
Սա պետականացում չէ, այլ խլում, սա ահավոր թշնամություն է՝ պատմության մեջ չեղած․ Հրանտ Բագրատյան

Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը՝ իշխանությունների բառերով ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը։
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը սա ամենևին էլ «պետականացում» չի համարում, ըստ նրա՝ սա ուղղակի բիզնեսի խլում է։
«Նիկոլ Փաշինյանը խլում է կառավարումը․ եթե պետականացներ, պետք է փոխհատուցեր, բայց ինքը չի փոխհատուցում։ Իսկ դա անում է, որովհետև փող չունի․ այդ հիմնարկը՝ իր ակտիվներով, ներդրումներով արժե նվազագույնը 800 միլիոն դոլար։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն 800 միլիոն դոլարը չի տալիս, այլ ասում է՝ պետք է գա ուրիշ կառավարիչ, այդ կառավարիչն էլի պարտքեր անի, էլի դու պետք է տաս, Սամվե՛լ Կարապետյան։ Սա ահավոր թշնամություն է՝ պատմության մեջ չեղած»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրանտ Բագրատյանը՝ դարձյալ հիշեցնելով, որ ըստ Սահմանադրության՝ ինչ-որ բան պետականացնելու դեպքում պետք է փոխհատուցել։
Նախկին վարչապետն անդրադառնալով իրավիճակի հետագա զարգացումներին՝ վստահեցրեց, որ այս իրողությունների առնչությամբ բոլոր դատական պրոցեսներում Սամվել Կարապետյանը կհաղթի, սակայն այդ ընթացքում ՀԷՑ-ում ու ՀԷՑ-ի շուրջ կստեղծվի այլ իրավիճակ։
«Իրենք հիմա աշխատելու են ՀԷՑ-ում փոփոխություններ անել, որ ընտրությունների ժամանակ ՀԷՑ-ի աշխատակիցները քվեարկեն Նիկոլի օգտին։ Այդ մարդիկ կես տարում ՀԷՑ-ը կթալանեն այնպես, որ 6-7 ամիս հետո հոսանք չի լինում, ՀԷՑ-ի անունով պարտքեր են վերցնելու ու ծախսեն քաղաքական նպատակներով, բայց այդ բոլորը մնալու է ՀԷՑ սեփականտիրոջ վրա։ Եվ երբ մասսայաբար անջատումներ կլինեն, Նիկոլը կասի՝ այ էս օրի էին հասցրել ՀԷՑ-ը․ դա իր ոճն է»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա՝ ստացվում է՝ ոչ միայն հիմնարկն են խլում, այլև ասում են՝ սրանից հետո ինչքան կթալանենք, դա էլ քեզ վրա կմնա։
Ի դեպ, այսօր՝ երկրորդ ընթերցման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ երեկ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկումից հետո նախագիծը լրամշակվել է, մասնավորապես, երկու նոր օրենքներով։ Առաջարկվել է կառավարության կողմից ներառել նախագծի փաթեթում նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Ըստ Վարդանյանի՝ ներկայացված օրենսդրական փաթեթի հիմնական նպատակն է՝ կառավարության լիազոր մարմնի կողմից համապատասխան հիմքերի առկայության դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահին տալ համապատասխան լիազորություն վարույթ հարուցելու և վարույթ հարուցելու շրջանակում կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ։
Նշենք, որ հուլիսի 1-ին՝ արտահերթ նիստում նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ-ում մթնոլորտը թեժ էր։ Ընդդիմադիր պատգամավորները միաբերան պնդում էին, որ խորհրդարան բերված նախագիծը քաղաքական հաշվեհարդար է այլախոհության համար։