Ստալինի և Չորեքչյանի նամակագրությունն ու համագործակցությունը 2-րդ աշխարհամարտի շրջանում
Կրոնի և եկեղեցու դեմ պայքարում խորհրդային պետությունը չէր խնայում ոչինչ։ 1920-ական թվականներին բռնագրավվեց եկեղեցու գույքը, իսկ քահանաները սկսեցին բռնության ենթարկվել։ Հայոց եկեղեցու դեմ սովետական պետության հարձակումները մեծ թափ ստացան, մասնավորապես, Իոսիֆ Ստալինի օրոք։ Արդեն իսկ 1938 թվականին փակվում է Էջմիածնի կաթողիկոսարանը։ Կաթողիկոսարանի փակումը տեղի է ունենում Խորեն Ա Մուրադբեկյանի սպանությունից հետո, ում խեղդամահ են անում Վեհարանի իր բնակարանում։ Մուրադբեկյանը կենդանության օրոք ակտիվ պայքար էր մղում փակվող եկեղեցիների դեմ։ Նա բարձրաձայնում էր և դատապարտում խորհրդային իշխանությունների կատարած սպանությունները։ Մուրադբեկյանի մահից և կաթողիկոսարանի փակումից հետո Հայոց եկեղեցու գործերի ղեկավարումը ստանձնում է Գևորգ Զ Չորեքչյանը։ Նա 1941 թվականին ընտրվում է՝ որպես կաթողիկոսական տեղապահ։
Երկրորդ համաշխարհային և Հայրենական պատերազմի շրջանում զգալի փոխվեց խորհրդային իշխանությունների և Ստալինի վերաբերմունքը Հայոց եկեղեցու հետ կապված հարցերում։ Այդ շրջանում տրամաբանական էր, որ ամեն ինչ պետք է անեին, որպեսզի ժողովուրդների դեմ ճնշումներ չլինեն, և այդկերպ կարողանան ավելի միասնական լինել և ավելի մեծ ուժերով պայքար մղել թշնամիների դեմ։ Այդ վերաբերմունքի փոփոխությունը փոխադարձ էր, քանի որ եկեղեցին էլ իր հերթին՝ փորձում էր ամեն կերպ օգնել պետությանն ու ժողովրդին պատերազմական շրջանում։ Գևորգ Արքեպիսկոպոս Չորեքչյանը պատերազմի շրջանում Խորհրդային Հայաստանում և սփյուռքում կազմակերպեց հանգանակություն։ Մեծ գումարներ տրամադրեց նաև Էջմիածինը, և արդյունքում ստեղծվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը։ Կա պահպանված մի բացառիկ դիմում-նամակ, որը Չորեքչյանի կողմից ուղղված էր Իոսիֆ Ստալինին.
«Ազգընտիր տեղակալ Ամենայն Հայոց Հայրապետության և Էջմիածնի գերագույն հոգևոր խորհրդի նախագահ Գևորգ Արքեպիսկոպոս Չորեքչյանի հեռագիրը Ի.Վ.Ստալինին` Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ ռազմաճակատին օգնելու` «Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն կազմելու մասին
Անթվակիր
Մոսկվա, Կրեմլ
Իոսիֆ Վիսսարիոնովիչ Ստալինին
Մեծարգո Իոսիֆ Վիսսարիոնովիչ, Ձեր հանճարեղ ղեկավարությամբ և Աստծո ողորմածությամբ` կարմիր բանակը հաղթականորեն ջախջախում է արյունռուշտ և ատելի թշնամուն, վտարելով նրան մեր սրբազան հողից։
Կարմիր բանակի շարքերում ՍՍՌՄ մյուս ժողովուրդների հետ միասին` հերոսաբար մարտնչում են մեր հայրենիքի թշնամիների դեմ նաև հայ ժողովրդի զավակները` կատարելով իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։
Աղոթում եմ Ամենաբարձրյալին սովետական զենքի հաղթության համար. Այլև կարմիր բանակի ևս առավել զորացրման ու թշնամու վախճանական ջախջախումն արագացնելու նպատակով` Էջմիածինը Սասունցի Դավթի անվամբ տանկային շարասյուն կառուցանելու ֆոնդին նվիրաբերում է թանկարժեք իրեր` ավելի քան ութ հարյուր հազար ռուբլի արժողությամբ, և հազար անգղիական ֆունտ ստերլինգ և հիսուն հազար ռուբլի։
