Ցածր ռեյտինգ ունեցող Փաշինյանը չի կարող 70% բարձր ռեյտինգ ունեցող Եկեղեցուն հարվածել. գործող վարչապետը համապատասխան չէ իր պաշտոնին, ոչ թե Վեհափառը. Արթուր Աթանեսյան

 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։

Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ունեն մի քանի հիմնական ասպեկտներ։ Իրավական հարթությունում դրանք հակասահմանադրական են, քանի որ Սահմանադրությամբ Պետությունն ու Եկեղեցին անջատ են։ Բարոյական հարթությունում այդպիսով իշխանությունն անցնում է բոլոր կարմիր գծերը՝ վերջնականապես դուրս գալով նաև արժեքների դեմ։ Հաշվի առնելով այս իրողությունները, որո՞նք են Փաշինյանի հիմնական նպատակներն այս գործընթացում։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • Քաղաքականության մեջ զուգադիպություններ չեն լինում, և այն, որ Փաշինյանի հարձակումները Եկեղեցու նկատմամբ զուգադիպեցին Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունների հետ, նույնպես պատահական չէր։ Առաջին անգամ չէ, որ արտաքին օրակարգի հետ սինխրոն են ընթանում ներքին կյանքի իրադարձությունները, և քաղաքական իշխանությունը տեղայնացնում է դրանք։
  • Երկրորդ երևույթը ռեյտինգներն են՝ 2026թ․խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Այդ ռեյտինգների հետ աշխատանքը կարող է լինել կոնստրուկտիվ և դեստրուկտիվ։ Այս իշխանությունները նախկինում ասֆալտ էին անում, սա կոնստրուկտիվ քայլ էր։ Ներկայումս իշխանությունները, այդ թվում՝ քաղաքական ուժերը, փորձում են ինքնահաստատվել այլոց հաշվին։ Ցավոք, սա վերաբերում է ոչ միայն իշխող ուժին, այլև ընդդիմադիրներին։ Ցավոք, տարվում է միայն «բոլորը՝ բոլորի դեմ» աշխատանք։ Հավերժ միմյանց ոչնչացնելու պրոցես է։

  • Եկեղեցին թիրախ դարձավ, բնականաբար, այն ուժի համար, ով ունի ընկնող ռեյտինգ։ Իշխանությունները, կորցնելով իրենց վարկանիշը՝ իրենք փորձում են մարտահրավեր նետել բարձր ռեյտինգ ունեցող սուբյեկտներին։ Դա բանակն էր և Եկեղեցին։ Բանակը խնդիրներ ունի, այդ թվում՝ նաև իշխանությունների կառավարման պատճառով։ Ինձ, օրինակ, շատ է հետաքրքրում՝ ինչո՞ւ էին մեր հրամանատարները պատերազմի ժամանակ ենթարկվում Փաշինյանին, երբ Սահմանադրությամբ այդպես չպետք է լիներ։ Բանակը ռեյտինգ է կորցրել, թեպետ ունի դեռ բավականին բարձր ռեյտինգ։ Բայց Եկեղեցու վարկանիշը 70% է, իսկ Փաշինյանինը՝ 27 %: Մնացած բոլոր իշխանությունները՝ գործադիր` կառավարություն, օրենսդիր և դատական, միասին վերցրած՝ չունեն Եկեղեցու չափ այդքան բարձր ռեյտինգ։ 
  • Վեհափառն ունի երեխա, թե չէ, Եկեղեցու շատ բարձր այդ ռեյտինգը ցույց է տալիս, որ նրա ղեկավարությամբ Եկեղեցին լավ է աշխատել։ Հետևաբար՝ ո՞րն է խնդիրը։ 
  • Փաշինյանի գործողությունները՝ այս երևույթը սոցիոլոգիայում և քաղաքագիտությունում անվանում են «բացասական ինքնություն» երբ մարդը կամ կառույցը չի աշխատում իր վրա և չի բարձրացնում իր հեղինակությունը, այլ փորձում է նվազեցնել մյուսների հեղինակությունը։
  • Եկե՛ք լուծենք այն հարցը, որ գործող վարչապետը համապատասխան չէ իր պաշտոնին, ոչ թե Վեհափառը։ Փաշինյանը նույնիսկ կրթություն չունի, մեր իրավիճակում գտնվող ղեկավարն առնվազն 1 դիպլոմ պետք է ունենար: 
  • Փաշինյանի կողմից Հանձնաժողով ստեղծելու դիսկուրսը տիպիկ կոմունիստական, խորհրդային դիսկուրս է։ Նա չունի դիպլոմ, այո՛, բայց իր անցած հեղափոխական ճանապարհը չպետք է թույլ տար, որ ինքը սովետիզմով, կոմունիզմով տառապեր։ Բայց եթե այդպես է, շատ լավ․ եկե՛ք մենք էլ ստեղծենք հանձնաժողով գիտնականներով ու որոշենք՝ արդյո՞ք Փաշինյանը պիտանի է վարչապետ լինելու համար։ 
  • Մենք շատ զբաղված, մշտապես աշխատող մարդիկ ենք, ու այն մարդկանց վրա, ում վրա հենված է այս պետությունը, ազդում է այս իրավիճակը՝ Փաշինյանի կողմից անդադար քանդելու, ավերելու կոչեր, ուրիշ ոչինչ։ Իսկապես դա հոգնեցուցիչ է։ 
  • 2020թ.-ից ի վեր Եկեղեցին գերծանրաբեռնված է, նրանք շռայլ, շքեղ կյանքով չեն ապրում, ինչպես բոլորս՝ պոստտրավմատիկ շրջանում։ 
  • Քչով շատը չես կարող չափել։ Եվ ցածր ռեյտինգ ունեցողը պետք է ձգտի բարձրանալ։ Գնացե՛ք որսի, դարձե՛ք որսորդ ժողովուրդ, բայց մեզ մի զրկեք տնից։ Մենք երկար տարիներ սխալմամբ կարծել ենք, որ բարոյականությունը փակվածության մեջ է։ Եվ Հայ Առաքելական եկեղեցին առաքելություն ունի դեպի դուրս ընդլայնվելու։

  • Մենք ունենք թույլ օղակներ, և դրանցից մեկը Սփյուռքն է։ Այնտեղ անգամ Եկեղեցին է «մեր ու ձեր»-ի մեջ բաժանված եղել, այսինքն՝ չեն սնել Եկեղեցուն հավուր պատշաճի։
  • Պետություններն ու իշխանությունները եկել ու գնացել են, հայ ազգն ու Հայ եկեղեցին մնացել են, հանդես են եկել՝ որպես մի զույգ։
  • Կրոնն ու եկեղեցին են ստեղծել պետություն, եկեղեցու շուրջ միավորված համայնքներն են դարձել ազգեր։ Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է պետության փոխարեն, հետո՝ պետության մեջ, պահել է պետությունը։ Պետությունը և քաղաքականությունը նույն բանը չեն։ Եվ այն, որ քաղաքականությունը սկսել է զբաղվել մեր Եկեղեցով, դա նշանակում է, որ եկեղեցին մինչ օրս դեռ քաղաքականությամբ չի զբաղվել։ 
  • Վեհափառն իսկապես չի մասնակցում քաղաքականությանը․ եթե մասնակցեր, նա իր լեզվամտածողությունը պիտի փոխեր, ինչն անթույլատրելի է, բայց չի արել։ Մեզնից յուրաքանչյուրն իր մեջ կրում է եկեղեցու մասնիկ։ Եվ մեզնից յուրաքանչյուրն այսօր պիտի լինի եկեղեցու պահապան։
  • Փաշինյանի կողմնակիցների կեսը չի կիսում նրա մոտեցումները Եկեղեցու հարցում։ Հայը շատ լավն է, իհարկե, հայ ժողովուրդը նաև աշխարհիկ է, հոգևոր կյանքով չի ապրում, բայց այն, ինչ վերաբերում է մեր ինքնությանը, մեծամասնությունը գիտակցում է, որ մեր Եկեղեցին մեր ինքնության մի մասն է։
  • Հայ Առաքելական եկեղեցին իր PR-ով չի զբաղվում, բայց մենք բոլորս պետք է զբաղվենք մեր եկեղեցու PR-ով, և դա չպետք է դրսևորվի միայն եկեղեցու բակում նկար հրապարակելով։ Եկե՛ք աջակցենք մեր հոգևորականներին, պաշտպան կանգնենք նրանց։ Եթե եկեղեցականը պետք է գար ու մի կարիքավորի հետ զրուցեր, եկեք մենք զրուցենք, նա չի հասցնում։
  • Վեհափառին երեկ տեսանք՝ ինչքան մարդ էր դիմավորում օդանավակայանում, բայց օրինակ՝ Սարյան փողոցում Գինու փառատոնի ժամանակ այդքան մարդկանցից որևէ մեկը չմոտեցավ Փաշինյանին։
  • Մեզ պետք է պետությունը կառուցել, փրկել, այնպես անել, որ ուսանողը չուզենա գնալ, դրսում սովորել ու մնալ, որ մարդիկ չուզենան արտագաղթել։ Տանը լինելով՝ եկե՛ք տուն գանք, լուծենք մեր խնդիրները։ «Արի՛ տուն» ծրագիր կար, լավն էր։
  • Ադրբեջանի դեպքում հոգևոր ինստիտուտը քաղաքական սուբյեկտ է ու կարծես իրենց ԱԳՆ-ի մի վարչությունը։ Եվ երբ Փաշազադեն Հայ Առաքելական Եկեղեցուն մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու մեջ, այդ խոսքերն իրեն պետք է վերադարձնել։ Մեր ներսի բացերը շատ են, դրա համար դրսից դրանք լրացնում են։ Փակվելու ժամանակն է։ Փաշազադեին կարդալու փոխարեն՝ եկե՛ք մեր տունը մաքրենք աղբից, չտիրաժավորենք նրան։
  • Հայերը չեն սիրում ընդունել սեփական սխալները: Շատ քչերն են այսօր ընդունում, որ 2018թ․սխալմամբ աջակցել են այս իշխանությանը։ Խոսքը հեղափոխությանը մասնակցելու մասին չէ, այլ այս իշխանություններին աջակցելու։
  • Բնակչության 65%-ը ոչ մի քաղաքական կողմնորոշում չունի։ Պետք է աշխատել նրանց հետ։ Մինչև 2018 թվականը նախկին բոլոր իշխանությունների ժամանակ կար իշխանությունների հանդեպ նեգատիվ դիրքորոշում, այսօր մեծամասնությունը մերժում է ամեն ինչ, նիհիլիստական դիրքորոշում չունի։ Սա քաղաքական ուժերի համար աշխատելու դաշտ է։ Լավ նորությունն այն է, որ եթե մեր իշխանություններն աշխատում են Եկեղեցու դեմ, նշանակում է՝ իրենք հնարավորություն չեն տեսնում 65%-ի հետ աշխատելու։ Ընդդիմություն, հուշում եմ ձեզ, աշխատե՛ք այդ 65%-ի հետ։ Սա կարևոր հնարավորություն է։ Շուտով ընտրություններ են, և իշխանությունը որոշել է, որ չի կարող մտափոխել այդ մոտ 70%-ին, որովհետև եթե կարողանար, սիմվոլների՝ բանակի ու Եկեղեցու դեմ չէր աշխատի։
  • Այս իշխանությունն արդեն հեղափոխական հերոս չէ, պատերազմի հերոս չդարձավ, հիմա ուզում է հակահերոս դառնալ։ 
  • Լավ նորություն՝ հերոսի տեղն ազատ է, ընդդիմություն, աշխատե՛ք։

  • Միգուցե ոչ թե Փաշինյանն ինքն է կնոջն օգտագործում, այլ կինն իրեն։ Սա տեխնոլոգիա է։ Այսօր ամուսիններով մեկնաբանությունների դաշտում ոչ պատշաճ բառապաշարով քաղաքական կոմունիկացիաների մեջ են մտնում հանրության հետ։
  • 1994թ.-ից հետո իրական հերոսներն աստիճանաբար վերացան՝ կա՛մ մահացան, կա՛մ սպանվեցին, այս իշխանությունների օրոք՝ հեղինակազրկվեցին, դուրս մղվեցին, պատերազմում զոհվեցին… Հետո կապիտալիզմը ծնեց իր հերոսներին։ Հետո եկավ քաղաքական հերոսների ժամանակաշրջանը։ Մեր հասարակությունը շատ իմաստուն է։ Օրինակ, երբ ասում են՝ Պուտինի պես հերոս է պետք, պետք է հարցնել՝ ինչո՞ւ, ո՞ր հատկանիշներն են ուզում հատկապես տեսնել լիդերի մեջ։ Մեկ այլ տարբերակ է նոր լիդերի ստեղծումը։ Մարդիկ էֆեկտիվ լիդեր են ուզում։ Նախկին լիդերների տիպաժն այլևս չի աշխատում։ Հայ երիտասարդը շատ պրագմատիկ է, ֆունկցիոնալ լիդեր է ուզում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս