«Երկու բռնապետ հանդիպում են մի պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու՝ մեր տարածքով և արժանապատվությամբ». Մենուա Սողոմոնյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանություններն արդեն սովոր են, որ ինչ կուզեն՝ կստորագրեն, և «կսղցնեն» ժողովրդի վրա:
«Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ բացահայտ է: Այս մարդիկ վաղուց թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա, որ ժամանակին ասում էին՝ մի բան լինի՝ կգանք, ձեզ այստեղ կհավաքենք, մինչև ձեր «դաբրոն» չստանանք՝ ոչ մի թուղթ չենք ստորագրի, հետո տեսան, որ կարողանում են մարսել այդ ամենը, դրա համար էլ կարիք չունեն մարդկանց հաշվետու լինել: Բռնապետությունը կարո՞ղ է հաշվետվողական լինել: Դա բռնապետություն է, և այդ բռնապետության պայմաններում մենք հաշվետվողականության մասին չենք կարող խոսել: Փաստորեն, երկու բռնապետ հանդիպել են աշխարհի հզորագույն տերություններից մեկի պոպուլիստ առաջնորդի հետ, որին ավելի շատ իր անձն է հետաքրքրում, քան իր երկրի առաքելությունը՝ միջազգային խաղաղություն, անվտանգություն ապահովելու հարցում: Այդ դեպքում ի՞նչ հաշվետվողականություն ենք ակնկալում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Այսօր՝ Երևանի ժամով 22:30-ին՝ տեղի կունենա Թրամփ-Փաշինյան, 23:20-ին՝ Թրամփ-Ալիև հանդիպում, իսկ 00:00-ին՝ եռակողմ հանդիպում: Մինչ հայկական կողմի ինֆորմացիոն վակուումի պայմաններում միջազգային լրահոսից ենք իմանում՝ ինչ է նախատեսվում ԱՄՆ-ում, Նիկոլ Փաշինյանն առավոտյան հերթական մեջբերումն արեց Սուրբ Գրքից. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ գրել էր, որ սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում. «Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը միանալու են ինձ Սպիտակ տանը պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար։ Միացյալ Նահանգները նաև երկկողմ պայմանագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ ստեղծելու և Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը լիովին բացահայտելու համար»:
Մենուա Սողոմոնյանը նկատեց՝ այս գործընթացը ոչ թե խաղաղության մասին է, այլ ԱՄՆ-ի կողմից Չինաստանին դիմակայելու, Իրանին մեկուսացնելու, Իրան-Ռուսաստան համագործակցությունը տորպեդահարելու մասին է. «Այդ ամենը տեղի է ունենում Հայաստանի վրայով: Իսկ խաղաղություն, բնականաբար, չի լինելու:
Նույն Թրամփը ժամանակին ասում էր՝ հենց գամ իշխանության՝ 24 ժամվա մեջ դադարեցնելու եմ ուկրաինական հակամարտությունը. 24 ամիս էլ կանցնի, բայց այդ հակամարտությունը չի դադարեցվի Թրամփի միջամտությամբ: Նախորդ պաշտոնավարման ժամանակ էլ Աբրահամյան համաձայնագրեր էր նախաձեռնում՝ հույս ունենալով, որ արաբական աշխարհին և Իսրայելին կհաշտեցնի, բայց տեսնում ենք՝ արաբական աշխարհի մի հատվածում ցեղասպանություն է տեղի ունենում: Այնպես որ, ցավոք, դառնում է այնպես, որ միայն մենք ենք վնաս կրում, մենք ենք վճարում՝ մեր տարածքով, մեր արժանապատվությամբ, ինքնիշխանությամբ, իսկ օգտվում են գրեթե բոլորը՝ բացի Հայաստանից: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, ո՞ւմ հետ խաղաղություն: Խաղաղություն Ալիևի՞ հետ:
Նա ինչ-որ ձևով պետք է ցույց տա, չէ՞, որ խաղաղություն է ուզում, ի՞նչ ձևով է ցույց տալիս՝ ասելով, որ պետք է ձեր Սահմանադրությո՞ւնը փոխեք, ձեր Անկախության հռչակագի՞րը վերացնեք, ասելով, որ սա իրենց պատմական հայրենի՞քն է, որ պետք է 300 հազար ադրբեջանցիներ գան, և դուք պետք է տեղավորե՞ք: Փաշինյանը միայն մի բան է այստեղից ստանում՝ իշխանություն, որ գա, ժողովրդին հերթական անգամ խաբի, ասի՝ ժողովուրդ, խաղաղություն եմ բերում: Այնինչ, ուզում է ևս մեկ անգամ խաղաղության օրակարգով ընտրվել և մարդկանց խաբել դրանով»:
Նա կարծում է, որ այսօր ԱՄՆ-ում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի. «Չպետք է միայն Թրամփի ասածների վրա հիմնվենք: Թրամփն իր ոճին համաձայն՝ չափազանցնում է ամեն ինչ: Այստեղ, դատելով միջազգային մամուլի արտահոսքերից, խաղաղության մտադրության մասին է խոսքը, որից մի քանի անգամ եղել է հակամարտության ընթացքում. ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են այդպիսի հուշագրեր, բայց մենք տեսել ենք, որ էլի եղել է պատերազմ:

Ի՞նչ է այստեղ շահում Ադրբեջանը. Ամենավտանգավոր հանգամանքներից մեկն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարվելու է: Արցախյան հակամարտությունն այլևս կդիտարկվի՝ որպես Ադրբեջանի ներքին գործ: Հեղինակավոր երեք երկրներն իրենք չեն որոշում կայացնում, որ լուծարվում է ՄԽ-ն, այլ դա արվում է ՀՀ դիմումի հիման վրա, ինչի արդյունքում արցախյան հակամարտությունը փակված է համարվում: Այսինքն՝ Հայաստանն ամբողջ աշխարհին ասում է՝ ես օքեյ եմ, որ արցախյան համակարտությունը, որը միջազգային կարգավիճակ ուներ, լուծում է ստանում այն բանից հետո, երբ Արցախի ժողովրդի նկատմամբ տեղի է ունենում էթնիկ զտում, ցեղասպանություն: Այսինքն՝ Հայաստանը հավանություն է տալիս այն արատավոր պրակտիկային, որ ժողովրդի ինքնորոշման իրավունք պարունակող հակամարտությունը կարելի է լուծել զենքի սպառնալիքի տակ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