Այլև խնդրում եմ Ձեր տնօրինությունը ՍՍՌՄ պետական բանկում հատուկ հաշիվ բանալու մասին։
Միաժամանակ հատուկ կոնդակով դիմում եմ աշխարհի բոլոր հավատացյալ հայերին, որ իրենց խնայողություններով մասնակցեն Սասունցի Դավթի անվամբ տանկային շարասյան կառուցմանը։ Կատարելապես հավատացած եմ, որ` թե՛ տեղական, և թե՛ արտասահմանյան հայությունը կարձագանքի մեր հովվական կոչին, ինչպես արձագանքեց պատերազմի սկզբին մեր կոնդակին` կազմակերպելով հայ բոլոր գաղութներում կարմիր բանակին և տուժած բնակչության օգնելու կոմիտեներ, որոնք հանգանակեցին և ուղարկեցին ավելի քան 65.000 դոլլար ու ներկայումս շարունակում են իրենց գործունեությունը։
Թանկագին Իոսիվ Վիսսարիոնովիչ, ընդունեցեք մեր օրհնությունը և հավատացյալ հայ ժողովրդի ու հոգևորականության ողջույնը։
Ազգընտիր տեղակալ Ամենայն Հայոց Հայրապետության` Գ.Ա.Չ.
Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյան»։ («Էջմիածին» պաշտոնական ամսագիր Հայրապետական աթոռոց, 1944 թվական, հունվար, համար առաջին)։
Չորեքչյանի նամակն անպատասխան չի մնում։ Նրա նամակին պատասխան հեռագիր է ուղարկում Ստալինը, ով զարմանալիորեն ողջունում է հավատացյալ հայերին և ընդգծում, որ Չորեքչյանի խնդրանքը արդեն իսկ կյանքի է կոչվում։
«ՍՍՌՄ Ժողկոմսովետի նախագահ Ի.Վ.Ստալինի պատասխան-հեռագիրը
Ի պատասխան Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղակալ Տ.Գևորգ արքեպիսկոպոսի հեռագրի 1943 թ. հունվարի 26-ին ստացված է ՍՍՌՄ ժողկոմսովետի նախագահ Ի.Վ.Ստալինի հետևյալ հեռագիրը-
Էջմիածին
Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղակալ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին
Խնդրում եմ` իմ ողջույնը և Կարմիր Բանակի շնորհակալությունը հայտնել հավատացյալ հայերին ու Էջմիածնի կաթողիկոսարանի հոգևորականությանը, որը միջոցներ է մուծել «Սասունցի Դավթի» անվան տանկային շարասյունը կառուցելու համար։
ՍՍՌՄ Պետբանկում հատուկ հաշիվ բանալու համար ցուցում է տրված։
Ի.Ստալին»։ (Նույն տեղում)։
Չորեքչյան-Ստալին համագործակցության արդյունքը եղավ այն, որ ստեղծվեց տանկային շարասյունը, այն մարտերի մասնակցեց Մերձբալթյան առաջին ռազմաճակատի 6-րդ գվարդիական բանակի կազմում։ Շարասյունը մասնակցեց Վիտեբսկի և Պոլոցկի ազատագրմանը։ Տանկային շարասյունը մասնակցեց մի շարք այլ կարևոր գործողությունների ևս։ Արդյունքում այն պարգևատրվեց Կարմիր դրոշով, իսկ տանկային շարասյան կազմում գտնվող մի շարք հայ մարտիկներ ստացան շքանշաններ և մեդալներ։
Հատկանշական է, որ պատերազմի դաշտում Չորեքչյան-Ստալին համագործակցության հաջող ընթացքից հետո Հայոց եկեղեցու ազգընտիր տեղակալը հատուկ նամակ է ուղարկում Ստալինին, որում խնդրում է թույլ տալ վերականգնել Էջմիածինը։ 11 կետից բաղկացած նամակ-խնդրանքն ուղարկվում է 1945 թվականի ապրիլին։ 1945 թվականի հունիսին Մայր Աթոռում հրավիրված ազգային-եկեղեցական ժողովում Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվում Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը։
Զ. Շուշեցի