
«Վաշինգտոնն այժմ կարող է զորքեր տեղակայել անմիջապես Իրանի սահմանին՝ փակելով Թեհրանի մուտքը դեպի Հայաստան». միջազգային մամուլը՝ վաշինգտոնյան գործընթացների մասին

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նախաստորագրած խաղաղության պայմանագիր կոչվածը Հայաստանի իշխանությունները համարում են խաղաղության հաստատման սկիզբ: Ավելին, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք «բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր» Հայաստանի Հանրապետությունում:
«Մենք՝ Երրորդ Հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում։ Դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում»,- իր ուղերձում նշել էր Փաշինյանը:
Փաշինյանը նաև շեշտել էր՝ հռչակագրում արձանագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Ընդ որում, ընդգծվեց մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։
Խաղաղությո՞ւն, թե՞ հերթական կապիտուլյացիա: Արդյո՞ք «Թրամփի ուղին» նույն «Զանգեզուրի միջանցք» կոչվածը չէ, ինչո՞ւ է հատուկ շեշտվում Ադրբեջանի համար անխոչընդոտ կապ ապահովելու մասին: Արդյո՞ք Հայաստանը չի կորցնում Իրանի հետ սահմանը, և ապաշրջափակվելու փոխարեն՝ նաև հարավային հատվածից չի հայտնվում շրջափակման մեջ: Արդյո՞ք Հայաստանն այսպիսով չի ներքաշվում ավելի վտանգավոր գործընթացում, այն է՝ Իսրայել-Իրան պատերազմի մեջ: Այս հարցադրումները կարելի է շարունակել, և դրանք հնչեցվում են ոչ միայն հայաստանյան ընդդիմության, այլև միջազգային ակտորների, ուղեղային կենտրոնների, վերլուծաբանների, քաղաքագետների և տնտեսագետների կողմից:
Օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի վերաբերյալ ծավալուն հոդված հրապարակեց ամերիկյան The Soufan Center-ը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը ռազմավարական հաղթանակ է գրանցել, քանի որ երթուղին շրջանցելու է թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին՝ ամերիկյան կողմի և նրա դաշնակիցների համար արձանագրելով ռազմավարական ձեռքբերում.
«TRIPP-ն Իրանի միակ ցամաքային սահմանը Հայաստանի հետ կդնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող տարանցիկ ճանապարհի ներքո, որը համընկնում է ադրբեջանա-թուրքական շահերի հետ՝ փաստացի սահմանափակելով Թեհրանի միակ բարեկամական մուտքը Հարավային Կովկաս, մի հեռանկար, որին Իրանը երկար ժամանակ դեմ է եղել»:
SpecialEurasia-ն գրում է, որ Հայաստանն ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ և տնտեսական աջակցություն է փնտրում, սակայն բախվում է ինքնիշխանության սահմանափակման և տարածաշրջանային մեկուսացման վտանգներին.
«Փաշինյանը համաձայնագիրը ներկայացնում է որպես անվտանգության և կայունության երաշխիք՝ երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո։ Այն ազդարարում է ռազմավարական շրջադարձ դեպի Արևմուտք՝ պայմանավորված Ռուսաստանի անվտանգության երաշխիքների նկատմամբ վստահության կորստով։ Միևնույն ժամանակ, համաձայնագիրը կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը՝ երկրի որոշ հատվածներ ԱՄՆ վերահսկողության ներքո դնելու միջոցով, ինչպես նաև սպառնալ հարաբերություններին Իրանի հետ, որը կարևոր առևտրային գործընկեր է և հարավային հարևան»:
The Jerusalem Post–ը գրում է, որ «Զանգեզուրի միջանցքը», որն այժմ վերանվանվել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարեկեցության երթուղի», պարզապես սովորական տարանցիկ ուղի չէ։
«Իրանի համար այս 99-ամյա ամերիկյան վարձակալության ձևաչափը հիմնարար կերպով փոխում է Հարավային Կովկասում ռազմավարական հավասարակշռությունը. տարածաշրջան, որը Թեհրանը դիտարկում է՝ որպես իր ավանդական ազդեցության ոլորտ։ Միջանցքը կապելու է մայրցամաքային Ադրբեջանն իր Նախիջևանի անկլավին՝ անցնելով Հայաստանի հարավով, և արդյունավետորեն շրջանցելու է թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը՝ երկու ուժեր, որոնք պատմականորեն միջնորդել են հակամարտություններում և պահպանել են նշանակալի ազդեցություն տարածաշրջանային կապերի վրա»:
The Cradle պարբերականը գրում է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության միջոցով Վաշինգտոնն այժմ կարող է զորքեր տեղակայել անմիջապես Իրանի սահմանին՝ փակելով Թեհրանի մուտքը դեպի Հայաստան:
Կոլումբիայի համալսարանի աշխարհահռչակ պրոֆեսոր, տնտեսագետ, միջազգային քաղաքականության վերլուծաբան, նորարարական կրթության առաջամարտիկ, կայուն զարգացման համաշխարհային առաջնորդ, բեսթսելլերների հեղինակ Ջեֆրի Սաքսը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանն իր ապագան գրավադրում է՝ կապելով այն Միացյալ Նահանգների վարքագծին՝ չափազանց անկայուն տարածաշրջանում՝ գիտակցելով, որ Միացյալ Նահանգները, օրինակ, արդեն պատերազմել է Իրանի դեմ.
«Մտածեք Իրանի տեսանկյունից․ Հայաստանն այդպիսով ասում է ԱՄՆ–ին՝ մենք գիտենք, որ դուք պատերազմի մեջ եք Իրանի հետ, մենք գիտենք, որ ձեր դաշնակից Իսրայելը պատերազմի մեջ է Իրանի հետ, մենք գիտենք, որ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է, բայց խնդրեմ, վերցրեք այս հողը հենց Իրանի սահմանին։ Եվ ասում են՝ խնդիր չկա։ Դա իրականում Հայաստանի ներքաշումն է պատերազմի մեջ։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչի մասին է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, բայց սա շատ սադրիչ և վտանգավոր քայլ է։ Եթե աշխարհաքաղաքական տեսանկյունից նայենք, սա Հայաստանի ներգրավումն է Իսրայելի և Իրանի պատերազմում։ Իսկ դա իրո՞ք այն է, ինչ ուզում է Հայաստանը։ Չէ՞ որ ավելի լավ կլիներ ունենալ հանգիստ ու խաղաղ հարաբերություններ, քան ինքնակամ մտնել ընթացող պատերազմի մեջ։ Ես դա չեմ հասկանում»:
Այսպիսի վերլուծությունների և գնահատականների շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Մի բան պարզ է՝ հայ հասարակությունը ևս գիտակցում է վերոնշյալ գործընթացների վտանգները և մեղմ ասած՝ կասկածանքով վերաբերվում խաղաղության մասին իշխանությունների հայտարարություններին, ինչի ցուցիչն են տարբեր սոցիոլոգիական հարցումներ: Եթե այս ամենին գումարվում են նաև Ադրբեջանի նախագահի և ադրբեջանական մամուլի հրապարակումները, պատկերն ավելի պարզ և ամբողջական է դառնում: