Իրանի դեմ նոր պատերազմը քիչ հավանական է. Պակիստանի պաշտպանության նախարար
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է համարում՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքում նոր մասշտաբային ռազմական գործողությունների դեմ ԱՄՆ-ում աճող դիմադրությունը, հայտնում է WANA-ն։
Նա նշել է, որ իր «կանխազգացումը» հուշում է, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի, քանի որ ամերիկյան հասարակական կարծիքն այլևս չի աջակցում տարածաշրջանում ուղղակի ռազմական միջամտությանը։
«Geo News»-ի «Capital Talk» հաղորդմանը տված հարցազրույցում Ասիֆը նշել է նաև, որ Իսրայելը, իր կարծիքով, ակտիվորեն հանդես է գալիս պատերազմի վերսկսման օգտին և ձգտում է ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։ Սակայն, նրա բնորոշմամբ, ամերիկյան հասարակությունը պատրաստ չէ աջակցել տարածաշրջանում նոր պատերազմին։
«Պատերազմները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մարդիկ աջակցում են դրանց,- ասել է նա։ – Երբ հասարակական աջակցություն չկա, պատերազմներ չեն սկսվում»։
Պակիստանն այս ժամանակահատվածում միջնորդի դեր է ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի գործընթացում։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների առաջին փուլը, որը տեղի է ունեցել ապրիլին, բեկումնային չի եղել, սակայն Իսլամաբադի միջնորդությամբ շարունակվում է առաջարկների փոխանակումը անուղղակի ձևաչափով։
Ըստ աղբյուրների՝ ընթացիկ դիվանագիտական ջանքերը կենտրոնացած են շրջանակային համաձայնագրի ձևավորման վրա, որը պետք է կանգնեցնի հակամարտությունը և կանխի լարվածության հետագա սրումը։ Թեհրանը պնդում է, որ ցանկացած նախնական համաձայնություն պետք է ներառի ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, պատժամիջոցների չեղարկում, պատերազմից հասցված վնասի փոխհատուցում, ինչպես նաև Հորմուզի նեղուցին առնչվող հարցերի կարգավորում։ Իրանցի պաշտոնյաները միևնույն ժամանակ հայտարարում են, որ միջուկային ծրագիրը կարող է քննարկվել ավելի ուշ փուլում՝ երկրի խաղաղ ուրանի հարստացման իրավունքի պահպանման պայմանով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր պետք է երաշխավորի, որ Թեհրանը միջուկային զենք չի ստանա։ Նա նաև զգուշացրել է, որ ռազմական հարվածները կարող են վերսկսվել, եթե բանակցությունները ձախողվեն։
Ընդ որում, Թրամփը երկուշաբթի երեկոյան հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Կատարի առաջնորդների խնդրանքով հարձակումները, որոնք, նրա խոսքերով, նախատեսված էին մայիսի 19-ին, հետաձգվել են, քանի որ ընթանում են «լուրջ բանակցություններ» և պահպանվում է համաձայնության հասնելու հնարավորությունը։




