Բաժիններ՝

Թբիլիսիում ձերբակալել են 14 տարին չլրացած աղջիկներին ինտիմ հաղորդագրություններ ուղարկած տղամարդու

Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերով գլխավոր վարչության աշխատակիցները 14 տարին չլրացած երկու աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալել են 1994 թվականին ծնված Ս.Չ.-ին, հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը սոցիալական ցանցերից մեկով կապ է հաստատել 2015 և 2017 թվականներին ծնված անչափահաս աղջիկների հետ և նրանց ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկել:

Հաղորդակցության ընթացքում նա աղջիկներին ուղարկել է իր լուսանկարն ու ինտիմ բնույթի տեսանյութեր, իսկ որպես պատասխան՝ պահանջել իրեն ուղարկել նույնաբնույթ լուսանկարներ և տեսանյութեր:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում անչափահասների գործերով գլխավոր վարչության աշխատակիցները միջադեպից կարճ ժամանակ անց պարզել են հանցագործի ինքնությունը և ձերբակալել նրան:

Որպես իրեղեն ապացույց առգրավվել է մեղադրյալի բջջային հեռախոսը, որով նա սոցցանցում հաղորդակցվել է աղջիկների հետ:

«Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 12 տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս