Ի՞նչ է պապիլոմավիրուսը, որքանո՞վ է վտանգավոր վաղ տարիքում սեռական կյանքով ապրելը, 1-ից ավելի զուգընկեր ունենալը․ Սեռավարակաբանի պարզաբանումը

Մարդկանց 80 տոկոսը կյանքի ընթացքում վարակվում է պապիլոմավիրուսով։ Պատճառների և բուժման եղանակների մասին զրուցել ենք մաշկաբան, սեռավարակաբան, Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Վարդանյանի հետ։

Ի՞նչ է մարդու պապիլոմավիրուսը, որո՞նք են վարակման ուղիները։

– Պապիլոմավիրուսը (ՄՊՎ) մարդուն ախտահարող վիրուսներից է, ի դեպ, ոչ միայն մաշկաբանական տեսանկյունից։ Գրեթե չկա բժշկական ոլորտ, որ պապիլոմավիրուսի հետ գործ չունենանք։ Ինչ վերաբերում է վարակման ուղիներին, ապա վարակիչ են համարվում այն գոյացությունները, որոնք առաջացնում է պապիլոմավիրուսը։

Կարդացեք նաև

Որո՞նք են կլինիկական ախտանշանները։

– Մարդու պապիլոմավիրուսի հիմնական դրսևորումները բաժանվում են երկու մեծ խմբի՝ մաշկային և սեռական հատվածի դրսևորումներ։ Ամենահաճախ հանդիպողը հասարակ գորտնուկներն են, որոնք հիմնականում լինում են վաղ պատանեկան տարիքում․ վիզուալ առումով տհաճ, ճաքով ուղեկցվող, ինչ-որ տեղ դիպչելիս ցավով ուղեկցվող գոյացություններ են։ Տարատեսակներից են հարեղունգային գորտնուկները, որոնք հաճախ շատ ցավոտ են լինում, լուրջ տհաճություն պատճառում։ Հանդիպում են նաև թելանման գորտնուկներ, որ անգամ հաճախ մասնագետները շփոթում են սեռական գորտնուկների արտասեռական տեղակայման հետ։ Դրանք հիմնականում հանդիպում են երեխաների մոտ՝ դեմքի, շրթունքների, քթի շրջանում։

Հաջորդ մեծ խումբն ափ-ներբանային տարատեսակն է, որոնց դեպքում ներմաշկային աճ ենք ունենում, հաճախ շփոթության պատճառով նման գորտնուկներն ախտորոշում են՝ որպես կոշտուկներ, հատկապես, եթե տեղակայված են լինում ներբանային հատվածում։ Բուժառուները հիմնականում դիմում են քայլքի սահմանափակման՝ քայլելիս խիստ ցավի դեպքում։

Մյուսը տափակ գորտնուկներն են։ Ավելի հաճախ լինում է երիտասարդների մոտ՝ դեմքի շրջանում։ Մաշկից գրեթե բարձրացած չեն, տեսնում ենք թեք լուսավորության պարագայում, մաշկի գույնից շատ հաճախ չեն տարբերվում։

Ինչպես աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում մեծ ուշադրության են արժանի սեռական և հարսեռական հատվածի գորտնուկները։

Պապիլոմավիրուսի մի շարք շտամեր կան, որո՞նք են ամենավտանգավորները։

– Ներկայումս խոսում են ավելի քան 200 շճատիպերի մասին, որոնց մի մասը կարող են առաջացնել բարորակ գորտնուկները, դրանց մեջ ավելի շատ 6 և 11-րդ շտամերն են, և, իհարկե, կան շուրջ 15 օնկոգեն շտամեր, որոնք որպես պապիլոմավիրուսի բարդություն՝ հանդիսանում են քաղցկեղի պատճառ։ Օնկոգենների մեջ ամենատարածվածը 16 և 18-րդ շճատիպերն են։ Երբ խոսում ենք մարդու պապիլոմավիրուսի մասին, մեր մտքին առաջինը գալիս է արգանդի պարանոցի քաղցկեղը, բայց հավատացնում եմ, դրանք բազմազան են՝ սկսած բերանի խոռոչի կարցինոմաներից, հեշտոցամուտքի, առնանդամի գլխիկի, մաշկի քաղցկեղից։

