Գինի՞, սթրե՞ս, ժառանգականությո՞ւն, թե՞ հորմոններ․ ի՞նչն է միգրեն առաջացնում
Միգրենը գլխացավ է, որը կարող է առաջացնել ուժեղ պուլսացվող ցավեր կամ պուլսացիայի զգացողություն, որոնք սովորաբար ի հայտ են գալիս գլխի մի կողմում: Հիվանդության զարգացման պատճառների, բուժման եղանակների մասին զրուցել ենք «Տոնոյան» ԲԿ նյարդաբան Արև Ղարիբյանի հետ։
– Հաճախ ենք լսում «Ես միգրեն ունեմ» արտահայտությունը, որը կապում են ուժեղ գլխացավերի հետ։ Ամեն ուժեղ գլխացավ կապ ունի՞ միգրենի հետ։
– Միգրենն ուղղակի գլխացավ չէ, այն նյարդային համակարգի հիվանդություն է, որն արտահայտվում է գլխացավերով, ուղեկցվող լուսավախությամբ, ձայների հանդեպ անտանելիությամբ, սրտխառնոցով, փսխումով։ Կարող է տևել ժամեր, նույնիսկ օրեր։
Գլխացավը կարող է լինել միակողմանի, այսինքն, ցավի գլխի աջ կամ ձախ կեսը։ Երբեմն տեղակայումը կարող է փոխվել։ Կյանքին վտանգ չի սպառնում միգրենի պատճառով, բայց իջեցնում է մարդկանց աշխատունակությունը և կյանքի որակը։ Դրա համար կարևոր է ճիշտ ախտորոշել, ճիշտ բուժում կազմակերպել։

– Միգրենն ունի՞ տեսակներ։
– Այո։ Օրինակ, էպիզոդիկ միգրենն արտահայտվում է ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ գլխացավերով, իսկ քրոնիկական միգրենի դեպքում գլխացավ կարող է լինել 15, 20, նույնիսկ ամեն օր։
– Միգրենի դեպքում կան նախանշաններ, որո՞նք են դրանք։
– Բուժառուն սովորաբար զգում է, որ պետք է գլխացավ ունենա, դա կոչվում է աուրա։ Աչքերի առջև կարող են սև կետեր լինել, զգա մարմնի թմրածություն։ Գլխացավը սկսվում է թույլ ինտենսիվությամբ, ապա գլխում առաջանում է, այսպես ասած, պուլսացիայի զգացողություն, և այդպես կարող է տևել 2-3 օր, եթե բուժառուն դեղորայքային բուժում չի ստանում։
– Հիվանդությունն ունի՞ ժառանգական նախատրամադրվածություն։
– Այո։ Միգրենը նյարդաանոթային համակարգի ժառանգական առանձնահատկության արդյունք է։ Այն գործոնները, որոնք կարող են նպաստել նոպայի առաջացմանը՝ տարբեր կարող են լինել․ որոշ սննդային չարաշահումներ, անքնություն, սթրես, հորմոնալ փոփոխություններ։
– Պատահում է, որ գլուխը լվանում են, ուժեղ գլխացավ է սկսվում և 5-6 օր տևում է․ սա միգրե՞ն է, թե՞ գլխացավի որևէ այլ տեսակ։
– Միանշանակ չենք կարող ասել, սակայն, եթե ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, կա լուսավախություն, մարդն ուզում է մութ սենյակում պառկել, աղմուկ չլսել, քանի որ դրանք ուժեղացնում են գլխացավը, ուրեմն՝ այո, միգրենի մասին ենք խոսում։ Ամեն սաստիկ և տևական գլխացավ միգրեն չէ։
– Գինին և օծանելիքը միգրենի պատճառ կարո՞ղ են հանդիսանալ։
– Գինին, ինչպես նաև ցանկացած այլ ալկոհոլային խմիչք կարող է պրովոկացնել միգրենի նոպան, օծանելիքի սուր հոտը, սուրճի, պանրի չարաշահումը՝ ևս։
– Ժողովրդական բժշկության մի շարք խորհուրդներ կան, ասում են՝ կարող եք ոտաբոբիկ քայլել, որ կանխեք միգրենը, խունկ ծամել, ննջասենյակում ունենալ եղևնու տերևներ։ Ո՞ր տարբերակն է օգնում։
– Կարող եմ ենթադրել, որ դրանք ինչ-որ շեղող միջոցներ են, ինչ վերաբերում է եղևնուն, գիտենք, որ դրա հոտը հանգստացնող ազդեցություն ունի, գուցե այդ ճանապարհով կարող է թեթևացնել գլխացավը։
– Ինչո՞ւ է միգրենը համարվում երիտասարդների հիվանդություն։
– Սովորաբար արտահայտվում է երիտասարդ, նույնիսկ մանկական տարիքում, երբ սկսվում է հորմոնալ ֆոնը փոխվել դեռահասության շրջանում, ինչպես նաև լինում է կլիմակտերիկ շրջանում։ 15-55 տարեկանների մոտ է ավելի շատ արտահայտվում, երբ օրգանիզմում ինչ-որ հորմոնալ փոփոխություն է տեղի ունենում, և դա կարող է նպաստել նոպաների ի հայտ գալուն։
– Երեխաների և մեծահասակների դեպքում նույն ախտանշաննե՞րն են։
– Հիմնականում՝ այո։ Երեխաների դեպքում կարող է այդպես վառ արտահայտված չլինել։

– Եթե չեմ սխալվում՝ երեխաները նաև որովայնային ցավեր են ունենում։
– Պարտադիր չէ։ Կարող է գլխացավի հետ միաժամանակ որովայնի ցավ լինել կամ չլինել, դա նշանակալի ախտանշան չէ։ Անպայման պետք է հարցնել՝ ծնողները կամ ազգականներից որևէ մեկը միգրեն ունի՞, թե՞ չէ, ապա նոր դիագնոզը կազմել կլինիկական ախտանշանների հիման վրա։
Միգրենի համար չկա հատուկ հետազոտություն՝ օրինակ, ՄՌՏ կամ գլխուղեղի ԿՏ անենք ու հասկանանք՝ միգրեն կա՞, թե՞ չկա։ Ախտորոշում հիմնականում դրվում է կլինիկական ախտանշանների հիման վրա։
– Տարիքի հետ հիվանդությունը զիջո՞ւմ է դիրքերը, թե՞ հակառակը։
– Կան դեպքեր, երբ կանանց մոտ կլիմակտերիկ շրջանում միգրենը լրիվ վերանում է։ Սակայն լինում են դեպքեր, որ դառնում է ամենօրյա։ Օրինակ, հղիության ժամանակ նոպաները հիմնականում վերանում են, նույնիսկ, եթե մինչ այդ եղել են բավականին հաճախ։ Կարող է հղիությունից հետո երկար ժամանակ չլինի ու կլիմակտերիկ շրջանում նորից արտահայտվի։
– Այստեղից հետևություն՝ առավել շատ խնդիրներ ունենում են կանայք, քան տղամարդիկ։
– Այո։ Կանայք հիմնականում ավելի շատ են միգրեն ունենում։ Մեկ կարևոր բան ասեմ՝ երբեք պետք չէ դիմանալ այդ ցավին, ցավազրկողներ էլ խմել չի կարելի, որովհետև դրանք իրենց հերթին՝ սկսում են գլխացավի մի ուրիշ տեսակ գեներացնել։ Սկսվում է կախվածության գլխացավ՝ գլուխը ցավում է, որովհետև ցավազրկողը չես ընդունել, դրա համար ճիշտ է ի սկզբանե նյարդաբանի դիմելը։
– Բուժման ի՞նչ եղանակներ կան։
– Նշանակում ենք դեղորայք, որպեսզի նոպա չլինի, և դեղ, որը հանում է նոպայից, այսինքն՝ երբ բուժառուն ունենում է նոպա, հենց սկզբում ընդունում է հակամիգրենային դեղ, և նոպան չի զարգանում։ Երբ այս ամենը չի օգնում՝ այդ ժամանակ կիրառում ենք բոտուլինոթերապիա։ Կանանց սիրած բոտոքսը, որը գեղեցկության նպատակով են ներարկում՝ օգնում է նաև հատկապես քրոնիկական միգրենի ժամանակ։ Երբ միգրեն ունեցող կանայք դիմել են կոսմետոլոգի՝ կնճիռները շտկելու նպատակով, նկատել են, որ գլխացավի հաճախականությունը պակասել է և հայտնաբերվել է, որ բոտոքսը կարող է էֆեկտիվ լինել միգրենի բուժման հարցում։

– Քանի՞ ամիս է այդ «էֆեկտը» գործում։
– Այնքան, ինչքան աշխատում է տոքսինը, միջինը 4-5 ամիս։ Այն չի ազդում միգրենի առաջացման մեխանիզմների վրա։ Թուլացնելով գլխի և պարանոցի մկանները՝ ուղղակի թույլ չի տալիս, որ բուժառուն ցավ զգա, սակայն, երբ տոքսինի ազդեցությունը վերանում է, գլխացավը կարող է նորից վերադառնալ։
Կիրառում են նաև վիրահատական միջամտություն։ Եթե բոտոքսով ժամանակավոր ենք թուլացնում այդ մկանները, վիրահատության ժամանակ անջատումը տեղի է ունենում երկարատև։



