Որևէ մեկը համաձա՞յն է, որ մեր էլեկտրաէներգիայի ռուբիլնիկը լինի Ադրբեջանում. Հայկ Մամիջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանը խոսեց TRIPP-ի ադրբեջանական հետքից։

«Հայաստան են այցելել ամերիկյան ինժեներական կազմակերպության ներկայացուցիչներ: Իսկ այս կազմակերպության մեջ կա ադրբեջանական հետք: Փաստացի ունենք իրողություն՝ Հայաստանում TRIPP-ի իրագործումը դեռ սաղմնային փուլում անում է մի կազմակերպություն, որը պայմանագիր ունի ադրբեջանական պետական նավթային հիմնադրամի հետ: Նույնիսկ, եթե ամերիկյան 74%-ը չփոխանցվի Ադրբեջանին, ակնհայտ է, որ այս պահին ադրբեջանական կապիտալը ներգրավված է TRIPP-ի աշխատանքներում:

Ադրբեջանը փայ է ունենալու TRIPP-ի մեջ: TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանակներում: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ռազմավարական գործընկերության պայմանագրեր է կնքել ամերիկյան խոշորագույն ներդրումային հիմնադրամների՝ Brookfield Asset Management-ի, BlackRock-ի և GIP-ի հետ: Ենթադրվում է համագործակցություն, այդ թվում՝ նաև ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ ոլորտներում: Ո՞րն է երաշխիքը, որ հենց այս խողովակով Ադրբեջանն իր մասնաբաժինը չի ստանա TRIPP կառուցապատման իրավունք ստացող ընկերության ամերիկյան բաժնեմասի 74%-ի մեջ»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ GIP-ն օգնում է Ադրբեջանին կառավարել իր օդանավակայաններն ու լոգիստիկան: Brookfield-ն օգնում է Թուրքիայի և Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի ոլորտին։

Նշենք, որ Brookfield Asset Management-ը, BlackRock-ը և GIP-ը համաշխարհային ֆինանսական շուկայի «հսկաներ» են, յուրաքանչյուրն ունի իր մասնագիտացումը։ Վերջերս BlackRock-ը ձեռք բերեց GIP-ը, ինչը մեծ իրադարձություն էր ներդրումային աշխարհում։ Այս ընկերություններն այնքան մեծ ազդեցություն ունեն, որ նրանց հաճախ անվանում են «ստվերային բանկեր», քանի որ նրանք ավելի շատ գումար են տնօրինում, քան աշխարհի խոշորագույն բանկերից շատերը։ Այս երեք ընկերություններն էլ վերջին շրջանում, հատկապես՝ 2024-2026 թվականներին, դարձել են Ադրբեջանի տնտեսական ռազմավարության առանցքային գործընկերները։ Թուրքիայի պարագայում կապն ավելի շատ արտահայտված է էներգետիկ և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի միջոցով։

SOFAZ-ի հետ գործարքները (2025-2026թթ)։ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) Դավոսում պաշտոնական համաձայնագրեր է ստորագրել BlackRock-ի, GIP-ի և Brookfield-ի հետ։

BlackRock և GIP: Ադրբեջանը նախատեսում է մինչև 1.5 միլիարդ դոլար ներդնել GIP-ի (որը պատկանում է BlackRock-ին) կառավարման տակ գտնվող ֆոնդերում։ Սա ներառում է ներդրումներ տվյալների մշակման կենտրոններում (Data Centers), արհեստական բանականության ենթակառուցվածքներում և օդանավակայանների կառավարման մեջ։

Brookfield: SOFAZ-ը և Brookfield-ը ստորագրել են համաձայնագիր մինչև 1.4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են վերականգնվող էներգետիկային և «կանաչ» անցմանը։ 

BlackRock-ը և GIP-ը մեծ հետաքրքրություն ունեն տրանսպորտային այն միջանցքների հանդեպ, որոնք Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը կապում են Թուրքիայի ու Եվրոպայի հետ։

Քանի որ Brookfield-ը և GIP-ը մասնագիտացած են խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի մեջ, նրանք հաճախ հանդես են գալիս՝ որպես ներդրողներ կամ կառավարողներ այն նախագծերում, որոնք ապահովում են Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը կամ գազի տարանցումը։

BlackRock-ը, լինելով աշխարհի ամենամեծ ներդրողը, բաժնետոմսեր ունի թուրքական բազմաթիվ խոշոր ընկերություններում և բանկերում, որոնք ներգրավված են շինարարության և էներգետիկայի մեջ։ BlackRock-ը հանդիսանում է որպես «երաշխավոր», որ այս երկրների տնտեսական նախագծերը համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Այս 3 ընկերությունները հանդիսանում են այն կամուրջը, որով Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական հավակնությունները միանում են արևմտյան կապիտալին։ 

«Որևէ մեկը համաձա՞յն է, որ մեր էլեկտրաէներգիայի ռուբիլնիկը միանա Ադրբեջանին: Իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց՝ Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերը պետք է միավորվեն»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս