ԱՄՆ պետքարտուղարը մտահոգիչ է համարում Նավալնիին թունավորելու մասին տեղեկությունները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտահոգիչ է անվանել հինգ եվրոպական երկրների զեկույցն այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է ռուսական իշխանությունների կողմից հատուկ թույնի կիրառմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Մենք տեղյակ ենք զեկույցից։ Դա անհանգստացնող զեկույց է։ Մենք տեղյակ ենք պարոն Նավալնիի դեպքի մասին և, անշուշտ… որևէ պատճառ չունենք այն կասկածի տակ դնելու», – ասել է Ռուբիոն լրագրողներին Սլովակիա կատարած այցի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հինգ երկրներ` Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է բանտում հատուկ թույնի կիրառմամբ, ինչը Ռուսաստանի կողմից քիմիական զենքի մասին Կոնվենցիայի խախտում է։ Մի քանի անկախ լաբորատորիա Նավալնիի ընտանիքի կողմից դուրս բերված նմուշներում հայտնաբերել է էպիբատիդին՝ հարավամերիկյան Epipedobates tricolor գորտի մաշկից ստացվող խիստ թունավոր նյութ: Էպիբատիդինը նեյրոտոքսին է, որն ազդում է նիկոտինային ու մուսկարինային ացետիլխոլինային ռեցեպտորների վրա: Այս ռեցեպտորները ներգրավված են ցավի փոխանցման, ինչպես նաև շարժման ու այլ ֆունկցիաների մեջ: Էպիբատիդինը առաջացնում է ամբողջ մարմի զգայունության կորուստ, որը կարող է արագորեն զարգանալ մինչև լիակատար կաթվածահարություն ու շնչառության դադարեցում։
Ռուսաստանի կառավարությունը այս մեղադրանքները որակել է որպես «արևմտյան քարոզչական սուտ»։
Նավալնին մահացել էր բանտում 2024 թվականի փետրվարին։



