
Ստացեք` Փաշինյան-Էրդողան պայմանավորվածության հետևանքը. Իսլամական երկրները հորդորում են Հայաստանին կատարել Ադրբեջանի պահանջները

Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ հրապարակումների, նստաշրջանի եզրափակիչ փաստաթուղթը Ադրբեջանի նախաձեռնած հինգ բանաձևերի հետ մեկտեղ «Ստամբուլի հռչակագիրն» է դարձել։
Նստաշրջանի արդյունքում ընդունվել է «Ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձև։ Առաջին դեպքն է, երբ ԻՀԿ շրջանակներում նման բանաձև է հաստատվում։
Փաստաթուղթը արտահայտում է ԻՀԿ անդամ պետությունների աջակցությունն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վերադարձի իբրև թե օրինական իրավունքին և դատապարտում այդ հարցում Հայաստանի Հանրապետության մոտեցումը։
Բացի այդ, նշվում է, որ Ստամբուլի հռչակագիրը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը և կոչ է արվում «հայկական կողմին վերացնել խաղաղության պայմանագրի կնքման քաղաքական և իրավական խոչընդոտները»։
Ըստ հրապարակումների, հռչակագիրը նաև աջակցություն է հայտնում Ադրբեջանի վերակառուցման և ականազերծման ջանքերին, ինչպես նաև վերահաստատում է ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի կեղծ իրավունքը և դատապարտում ՀՀ-ի հրաժարումը այդ հարցում երկխոսություն սկսելուց։
Ընդունվել է նաև «Համերաշխություն 1992 թվականի Խոջալուի կոտորածի զոհերի հետ», «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացումը» վերնագրով բանաձևեր, որոնցից բոլորում կա աջակցություն Ադրբեջանին, համապատասխանաբար ՀՀ-ին ուղղված կոչեր ու քննադատություններ։
Ընդունվել է մեկ այլ ադրբեջանամետ բանաձև ևս՝ «Իսլամական պատմական և մշակութային հուշարձանների և ժառանգության ոչնչացումն ու վնասումը Ադրբեջանի Հանրապետության տարածքներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ագրեսիայի արդյունք» վերնագրով, որն իբրև թե դատապարտում է Հայաստանի Հանրապետության վանդալիզմը ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ: Այն նաև աջակցում է Ադրբեջանի կոչին՝ փոխհատուցում պահանջել այդ խախտումների համար:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Օրենքի գերակայության ամրապնդում. օմբուդսմենների և ազգային մարդու իրավունքների ինստիտուտների դերը» թեմայով օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ելույթում հայտարարել էր․
«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց բնիկ հողեր վերադառնալու իրավունքը։ Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների հաստատման կարևորագույն պայման է»։
Նա, մասնավորապես, ասել էր․ «Սիմպոզիումում քննարկվելիք թեմաներից մեկը կապված է փախստականների իրավունքների հետ։
Այս ոլորտում ուշադրության կարիք ունեցող հարցը անցյալ դարի սկզբից ի վեր «Արևմտյան Ադրբեջանից»՝ Հայաստանի տարածքից հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանումն ու նրանց էթնիկ զտումներն են։ Այդ սարսափելի տեղահանություններից հետո Հայաստանի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի մնացել և մեր ժողովրդի հին պատմամշակութային, կրոնական-հոգևոր ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձանները, մզկիթները և գերեզմանատները, ոչնչացվել են այդ տարածքներում։ Պատմական արդարությունը պահանջում է, որ այս մարդիկ խաղաղ և անվտանգ վերադառնան իրենց հայրենիք»,-նշել էր Ալիևը։
Հավելենք, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ), որին անդամակցում է 57 պետություն, վերահաստատել է լիակատար համերաշխությունը Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ «հայկական ագրեսիայից տուժած, ազատագրված տարածքները վերականգնելու և վերակառուցելու ջանքերում»: