Ալիևի տհաճ «անակնկալը»՝ Փաշինյանին

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված Փաշինյան-Թրամփ-Ալիև հռչակագրից ու Սյունիքով «Թրամփի ուղի» ձևավորելու պայմանավորվածությունից հետո կարճ ժամանակ՝ մոտավորապես մեկ ամիս անց, Ադրբեջանը կրկին սկսեց շրջանառել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը:

Սեպտեմբերի 1-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, Իլհամ Ալիևն ասել էր.

«Ես վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կնպաստի խաղաղության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, որն օգուտ կբերի Ադրբեջանի արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային մոտ ու հեռավոր երկրներին»:

Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն իր ելույթում արձագանքեց Ալիևին՝ ասելով, թե  Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարն իրենց կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որն իրենք համաձայնեցրել են Վաշինգտոնում, մանավանդ, որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանն ու ԱՄՆ-ը կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»:

Կարդացեք նաև

«Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին երկկողմ հուշագիր՝ այդ նախագիծը զարգացնելու և ներդրումներ անելու ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը, ով ավելի վաղ ՇՀԿ հարթակում և շփում, և հանդիպում էր ունեցել Իլհամ Ալիևի հետ: Եվ դատելով հաղորդագրություններից՝ դրանք անցել էին աշխատանքային, նույնիսկ դրական մթնոլորտում:

Սակայն Վաշինգտոնում Ադրբեջանի հետ հռչակագրի ստորագրումից և հայտարարություններից հետո, թե խաղաղություն է հաստատվել, մեկ ամիս անց Սյունիքով անցնող ճանապարհի ձևաչափի որակման շուրջ տարաձայնությունները կրկին ի հայտ եկան:

Սա այն դեպքում, երբ ՀՀ իշխանական վերնախավը վաշինգտոնյան պայմանավորվածությունները և հատկապես պայմանավորվածությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ձևավորելու շուրջ խաղաքարտի էր վերածել, ըստ էության տպավորություն ստեղծելով, թե «Թրամփի ուղին» համապատասխանում է ոչ թե Ալիևի «Զանգեզուրի միջանցք», այլ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկ» պրոյեկտին, սակայն ստացվեց, որ ադրբեջանական կողմը «Թրամփի ուղին» ընկալում է, որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» մի իրավիճակում, երբ հայտարարում է, որ ՀՀ-ի հետ կա խաղաղություն, իսկ այս տերմինի կիրառումն անգամ մտահոգություններ ու տարաձայնություններ է առաջացնում կողմերի միջև:

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրն այն է, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունները յուրաքանչյուր կողմ ներկայացնում է այն դիտանկյունից, որն իրեն ձեռնտու է:

Ըստ նրա, բնականաբար, հայկական կողմը ձգտում է խուսափել «միջանցք» ձևակերպումից, ինչը հանրային բացասական արձագանքներ է առաջացնում և փաստորեն նույնիսկ Երևան-Բաքու գործընթացում թվացյալ առաջընթացի պայմաններում հնարավոր չի եղել պայմանավորվել այդ տերմինը բացառելու հարցի շուրջ՝ նույնիսկ անկախ այդ ճանապարհի պայմաններից, որոնք շատերի համար անհասկանալի են դեռևս:
«Բնականաբար, Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից հետո շատերի մոտ էր հարց ծագում, թե անցումն ի՞նչ պայմաններով է տեղի ունենալու և կոնկրետ ի՞նչ առաջարկի շուրջ են կողմերը համաձայնության հանգել, ինչո՞վ է այն տարբեր ապաշրջափակման բոլոր նախորդ առաջարկներից: Կային նաև մտավախություններ, որ գուցե այստեղ միջանցքային բաղադրիչներ լինեն, սակայն, թե իրականում ինչպե՞ս է այդ ամենը տեղի ունենալու, դեռ հայտնի չէ վերջնական, քանի որ կողմերը դեռ կարծես քննարկումները պետք է շարունակեն, գետնի վրա պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն:

Սակայն այս փոքրիկ դրվագը ՇՀԿ հարթակում ցույց տվեց, որ Երևան-Բաքու պայմանավորվածությունները որտեղ էլ որ կայացվեն, դեռևս կայուն չեն, կամ ադրբեջանական կողմը երթուղու ամերիկյան անվանման ներքո իրականում պատկերացնում է պրոյեկտ, որը համապատասխանում է ենթակառուցվածքների ադրբեջանական տեսլականին: Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում ռեգիոնում, Ադրբեջանը, Թուրքիան ընկալում են՝ որպես իրենց աշխարհաքաղաքական ծրագրերի շարունակություն, երբ խոսվում է Միջին միջանցքից և այլն: Իրավիճակը հեշտերից չէ բնականաբար, ընկալումները տարբեր են, ու այստեղ մեկ-երկու փաստաթղթով, հանդիպումներով վերջնական խաղաղություն, փոխըմբռնում երևի թե չի լինի»,- ասաց Սիմոնովը:

Նրա խոսքով, Վաշինգտոնում տեղի ունեցածն այդ փուլում մեծ առաջընթաց ներկայացվեց:

«Սակայն միայն ժամանակը, այդ պայմանավորվածությունների իրագործման շուրջ փոխըմբռնումը ցույց կտա ռեգիոնում իրական մթնոլորտը»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ՇՀԿ-ին և այս օրերի Պեկինում կայացած հանդիպումներին, այդ թվում՝ Հարավային Կովկասին առնչվող, Սիմոնովն ասաց, որ ՇՀԿ յուրաքանչյուր հաջորդ միջոցառում ավելի մեծ աշխարհաքաղաքական ուշադրության է արժանանում, քան նախորդը:

«Դրա պատճառը միջազգային իրադրությունն է ու Չինաստան-Ռուսաստան և ՇՀԿ առանցքի ամրապնդումը, որը թելադրված է ներկայիս գլոբալ իրողություններից: Սա է պատճառը, որ Հարավային Կովկասը ևս մոտենում է ՇՀԿ-ի ռեգիոնին, այսինքն՝ համագործակցության սահմանները, խորությունները, ազդեցության գոտիները փոփոխվում են: Այստեղ ներկայումս Ռուսաստանն իրեն հարմարավետ է զգում, դա ցույց տվեցին նաև ՌԴ նախագահի հանդիպումները, քանի որ Արևմուտքի հետ պատերազմ է, և ՌԴ շահերից է բխում այս ուղղությամբ հարաբերությունների խորացումը, որի մասին խոսում էր ՌԴ նախագահը, այն անվանելով գլոբալ հարավ: Եվ այդ գլոբալ հարավին մոտենում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը, թեև կոնկրետ ՌԴ-ի հետ հարաբերություններն այդքան էլ դրական փուլում չեն ներկայումս»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս