Արթուր Օսիպյանի հեռախոսն անհասկանալի ձևով անհետացել է, սոցցանցի էջերը՝ ջնջվել․ փաստաբան
Երեկ՝ մայիսի 18-ին, ձերբակալված արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի շուրջ կատարվող իրավական գործընթացի մասին մանրամասներ է հայտնել Փաստաբան Ռոման Երիցյանը՝ դրանք ներկայացնելով կետերով։
«Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։
Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Արթուրը զրկված էր իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիականության բաժնում կազմված անձնական խուզարկության արձագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)։
Կայծակնային արագությամբ ձեռնարկվում են քննչական գործողություններ, ինչը վկայում է սպասվող կալանքի միջնորդության մասին»,- նշել է նա։




