ձևավորման իրական կամուրջը հենց Նախիջևանն է, որովհետև այստեղից է անցնում իրենց երազած «Մեծ Թուրանի» ճանապարհը, այդ իսկ պատճառով թուրքական քաղաքական մակարդակում և մեդիադաշտում շատ է «գովազդվում» Նախիջևանը»,- ասաց նա:
Նշենք, որ 168.am-ը, անդրադառնալով 44-օրյա պատերազմում Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի դերակատարությանը, գրել է, որ նա ռազմական առումով մինչև հիմա նախիջևանյան թևում շարունակում է «կուրատորություն» անել, պարզապես այժմ Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարգավիճակում: