«Մինչև 2018 թվականը ինտերնետ շահումով խաղերի ոլոտում կար մոտ 8-10 ընկերություն, 2018 թվականից հետո մնացել է 4 ընկերություն, որից դոմինանտ է 3-ը։ Այս ընկերությունների մասով 2018 թվականից մինչև այսօր ունենք 2037 տոկոսով ինտերնետ շահումով խաղերի խաղադրույքների աճ։ Այս ամեն ինչը սկսվել է 2018 թվականից»,- ասաց Միքայելյանը։
«Իշխանությունները ևս վերջին 6 տարիների ընթացքում շատ են խոսել այս խնդրի մասին, իսկ ի՞նչ է փոխվել իրականում։ Ինտերնետ շահումով խաղերի ոլորտում 2018-2024 թվականների ընթացքում ունեցել ենք 2034 տոկոսով աճ։ Սա՝ առավել առարկայական․ 2024 թվականին ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքները կազմել են 7,13 տրիլիոն դրամ: Ու այս ամենը մի երկրում, որտեղ մարդկանց մեծ մասը դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում, երբ վերջին 6 տարիներին տեսել ենք պատերազմ, ունեցել ենք հայրենիքի կորուստ ու տեղահանված հայրենակիցներ»։
Նկատելի են կոռուպցիոն ռիսկեր․ օրինակ, ոլորտում կա իշխանության ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցող գործարար, ում ազդեցությունն օր օրի մեծանում է։ 2018-ից սկսած՝ նրա բուքմեյքերական ընկերությանը, ի թիվս այլ բաների՝ ավելացավ սպորտային հեռուստաընկերություն և բանկ՝ միահյուսելով իր բիզնես շահերը և ժողովրդին գցելով այդ անվերջ սպորտ-խաղադրույք-վարկ օղակի մեջ։ Սա մի համակարգ է, որը խրախուսում է խաղամոլությունը՝ վնաս հասցնելով հարյուր-հազարավոր ընտանիքների։
2018թ․ իշխանության գալուց/իշխանությունը զավթելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ չի դավանում որևէ «իզմ»-ի։ Դա ճիշտ էր միայն դասական քաղաքականության իմաստով․ նրա իշխանության 6 տարիները ցույց տվեցին, որ իսկապես չի դավանում քաղաքական որևէ սկզբունքի, գաղափարախոսության, և պետական քաղաքականությունն իրականացնում է՝ ըստ իրավիճակի, հանգամանքների՝ այդ ճանապարհին չունենալով որևէ արգելակ։
Խաղային կախվածությունը նույն հակումն է, ինչ թմրամոլությունը կամ ալկոհոլիզմը, միայն խաղային պրոցեսն է դառնում կախվածության առարկա։ Երիտասարդներն ու դեռահասները ավելի հակված են այս կախվածությանը: Դրամախաղից կախվածություն ունեցող հիվանդները հաճախ ունենում են սոցիալական վտանգի և ինքնավնասման բարձր ռիսկ, ուստի նրանց վիճակը պահանջում է ստացիոնար բուժում, «Գազետա.Ru»-ին ասել է բժիշկ, հոգեբան Դարիա Սերեբրյակովան:
Տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» օրենքում և արգելեց հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող շահումով խաղերի գովազդը։ Տոտալիզատորների գովազդը թույլատրվեց միայն սահմանափակ տարածքներում։ Ականջահաճո ձևակերպումներ էին տալիս, իբրև թե հասարակությանը այդպիսով հեռու են պահում խաղամոլությունից:
Ոլորտի փորձագետի կարծիքով՝ պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար պետք է այս օրենքները հետ կանչի ու լսի փորձագետներին, տնտեսագետներին, իրավաբաններին, ոլորտի մասնագետներին, միջազգային լավագույն փորձն ուսումնասիրեն, ոչ թե կազմակերպի ձևական հանրային լսումներ, կեղծ ցուցանիշներ ներկայացնելով՝ PR-վի ու օրենքներ ընդունի, որոնք նոր աղետների առջև են կանգնեցնելու և երկիրը, և քաղաքացուն: Այսօր Հայաստանում լուրջ փորձագետներ կան, որոնք կարող են ասել՝ ինչպես է հնարավոր շուկան դարձնել վերահսկելի: