
Իրան-ԱՄՆ-Իսրայել «բանակցությունները» լարվում են, Թուրքիան ու Ադրբեջանը զորքեր են կուտակել Նախիջևանում․ ինչո՞ւ են սրվում վտանգները Սյունիքի շուրջ

ԱՄՆ-Իրան բանակցային 6-րդ ռաունդին ընդառաջ քաղաքական-դիվանագիտական հարթությունում իրավիճակն էականորեն լարվել է։ Նախ հիշեցնենք, որ Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել է, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային թղթապանակի շուրջ բանակցությունների 6-րդ փուլը կկայանա Մասկատում կիրակի օրը՝ հունիսի 15-ին։
Սակայն մինչ այդ կողմերը «փոխանակվում» են սուր հրապարակային հայտարարություններով՝ առաջիկա բանակցություններին ընդառաջ սրելով մթնոլորտը և փորձելով ամրապնդել սեփական դիրքորոշումները։ Այստեղ հարկ է հիշեցնել՝ Թեհրանը պնդում է խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր իրավունքը՝ նշելով, որ պատրաստ է միջուկային ծրագրի սահմանափակմանը՝ ամերիկյան պատժամիջոցների ամբողջական վերացման դիմաց: Վաշինգտոնը, ընդհակառակը, ձգտում է հասնել միջուկային ծրագրի լիակատար դադարեցման։ Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խոսքը, որը հայտարարել էր, թե իր երկիրը պետք է ուրան հարստացնելու հնարավորություն ունենա, ասաց, թե Իրանը չի հարստացնի ուրան։ «Եթե հարստացնեն, ապա մենք ստիպված կլինենք այլ կերպ գործել։ Եվ ես այնքան էլ չեմ ուզում դա այլ կերպ անել, բայց մենք այլընտրանք չենք ունենա։ Իրանում ուրանի որևէ հարստացում չի լինելու»,- պատասխանել էր Թրամփը՝ չհստակեցնելով, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։
Նախօրեին էլ Թրամփը նշել է, որ պակաս լավատես է դարձել Թեհրանի հետ միջուկային հարցի շուրջ համաձայնագիր կնքելու հնարավորության հարցում։
«Ես շատ պակաս վստահ եմ, քան մի քանի ամիս առաջ, որ հնարավոր է համաձայնության գալ»,- ասել է նա։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հավելել է, որ անկախ նրանից՝ Թեհրանը գործարք կկնքի՞ Վաշինգտոնի հետ, թե՞ ոչ, Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ինքը կնախընտրեր հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն վստահ չէ, որ Իրանն էլ նույնն է ցանկանում։ Իրանցի տարբեր պաշտոնյաներ էլ ասում են, որ ուրանի հաստացման լիակատար դադարեցման ամերիկյան առաջարկը չեն ընդունում և կենտրոնացած են ուրանի հարստացման մակարդակը պահպանելու հարցի վրա։ Այս շաբաթվա սկզբին Թրամփը 40 րոպեանոց հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը մշտապես պաշտպանում է Իրանի հարցում ռազմական դիմադրության մոտեցումը։
Չորեքշաբթի ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում Թրամփը տեղեկացրել էր Մերձավոր Արևելքից ամերիկյան անձնակազմի մասնակի տարհանման ծրագրերի մասին տարածաշրջանում լարվածության ֆոնին։
«Այո, նրանց դուրս են բերում, քանի որ Մերձավոր Արևելքը կարող է վտանգավոր վայր լինել»,- Վաշինգտոնում լրագրողներին ասել էր Թրամփը։
Մասկատում սպասվող բանակցություններին ընդառաջ CBS News-ը գրում է, որ Իսրայելը լիարժեք պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում, ԱՄՆ-ը կոչ է արել քաղաքացիներին լքել տարածաշրջանը՝ հակադարձ պատասխանի սպառնալիքի պատճառով։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը կարող է հակահարված տալ հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։ Այդ պատճառով իշխանությունները խորհուրդ են տվել որոշ ամերիկացիների լքել տարածաշրջանը, իսկ Պետդեպարտամենտը հրամայել է ոչ առանցքային պաշտոնյաներին լքել Իրաքը՝ «տարածաշրջանային լարվածության աճի» պատճառով։ Մինչդեռ The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ-ը վախենում է Իսրայելի կողմից Իրանին հնարավոր հարվածներից: ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները մտահոգված են, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին առանց ԱՄՆ համաձայնության, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մենք հետևում ենք և մտահոգված ենք: Մենք կարծում ենք, որ իրավիճակն ավելի լուրջ է, քան երբևէ եղել է անցյալում»,- WP-ին ասել է տարածաշրջանում բարձրաստիճան դիվանագետներից մեկը։ «New York Times» թերթն էլ գրում է, թե Իրանը հրեական պետության հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու ծրագիր է մշակել։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ իրանցի զինվորականներն ու պետական պաշտոնյաներն արդեն հանդիպել են, որպեսզի քննարկեն, թե ինչպես են պատասխանելու իսրայելական հավանական հարվածին։ Թեհրանը պատասխան պլան է մշակել, որը կարող է լինել անհապաղ հակահարվածը՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ։
Թեև ԱՄՆ-Իրան բանակցությունները դեռ պետք է շարունակվեն, սակայն ամերիկաիսրայելական քաղաքական ու քարոզչական շրջանակներն ակտիվացնում են ռազմական սցենարի մասին խոսակցությունները։
Եվ այս ֆոնին, երբ Իրանի շուրջ մթնոլորտը թեժանում է, իսկ Իրանը հայտարարում էր, որ Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդել է և թույլ չի տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի իրագործում, Թուրքիան և Ադրբեջանն «Անսասան եղբայրություն-2025» և «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» անվանումով զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում՝ այնտեղ կենտրոնացնելով մեծաքանակ զորք։ Այս իրավիճակում մի շարք վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ զգոնության կոչերով են հանդես գալիս՝ չբացառելով թուրք-ադրբեջանական նոր արկածախնդրություն Հարավային Կովկասում։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am–ի հետ զրույցում ասաց, որ Թրամփի վարչակազմն անընդհատ հնչող սպառնալիքները և Մերձավոր Արևելքում ամերիկյան ներկայության փոփոխությունները որպես ճնշման լծակ է կիրառում Իրանի նկատմամբ՝ ինքն անձամբ գտնվելով իսրայելական ու ներամերիկյան ճնշումների ներքո։
Սակայն իրականում, նրա խոսքով, Թրամփն ու իր մոտ շրջապատը խուսափում են ռազմական ճանապարհից, որը կարող է բազմաթիվ տնտեսական հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի համար իրավիճակում, երբ արդեն ԱՄՆ-ում խոսվում է, որ Թրամփի մի շարք որոշումների հետևանքով տնտեսական խնդիրները խորանում են, գնաճը՝ ավելանում։
«Թրամփը նախագահության առաջին օրերին հանդես էր գալիս աղմկոտ հայտարարություններով, աշխարհը սպասում էր էական փոփոխությունների, սակայն ժամանակը ցույց տվեց, որ ամերիկյան վարչակազմը չի կարողանում որևէ ուղղությամբ որևէ հաջողություն գրանցել, որով կորցնում է վարկանիշը, որը ձևավորվել էր նաև այդ աղմկոտ հայտարարությունների հիման վրա։
Կարծում եմ, որ ԱՄՆ-ը անձամբ խուսափում է ռազմական սցենարից, չունի մեծ վստահություն իր ներուժի հարցում Մերձավոր Արևելքում, այստեղ ավելի վստահ է գործում Իսրայելը, սակայն Իսրայելն ակնկալելու է օգնություն իրադարձությունների նման զարգացման դեպքում։ Բացի այդ, սա կանդրադառնա էներգակիրների համաշխարհային գների վրա, որից ամերիկյան վարչակազմը կարծես խուսափում է։ Ուստի հակված եմ կարծել, որ այս քարոզչական ճնշմամբ բանակցություններին ընդառաջ ԱՄՆ-ը փորձում է Իրանից ուրանի հարստացման գործընթացը լիովին սահմանափակելու որոշում կորզել»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նա գտնում է, որ ռազմական սցենարն Իրանի դեմ հեշտ որոշում ու ճանապարհ չէ նույնիսկ ԱՄՆ-ի համար։
«Ես գտնում եմ, որ դրանից խուսափում են»,- նման կարծիք հայտնեց արևելագետը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, նրա որակմամբ, Թուրքիան ու Ադրբեջանը լրջորեն հետևում են Իրանի շուրջ զարգացումներին և օգտվում, վերադիրքավորվում յուրաքանչյուր փոփոխությունից։
«Ուստի նորություն չեմ ասի, եթե պնդեմ, որ իրավիճակի էսկալացիան լի է էսկալացիայի վտանգով նաև Հարավային Կովկասի համար, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը չիրագործված երազանքներ ունեն, այսպես կոչված, թուրանական միջանցքի տեսքով, որը նրանց պատմական երազանքն է։
Այս ծրագրերը տապալվել են Իրանի հստակ դիրքորոշման պատճառով, ինչպես նաև աշխարհաքաղաքական անբարենպաստ դասավորությունների պատճառով։ Սակայն, եթե որոշակի փուլում դա չի իրագործվում, չի նշանակում, որ չի կարող իրագործվել մեկ այլ փուլում, այսինքն՝ վտանգը կա, այդ ցանկությունից խուսափում են թե Թուրքիայի, թե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները։
Իրանը հաստատակամ է այս հարցում, պարբերաբար Իրանն ընդգծում է, որ ՀՀ տարածքային ամբողջականության խախտում թույլ չի տա, սակայն Իրանին ռազմական գործողությունների մեջ ներքաշումը կբարդացնի Իրանի դիմակայությունը հարավկովկասյան ուղղությամբ։
Կարծում եմ՝ որքան էլ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի հարցով բանակցություններով, զբաղվում է նաև իրանական ուղղությամբ, և ՌԴ-ի համար խիստ անցանկալի է Իրանի ուղղությամբ ռազմական որևէ շարժ»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։