Վրաստանում 1.3 միլիոն մարդ իրեն աղքատ է համարում
Վրաստանում մեկ տարվա ընթացքում աղքատության շեմից ցածր գտնվող բնակչության թիվն աճել է 2%-ով, միաժամանակ 2,7%-ով ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, թե աղքատ են և օգնության կարիք ունեն: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ավելի կոնկրետ, Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով, 2026 թվականի հունվարի դրությամբ նպաստ էր ստանում ընդհանուր առմամբ 710.226 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նպաստառուների թիվը կազմում էր 696.359:
Ընթացիկ տարվա հունվարի դրությամբ Սոցիալական ծառայությունների գործակալության բազայում գրանցվածների թիվը, այսինքն՝ նրանց, ովքեր համարում են, որ աղքատ են և օգնության կարիք ունեն, կազմում է 1 մլն 309.303:
2025 թվականի հունվարին նման մարդկանց թիվը կազմում էր 1 մլն 275.118:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանում այս պահին բնակվում է 3 մլն 704.500 մարդ: Հետևաբար ստացվում է, որ Վրաստանում յուրաքանչյուր 3-րդ մարդն իրեն աղքատ է համարում, իսկ յուրաքանչյուր 5-րդը ստանում է նպաստ:



