Դեսպան Մամեդովի «բացահայտումը». Թուրք-ադրբեջանական տանդեմի մաքսիմալիզմն ու Երևանի կրավորականությունը

Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը «բացահայտել է», թե երբ կբացվի թուրք-հայկական սահմանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, թուրքական «Cumhuriyet» թերթին տված իր հայտարարության մեջ ադրբեջանցի դիվանագետը հայտնել է, որ սահմանները կբացվեն հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից և դրան հաջորդող սահմանադրական փոփոխություններից հետո։ Ռաշադ Մամեդովը պատասխանել է նաև այն պնդումներին, թե Թուրքիան ցանկանում է բացել Հայաստանի հետ սահմանները, սակայն Ադրբեջանը դեմ է դրան։ Դեսպանը հայտարարել է, որ Անկարայի և Բաքվի միջև մշտական խորհրդատվություններ են անցկացվում, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ։

Նա հավելել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալվում է փոփոխությունների միջոցով Հայաստանի սահմանադրությունից հեռացնել Ադրբեջանի նկատմամբ, այսպես կոչված, «տարածքային պահանջները»։ Մամեդովը նշել է, որ դրանից հետո կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Դեսպանն ընդգծել է, որ այս գործընթացի վերջում, հայ-թուրքական սահմանների հետ մեկտեղ, կբացվեն նաև հայ-ադրբեջանական սահմանները։ Օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե հայ-թուրքական երկխոսությունն այնքան հասունացած է, որ ցանկացած պահի արդեն կարող է լինել նույնիսկ ամբողջական կարգավորում։

Մինչ ՀՀ իշխանությունները, այսպես կոչված, խաղաղության թեման դարձրել են իրենց նախընտրական քարոզարշավի գլխավոր թեմատիկա, Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը հերթական անգամ փաստում է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հայաստանի նկատմամբ կոշտ նախապայմանների և սինխրոնացված ճնշումների քաղաքականությունը։ Դիվանագիտական այս կոնցեպտը հստակ ցույց է տալիս, որ Անկարան և Բաքուն հրաժարվում են առաջնորդվել միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքով, ինչպիսին է երկկողմ հարաբերությունների հաստատումն առանց նախապայմանների։

Կարդացեք նաև

Փոխարենը, թուրք-ադրբեջանական տանդեմը սեփական օրակարգն առաջ մղելու համար օգտագործում է «փոխկապակցվածության» մարտավարությունը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն պայմանավորելով և պատանդ վերցնելով հայ-ադրբեջանական գործընթացներով։

Ուշագրավ է նաև, թե ինչպես է թուրք-ադրբեջանական դաշինքը միջամտում Հայաստանի ներքաղաքական և ինստիտուցիոնալ գործընթացներին՝ խախտելով պետությունների ներքին գործերին չմիջամտելու նորմը։ Սահմանների բացումը կոնկրետ ժամկետների և Հայաստանի Մայր օրենքի հետ կապելը դասական քաղաքական շանտաժի դրսևորում է։

Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է արտաքին հարկադրանքի միջոցով լեգիտիմացնել իր իսկ կողմից պարտադրվող օրակարգը՝ հայաստանյան գործընթացներն ու ընտրական փուլերը վերածելով սեփական պահանջների բավարարման գործիքի։ Սա նպատակ ունի առավելագույնս թուլացնել Հայաստանի բանակցային դիրքերն այսուհետ ևս՝ ստիպելով հայկական կողմին գնալ միակողմանի զիջումների՝ ինքնիշխանության հաշվին։

Ի վերջո, այս քաղաքականությունը բացահայտում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերաբերյալ Անկարայի և Բաքվի հռետորաբանության կեղծիքը։ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը և սահմանների բացումը ներկայացվում են ոչ թե՝ որպես տարածաշրջանային համագործակցության և վստահության մթնոլորտի ձևավորման սկիզբ, այլ՝ որպես Հայաստանի կամակատարության վերջնարդյունք։ Պայմանավորելով երկկողմ հարաբերությունները երրորդ կողմի (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) քմահաճույքներով՝ Թուրքիան հրաժարվում է տարածաշրջանում կառուցողական դերակատար լինելուց։

Արդյունքում, թուրք-ադրբեջանական տանդեմի որդեգրած այս մաքսիմալիստական ռազմավարությունը ոչ թե նպաստում է Հարավային Կովկասի ինտեգրմանն ու կայունությանը, այլ պահպանում է աշխարհաքաղաքական լարվածությունը՝ Հայաստանի շրջափակման վերացումն օգտագործելով՝ որպես մշտական քաղաքական ճնշման լծակ։

Աշխարհաքաղաքական այս բարդ համատեքստում ակնառու է դառնում ՀՀ գործող իշխանությունների արձագանքների ակնհայտ անհամաչափությունն ու երկակի ստանդարտների կիրառումը։ Այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը ծայրահեղ սուր և հանրային հակադարձմամբ է արձագանքում Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարություններին, ինչպես այսօր ՀՀ ԱԳ նախարարը կտրուկ ընդգծեց, թե ՌԴ-ից չէ, որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են՝ ցուցադրելով ընդգծված ինքնիշխան կեցվածք, թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի սպառնալիքների ու բացահայտ նախապայմանների հանդեպ դրսևորվում է լիակատար կրավորականություն։

Կամ երբեմն ԱԳ նախարարի մակարդակով լինում է մեղմ պատասխան, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է։ Հայաստանի իշխանությունները ոչ միայն համարժեք քաղաքական դիմադրություն չեն ցուցաբերում Սահմանադրության փոփոխության կամ այլ ինքնիշխան հարցերի վերաբերյալ Բաքվից ու Անկարայից պարտադրվող պահանջներին, այլև գործնականում քայլ առ քայլ կատարում են դրանք՝ միաժամանակ շարունակելով ողջունել «խաղաղության օրակարգը» և նույնիսկ հրապարակային շնորհակալություններ հայտնել Իլհամ Ալիևին։

Այս մոտեցումը ցույց է տալիս արտաքին քաղաքականության խոր դիսբալանսը, որտեղ զիջումներ կորզող թշնամական տանդեմի նկատմամբ կիրառվում է հանդուրժողական մարտավարություն, իսկ դաշնակիցների հետ հարաբերություններում ընտրվում է անհանդուրժողականության մարտավարական գիծը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031