«Եկեղեցին զբաղվել է և պիտի զբաղվի քաղաքականությամբ…Կրոնն ու եկեղեցին են ստեղծել պետություն, եկեղեցու շուրջ միավորված համայնքներն են դարձել ազգեր։ Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է պետության փոխարեն, հետո՝ պետության մեջ ու դրանից դուրս: Հոգևորականը ՀՀ քաղաքացի է, նա ընտրող է, իսկ ընտրողն իրավունք ունի դատել ընտրյալների մասին»:
«Քչով շատը չես կարող չափել։ Եվ ցածր ռեյտինգ ունեցողը պետք է ձգտի բարձրանալ։ Գնացե՛ք որսի, դարձե՛ք որսորդ ժողովուրդ, բայց մեզ մի զրկեք տնից։ Մենք երկար տարիներ սխալմամբ կարծել ենք, որ բարոյականությունը փակվածության մեջ է։ Եվ Հայ Առաքելական եկեղեցին առաքելություն ունի դեպի դուրս ընդլայնվելու»,- ասաց Արթուր Աթանեսյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
Արթուր Աթանեսյանի խոսքով՝ իշխանության ոլորտում անհատապաշտություն դրսևորելը պետք է արգելված լինի Հայաստանում. «Համակարգը պետք է ունենա դա թույլ չտալու մեխանիզմ, օրինակ՝ համեստության մշակույթ սերմանելով և պահանջելով այն գործիչներից, ովքեր իշխանություն են ստանձնում, մասնավորապես՝ զրկելով իրենց, օրինակ՝ ծառայողական մեքենաներից: Դա մեթոդ է՝ պայքարելու անհատապաշտության դեմ՝ իշխանության ոլորտում: Կոլեկտիվիզմը շատ կարևոր է նաև ընդդիմության մտածողության համար»:
«Դերասանն այն երևույթն է, երբ դու ապրում ես մի կյանքով, բայց խաղում ես բազում-բազում կերպարներ, և այդ կերպարը ոչինչ չի ասում քո մասին՝ որպես մարդու: Դու կարող ես լինել աղքատ, համեստ ապրես մի սենյականոց բնակարանում, կեղտոտ խոհանոցով, միայնակ, ճանճերով ափսեների վրա՝ լվացարանում, սակայն բեմի վրա թագավոր խաղաս և շատ համոզիչ լինես…»։
«Ամերիկացին, ինչպես և հայաստանցին, տարված է շոուով և շոուի մեջ այդ մարդու՝ խաղալու կարողությամբ: Խաղում է Բայդենը, շատ-շատ է խաղում Փաշինյանը, խաղում է Զելենսկին: Ընդ որում, իրենք խաղում են այնպիսի դերեր, որոնց համար ո՛չ սովորել են, ո՛չ փորձ ունեին: Զելենսկին խաղում էր զինվորական առաջնորդի դեր, բայց խաղալով՝ չի դառնա զինվորական: Պիտի ծառայես և կռվես»։
«Արժեքների փոփոխությունն այդքան հեշտ տեղի չի ունենում։ Մեր պատմական, առասպելական, հիմնականում՝ տղամարդ հերոսներն այսօր էլ իդեալականացվում են։ Բոլորի համար իդեալական հայը նույնն է։ Որևէ մեկի համար հերոս չէ մարդու, հերոսի այն տեսակը, ով իրեն ու բացառապես իր շահն է պաշտպանում։ Մեր այսօրվա դրական հերոսները դարձյալ Սասունցի Դավիթն ու Նժդեհն են, Մոնթեն։ Բացասական կերպարներ են Քաջ Նազարը, Անբան Հուռին, այսինքն՝ դավաճան, անբան, անօգուտ մարդիկ»։
«Մենք անգամ մեր ներսում չենք կառավարում ամեն ինչ։ Սա ձախողում է, ուստի եկեք հիմա հասկանանք, թե ի՞նչ կլինի մեզ հետ, երբ բնակչությանը համոզում են, թե դուք հպարտ եք, մինչդեռ այդ հպարտը կառավարվում է դրսից։ Ժողովրդին ներշնչում են, թե՝ ուժեղ ու հպարտ եք, բայց կառավարվում ենք ուրիշ տեղերից։ Այո՛, ապագա կա, դա ուրիշների կողմից՝ դրսից 100 տոկոսով կառավարվելու հավանականությունն է։ Ուշագրավ է, որ մենք չենք որոշում, թե ովքեր են կառավարելու. դա էլ կախված է ուրիշներից։ Պատկերավոր ասած, մենք չենք որոշում, թե մեզ ով կառավարի, ճիշտ այնպես, ինչպես այն կինը, որը այլոց հետ քնում է՝ փողով»,- ասաց Արթուր Աթանեսյանը՝ շեշտելով՝ երբեք էլ ուշ չէ պետություն ստեղծել, ինչը պետք է անենք՝ միմյանց լսելով, սիրելով, օգնելով։