Կա տեսակետ, որ եթե վաղ տարիքում են սեռական կյանքով ապրում, դա ևս պապիլոմավիրուսի պատճառ է, այդպե՞ս է։

Ոչ այնքան վաղ տարիքում, այլ անպաշտպան հարաբերությունն է պատճառ հանդիսանում, որի ժամանակ կարող ենք ձեռք բերել մարդու պապիլոմավիրուս։ Իհարկե, ինչքան երիտասարդ է օրգանիզմը, պաշտպանական մեխանիզմները թույլ ձևավորված են, այնքան ավելի խոցելի են։ Եթե վերցնենք վիճակագրությունը՝ սեռական գորտնուկների դեպքում 20-24 տարիքային խումբն ամենահաճախ ախտահարվողն է և կազմում է 44,8 տոկոս։ Դրա համար խորհուրդ է տրվում կանխարգելիչ միջոցառումներ սկսել մինչև սեռական կյանքով ապրելը՝ կանխարգելելով վարակումն ու հետագա բարդությունները։

Լողավազաններում, մարզասրահներում, գեղեցկության սրահներում հնարավո՞ր է վարակվել։

– Իրականում այն հպավարակիչ խնդիր է։ Վարակման մեխանիզմն առողջ մարդու մաշկի կամ լորձաթաղանթի շփումն է մարդու պապիլոմավիրուսի դրսևորումների հետ, օրինակ, գորտնուկների։ Լողավազաններում, կարելի է ասել, անհնար է վարակվել, գրեթե ամենուր պատշաճ ախտահանում է իրականացվում։ Եթե խոսենք հիգիենիկ նորմերի կոպիտ խախտման մասին, ապա լողավազանի տարածքում ոտաբոբիկ քայլելու ընթացքում կարող ենք ձեռք բերել ներբանային գորտնուկներ։ Սրբիչների՝ միաժամանակ մի քանի հոգու կողմից օգտագործելու դեպքում, եթե մեկն ունենա գորտնուկներ, ապա այս դեպքում թեորիապես հնարավոր է։ Բայց փոխանցման հիմնական մեխանիզմն առողջ և հիվանդ անձանց միջև կոնտակտն է, ընդ որում, եթե հիվանդի մոտ կան մարդու պապիլոմավիրուսի հստակ դրսևորումներ։

Գորտնուկները որքա՞ն ժամանակ հետո են դառնում քաղցկեղածին։

– Իրականում շատ դժվար է ասել, քանի որ ինդիվիդուալ է, կապ ունեն նաև նպաստող գործոնները։ Օրինակ, եթե խոսենք բերանի խոռոչի կարցինոմայի մասին, որի պատճառը հաճախ հանդիսանում են պապիլոմավիրուսային ախտահարումները, վիճակագրությամբ բերան-ըմպանային ախտահարումները տղամարդկանց մոտ 3 անգամ ավելի հաճախ են արձանագրվում, քան կանանց մոտ։ Զարմանալին այն է, որ օնկոգեն շտամերի առկայությունը 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում տղամարդկանց մոտ։ Նրանց մոտ բարձր է նաև չարորականացման ռիսկը՝ պայմանավորված մի քանի գործոններով՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը։

Կարող եք ունենալ նույնիսկ բարձր օնկոգեն շտամով ախտահարված կին, որի մոտ գնա ինքնալավացում։ Տարբեր հետազոտություններով նշվում է, որ 35-75 տոկոս դեպքերում ՄՊՎ-ի դրսևորւմները կարող են իսպառ անհետանալ։ Բայց, թե ինչպես վիրուսն իրեն կպահի, օրգանիզմը կհաղթահարի, վիրուսը դուրս կգա, թե կգնա դեպի չարորականացում, արդեն կախված է մի շարք այլ գործոններից, օրինակ, վաղ սեռական կյանքը, այլ վարակների, քրոնիկ տրավմաների առկայությունը։

Մարդն ինչպե՞ս հասկանա՝ հասարակ գորտնո՞ւկ է, թե՞ ՄՊՎ-ով պայմանավորված բարդություն է առաջացել։

Հասարակ գորտնուկի հիմքում էլ է ՄՊՎ-ն։ Դրանք պապիլոմավիրուսի դրսևորումներ են։ Ցանկացած բան, որը դուրս է նորմայի սահմաններից՝ ունենք ավել գոյացություն, վերքային մակերես, կարող է հանդիսանալ ՄՊՎ դրսևորում։ Այդ ավելորդ գոյացությունները դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում համեմատաբար բարորակ են, իսկ խոցաէրոզիվ փոփոխությունները բարդ ընթացք ունեն։ Ուստի պետք է դիմել բժշկի ու հասկանալ, թե ինչ գոյացություն է։

Գեղեցկության սրահներում մարդու մարմնին փոքր խալ տեսնելիս հաճախորդին ասում են՝ արի վառենք, մի՞թե կարելի է։

– Ցավոք, հայկական իրականության մեջ մարդիկ ինչ-որ գոյացություններ հեռացնում են նաև գեղեցկության սրահներում։ Իմ կարծիքն այս առումով բացասական է, որովհետև ցանկացած գոյացության հեռացում պետք է իրականացվի լիցենզավորված բժշկական հաստատությունում և բժշկական կրթություն ունեցող մասնագետի կողմից։ Գեղեցկության սրահներում իրականացված դեպքերի մասին, ցավոք, լսում ենք այն ժամանակ, երբ արդեն օնկոլոգիական բաժանմունքներում են հայտնվում մելանոմայի մետաստազներով։ Պետք է մարդիկ հրաժարվեն նման կենտրոններում այդպիսի ծառայություններ ստանալուց։

Պապիլոմավիրուսը կանխելու համար կա պատվաստանյութ, բայց շատերը խուսափում են դրանից։

– Պատվաստանյութերի նկատմամբ բացասական վերաբերմունքը միայն ՀՀ-ում չէ։ Հավատացնում եմ, որ առ այսօր մի շարք վարակիչ և ոչ վարակիչ խնդիրների կանխարգելման լավագույն տարբերակը իմունիզացիան է։ Ինֆեկցիոն մի շարք հիվանդություններից մահվան դեպքեր այսօր չունենք կանխարգելման և իմունիզացիայի արդյունքում։ Հայաստանում կա «Գարդասիլ 4»-ը, որը 4 օնկոգեն շտամերից է պաշտպանում։

Հարցն այն է, որ դա միգուցե մեզ չի պաշտպանի սովորական գորտնուկներից, բայց կարողանում է կանխարգելել ոչ միայն արգանդի պարանոցի քաղցկեղը, այլև ուղիղ աղու անալ բացվածքի քաղցկեղը, բերանի խոռոչի քաղցկեղը՝ երկու սեռերի դեպքում։ ՀՀ-ում դեռ իրականացվում է դեռահաս աղջիկների շրջանում, քանի որ խորհուրդ է տրվում իմունիզացված լինել՝ մինչև վիրուսին հանդիպելը։

Ես իմ աշխատանքի բերումով հաճախ եմ առնչվում ՄՊՎ ունեցող բուժառուների հետ, և իմ անվտանգության համար պատվաստվել եմ։

Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե պատվաստանյութն անպտղություն է առաջացնում, դա որևէ հիմնավորում չունի։ Նույնիսկ լսել ենք արտահայտություններ, թե պատվաստանյութը վերցվել է «հայու գենը վարի տալու» համար։ Խոսում են բենզոլ պարունակելու մասին, բայց եթե Հյուսիսային պողոտայով երկու անգամ գնանք-գանք, միգուցե ավելի շատ բենզոլ շնչենք, քան պատվաստանյութում առկա իքս պարունակությունն է։

ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետում գիտնականները փորձում են պապիլոմավիրուսը բուժելու համար այլընտրանքային միջոցներ փնտրել՝ հիմնականում կաթնաթթվային բակտերիաների միջոցով։ Կա՞ համագործակցություն։

– Ես կողմ եմ ապացուցողական բժշկությանը։ Ինֆորմացիոն դաշտը բաց է, կարողանում ենք տիրապետել ամերիկյան ակադեմիայի, եվրոպական ուղեցույցներին։ Եվրոպական երկրներում ևս փորձում են այլընտրանքային տաբերակներ գտնել՝ ՄՊՎ-ն բուժելու համար։

Ապացուցողական բժշկությունն այսօր ասում է, որ ՄՊՎ-ի դրսևորումների դեմ պայքարը տարվում է քայքայիչ գործողություններով։ Այսինքն, եթե ունենք գորտնուկներ՝ դա լազերային, հեղուկ ազոտով սառեցման, վիրաբուժական, արտաքին օգտագործման տարբեր լուծույթային կամ կրեմային դեղամիջոցներով քայքայումն է։ Հաճախ նկատում ենք, որ չհիմնավորված դեղամիջոցներ են նշանակում՝ հիմքում դնելով այն, որ պետք է իմունային համակարգը բարձրացնեն, որպեսզի կարողանան հաղթահարել ՄՊՎ-ն։ Եվրոպական, ամերիկյան մաշկաբանների ուղեցույցներում հստակ նշված է, որ բիոակտիվ հավելումները, տարբեր տեսակի իմունային խթանիչները չեն հանդիսանում ՄՊՎ-ի բուժման տարբերակ։

Որո՞նք են պապիլոմավիրուսի բուժման տարբերակները։

– Հաճախ եմ ասում, որ մենք բուժում ենք բուժառուին, ոչ թե լաբորատոր հետազոտության արդյունքը։ Եթե չկան գորտնուկներ, խոցաէրոզիվ փոփոխություններ, կլինիկական որևէ ախտանշան, տվյալ բուժառուն շարունակում է գտնվել հսկողության ներքո։ Եթ չկա գորտնուկ, որը պետք է քայքայենք անկախ լաբորատոր արդյունքից՝ մենք այնտեղ անելիք չունենք։ Բուժումը լինում է դեղորայքային և դեստրուկտիվ՝ լազերային վիրաբուժություն, հեղուկ ազոտով սառեցում։ Կան դեղորայքներ, որոնք ունեն քայքայիչ ազդեցություն։

Ամեն դեպքում, ի՞նչ անել, որպեսզի չառաջանա պապիլոմավիրուս։

– Չշփվել պապիլոմավիրուս ունեցող անձնանց հետ, իսկ սեռական գորտնուկներից խուսափելու համար լավագույն տարբերակը մինչև սեռական կյանք սկսելը պատվաստվելն է։ Կարևոր է չունենալ անպաշտպան հարաբերություն, մեկից ավելի զուգընկեր։

ՀՀ-ում կան խանութներ, որտեղ հնարավոր է ներքնազգեստ փորձել ու այս դեպքում ոչ միայն մարդու պապիլոմավիրուսի փոխանցում կունենանք, այլև մաշկային այլ հպավարակիչ խնդիրներ։

Ուրիշի շորն ու կոշիկը պետք չէ հագնել։ Ընտանիքում եթե 5 հոգի են, պետք է ունենան իրենց առանձնացված սրբիչները։

Տեսանյութեր

Լրահոս