Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերաիմաստավորման փուլում են․ Սերգեյ Կոպիրկին
Երևանում հունիսի 12-ին անցկացվել է տոնական ընդունելություն՝ նվիրված Ռուսաստանի օրվան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, կրոնական, հասարակական, մշակութային, գիտական և լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հայրենակցական կազմակերպությունների անդամներ և երիտասարդական ակտիվիստներ։
Իր ողջույնի խոսքում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այս տոնը կոչված է՝ արտացոլելու Ռուսաստանի հազարամյա ճանապարհը, որը լի է հերոսությամբ, անձնուրաց աշխատանքով, մեծ հաղթանակներով և նվաճումներով։
Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը ընդգծել է, որ այժմ հայ-ռուսական միջպետական համագործակցությունը հիմնված է ամենաբարձր և բարձրագույն մակարդակներում կայուն և փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքական երկխոսության, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական ձևաչափերի, միջտարածաշրջանային շփումների և ամուր իրավական շրջանակի վրա։
«Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային և տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլի»,-ասել է Կոպիրկինը։
Նա նաև հաստատել է Մոսկվայի համատեղ, կառուցողական և փոխշահավետ աշխատանքի պատրաստակամությունը՝ հիմնված առկա երկկողմ և բազմակողմ մեխանիզմների վրա։

