Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի բացահայտում Երևանին ու Բաքվին արված առաջարկի մասին լուրերը

Երևան-Բաքու բանակցային գործընթացում ԱՄՆ ստվերային դերակատարության ու մասնակցության մասին խոսակցությունները չեն դադարում։ Սակայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունների ֆոնին դեռ լիովին հասկանալի չէ, թե ինչպիսի տեսք ունի ԱՄՆ դերակատարությունը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի վերաբերյալ Երևանին ու Բաքվին Վաշինգտոնի առաջարկի մասին Carnegie Politika-ում տեղ գտած հրապարակումները:

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստող ջանքերին: Մամուլի հրապարակումների վերաբերյալ տեղեկություն չունենք հաղորդելու»,- «Ազատությանը» հայտնել է Պետքարտուղարության խոսնակը:

Ավելի վաղ «Քարնեգի»-ում վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, դիվանագիտական աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման առաջարկ է արել:

Կարդացեք նաև

Խոսքը ճանապարհի կառավարումը օտարերկրյա, մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։ Համաձայն «Քարնեգի»-ի հրապարակման՝ «Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի՝ համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում»:

Նախօրեին փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը:

Այսօր էլ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը նշեց, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին։

«Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումը խոսուն է ինքնին։ Նրա դիտարկումները կառավարության նիստում ցույց են տալիս, որ սա այն վարչակազմն է, որը աշխատում է խաղաղության համար։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է, և կգնան այնտեղ, որտեղ պետք է։ Այս դիրքորոշումը չի թուլացել, որովհետև «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հիմնական հանձնառությունն ընդգրկում է նաև, իհարկե, աշխարհում մեր շուրջն իրավիճակի բարելավումը»,- նշել է Բրյուսը։

Օրերս էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է հայտարարել, թե ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի:

Ուշագրավ է, որ բանակցություններից լիովին դուրս մղված կարգավիճակում ռուս դիվանագետները շարունակում են իրենց միջնորդական «ծառայություններն» առաջարկել կողմերին։

«Իզվեստիա»-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հիմնական ուղղություններն ուրվագծվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում։

«Մենք կարծում ենք, որ սրանք այն ուղղություններն են, որոնցով մենք պետք է շարժվենք՝ խաղաղության պայմանագրի պատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում հետագա սահմանազատմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։ Եվ, իհարկե, ռուսական կողմը՝ որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել նպաստել դրանց իրականացմանը։ Բնականաբար, այնպիսի ձևով, որը հարմար կլինի երկու կողմերի համար»,- նշել է Գալուզինը։

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ կողմերի ցանկությամբ Ռուսաստանը չկա այս գործընթացում։ Սակայն, ըստ նրա, ՌԴ-ից այս օրերին հնչող հայտարարությունները հասկանալի են, ՌԴ-ն աջակցում է երկխոսությանը և կողմերի միջև կոնսենսուսի ձևավորմանը, եթե դա հնարավոր է առանց Ռուսաստանի ու այլ միջնորդ երկրների։

«Բայց Ռուսաստանը նաև պատրաստակամություն է հայտնում նպաստել գործընթացին՝ հասկանալով, որ այն հեշտ չէ ու գուցե բարդություններ առաջանան։ Քիչ հավանական է, որ ներկայումս կողմերից որևէ մեկը կընդունի դիվանագիտական այս ժեստը, այնուամենայնիվ, դա արվում է։ Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ կողմերը բանակցեցին Միացյալ Էմիրություններում, այդ հանդիպումից ակնկալիքները շատ էին, չէ՞ որ համաձայնագիրը համաձայնեցվել է դեռևս ամիսներ առաջ, սակայն տարածված հաղորդագրությունն առաջընթացի մասին որևէ ակնարկ չի պարունակում և թույլ է տալիս ենթադրել, որ բանակցությունները դեռ երկար կշարունակվեն»,- 168.am-ին ասաց նա։

Եվսեևն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կողմերն ամրագրել են, որ կաշխատեն վստահության ամրապնդման ուղղությամբ։

«Քանի որ արդեն պատրաստ համաձայնագիրը չի ստորագրվում, քանի որ կան այլ խնդիրներ, պետք է ժամանակը լցնել վստահության ամրապնդման միջոցառումներով։ Իհարկե, դա շատ լավ է, երբ կա ցանկություն ձևավորել վստահություն, սակայն վստահությունը սկսվում է հայտարարություններից, գործընթացից, իսկ գործընթացն այդպիսին չէ»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Եվսեևը գտնում է, որ ԱՄՆըն գործընթացին աջակցում է ոչ ինտենսիվ։ Ըստ նրա, ամերիկյան քայլերը, այս դեպքում՝ հայտարարությունները, ավելի մեծ ռեզոնանս են ստանում ոչ թե ինտենսիվ ջանքերի, այլ ՌԴ-ի կողմից ջանքերի բացակայության, ռուս-ադրբեջանական և հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների պատճառով։

Ըստ նրա, ԱՄՆ-ի այդ դիրքավորումը պատահական չէ և պայմանավորված է աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ ներկայիս իրողություններով։

«Մենք չենք տեսնում ԱՄՆ-ի կողմից հստակ նախաձեռնություններ, գուցե կան շփումներ, ցանկություն, որպեսզի կողմերը համաձայնության հասնեն։ Կա նաև ՀՀ ցանկությունը, որպեսզի ԱՄՆ-ը ավելի մեծ դերակատարություն ունենա, հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ ԱՄՆ-ը չի հաստատում, թե կա հստակ ամերիկյան առաջարկ, քանի որ այն վերջնականապես համաձայնեցված չէ, ինչպես նաև կան դրա հետ կապված այլ հարցեր, այն պետք է ընդունելի լինի բոլորի համար։

Թրամփի վարչակազմն Ուկրաինայում խաղաղության նպատակին չհասնելուց հետո բոլոր հակամարտություններում փորձում է խաղաղություն «փնտրել», որպեսզի ապացուցի, որ նպաստում է խաղաղությանը»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս