ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ. ՉԵՆ ԱՇԽԱՏԻ. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ դրեց նախագիծ, որով սահմանվում էին բուժաշխատողների աշխատավարձերը։ Արդյունքը՝ լիակատար խառնաշփոթ համակարգում․ 5%՝ անեսթեզիոլոգին, 30%՝ վիրաբույժին, և այլն։
Այս ուշագրավ իրավիճակի մասին 168YV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
«Բժիշկները շատ արագ հասկացան, որ իրենց աշխատանքը պետության կողմից գնահատվում է կոպեկներով։
Օրինակներ՝ մաքուր թվերով.
- Վիրաբուժական դեպք – ապենդէկտոմիա. Վիրաբույժ – 39 639.6 դրամ Անեսթեզիոլոգ – 7 207 դրամ
- Թերապևտիկ ծառայություն – բարդացած թոքաբորբի կոնսերվատիվ բուժում Ավագ բուժանձնակազմ – 20 212 դրամ»,- իրավիճակը ներկայացրեց առողջապահության ոլորտի փորձագետը:
Վերջինս հավելեց՝ որոշ հիվանդանոցներում անգամ հասցրել են վճարել «ապահովագրական առաջին աշխատավարձը», ինչը տեղում դարձել է աղմուկի և լարվածության պատճառ։
«Մի շարք բժշկական կենտրոններում բժիշկները պարզապես շոկի մեջ են եղել։ Արդյունքը լիովին կանխատեսելի էր։ Գլխավոր մասնագետները, որոնք ամիսներ շարունակ գովերգում էին այս «աննախադեպ ռեֆորմը», այսօր հայտարարում են, որ այս պայմաններով աշխատել չեն կարող։

Բժիշկները տարակուսած են մոտ երեք անգամ նվազած աշխատավարձերից։ Բուժքույրերն ու մայրապետերը դեռ սպասում են նախարարի խոստացած, բայց օդում կախված մնացած բոնուսներին։ Ասոցիացիաները նամակներով սկսեցին դիմել նախարարին՝ խնդրելով վերանայել սահմանված գումարները։
Եվ ահա, նախարարը, իր «ֆլորիստական տաղանդը» ցուցադրելով, հայտնեց սիրելի բժիշկներին այդ «բարի լուրը»․ վիրաբույժների և մանկաբարձների տոկոսը բարձրացվել է 5 տոկոսով, իսկ անեսթեզիոլոգներինը՝ ընդամենը 3 տոկոսով»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:



