
Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն՝ անդրադառնալով հուլիսի 10-ին Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։
«Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը»,-նշել է ռուս դիվանագետը՝ հավելելով, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղությանը հասնելու հիմնական ուղղություններն ուրվագծած են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերում։
Գալուզինի կարծիքով՝ անհրաժեշտ է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատման ուղղություններով։
«Եվ, իհարկե, ռուսական կողմը` որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել նպաստել դրանց իրականացմանը, բնականաբար, երկու կողմերի համար հարմար ձևով»,-նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն Փաշինյան-Ալիև հանդիպման մասին հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված էր․ «2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:
Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները: