Այս կառավարությունը Հայաստանը ներքաշում է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հակամարտության մեջ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ստամբուլում, Աբու Դաբիում և այսօր արդեն Բրյուսելում տեղի ունեցող հանդիպումներն ու բանակցությունները համարում է նույն շղթայի տարբեր օղակներ։ 168am-ի հետ զրույցում նա մտահոգությամբ արձանագրեց, որ այդ հանդիպումների հետևանքով ոչ հեռու ապագայում Հայաստանը առերեսվելու է սեփական տարածքով թուրքական ճանապարհ, ադրբեջանցի բնակիչներ ունենալու խնդրի հետ։

«Ակնհայտ է, որ այս կառավարությունը, ի շահ թուրք-ադրբեջանական դաշինքի, Հայաստանը ներքաշում է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հակամարտության մեջ՝ սպասարկելով նաև արևմտյան շահերը,- մանրամասնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ սա այն խաղաղ ճանապարհն է, որը տանում է երկրի կործանմանը,- Այս հանդիպումները նույն գործընթացի զարգացումներն են, տեխնիկական հատվածների հստակեցումներն ու համաձայնություններն են»։

Վերադառանալով հատկապես այսօր Բրյուսելում կայացած հանդիպումներին և հստակեցմանը, որ գործընթացը փաստորեն տեղի է ունենում Եվրոպայի հովանու ներքո՞, քաղաքագետը շեշտեց, որ Եվրոպան այս իրավիճակում ոչ միայն խաղացող է, այլև ամերիկյան շահերի սպասարկող օպերատորն է մեր տարածաշրջանում։

«Սա մի մեծ պրոցես է, որի նախաձեռնողն ու հիմնական քարոզիչը թուրք-ադրբեջանական դաշինքն է։ Վերջիններս լիարժեք վայելում են բիրտանա-ամերիկյան կողմի աջակցությունը․ վերջին շրջանում Բրիտանիայում Լորդերի պալատում տեղի ունեցած քննարկումները դրա վառ ապացույցն են (այսպես կոչված միջին միջանցքի մասին իրենց մոտեցումները)։ Եվրոպան էլ կդառնա օպերատոր, կամ եթե ստացվի, կփորձի իր համար դիվիդենտներ ստանալ։

Կարդացեք նաև

Բայց միայն այդ հանդիպումները չեն, որ այդ շղթայի օղակներն են․ այդ շղթայի մասն են նաև ՀՀ ներսում ազգային ուժերի հետապնդումները, ձերբակալություններն ու կալանավորումը»,- պարզաբանեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ամեն դեպքում այս օրակարգերին հակազդելու պոտենցիալը, ըստ քաղաքագետի՝ առկա է, թեև մինչ այս պահը չկա այդ պոտենցիալը կազմակերպելու ճիշտ մարտավարությունը։

«Ես գիտեմ՝ հանրությունը դեմ է այդ պրոցեսներին, սակայն կազմակերպվածության լուրջ խնդիր կա․ ընդդիմությունը չի կարողանում համատեղ հանդես գալ, ամեն մեկը փորձում է սեփական օրակարգը առաջ քաշել, որի դեպքում պայքարի արդյունավետությունը կասկածելի է»,- նկատեց նա՝ հիշեցնելով, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին, հայ էլիտաները, գործարարները, ընդդիմադիր շրջանակները առանձին են պայքարում։ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով պայքարի նոր օջախ է հավակնում դառնալ նաև Սամվել Կարապետյանի հայտարարած նոր ուժը։

Հարցին՝ իսկ Ռուսաստանն ու Իրանը կարո՞ղ են տարածաշրջանում ուժերը բալանսավորել, հակազդել կանխատեսվող օրակարգերին, քաղաքագետը պատասխանեց․

«Վստահ եմ՝ ունեն այդ պոտենցիալը, Ռուսաստանը՝ շատ ավելի շատ, քան Իրանը,  սակայն այսօր երկուսն էլ առաջնահերթություն են տալիս այլ տարածաշրջաններում իրենց դիրքերի պահպանմանը։  Ընդհանուր առմամբ, ի վիճակի են, բայց դրանով դեռևս հստակ չեն զբաղվում։ Կան որոշակի նշաններ ՌԴ-ում․ հատկապես Ադրբեջանի հետ հակամարտության դրսևորումներն այդ մասին են վկայում, սակայն դեռևս պարզ չէ՝ ՌԴ-ն որքան հետևողական կլինի իր այդ դիմադրության մեջ։ Չեմ բացառում՝ նորից ինչ-որ պահի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, որոնք հետագայում ավելի են բարդացնելու ՌԴ դրությունը մեր տարածաշրջանում»։

Տեսանյութեր

Լրահոս