Հայ գիտնականները մեղվի թույնից հակաքաղցկեղային դեղամիջոց ստանալու քայլեր են կատարում․ ուղիներ են փնտրում նաև արգանդի վզիկի քաղցկեղի բուժման համար

ԵՊՀ-ում փորձում են մեղվի թույնից հակաքաղցկեղային դեղամիջոց ստանալ, աշխատանքներ են տարվում նաև պապիլոմավիրուսի կանխարգելման ուղղությամբ։ Մանրամասների մասին զրուցել ենք ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, ավագ գիտաշխատող Ինգա Բազուկյանի հետ։

– Նախքան ուսումնասիրությունների մասին խոսելը, խնդրեմ` ասացեք, թե ինչպե՞ս հայտնվեցիք կենսաբանության ոլորտում։

– Երրորդ սերնդի կենսաբան եմ։ Պապիկս, հայրս ու մայրս կենսաբան էին, ու թվում էր, որ մասնագիտություն ընտրելու ուրիշ տարբերակ չպետք է լինի, չնայած շատ երկար զրուցում էինք մայրիկիս, հայրիկիս հետ։ Քննարկվում էր նաև բժշկական մասնագիտությունն ընտրելու հարցը, բայց ինչպես ասում են՝ երեխան օրորոցից է երևում։ Ուրիշ ոչ մի տարբերակ ես չէի տեսնում, սակայն, ինչպես տեսնում եք, լինելով կենսաբան՝ ապագա մասնագիտությունս կապեցի այն ուղղության հետ, որն անմիջական կապ ունի մարդու առողջության հետ։

Ասեմ, որ մայրս աշխատում էր ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում, և ամբողջ ամառն այնտեղ էի։ Քանի որ մայրս քիմիական նյութերից լուծույթներ էր պատրաստում, առաջին հերթին քիմիական նյութերն էի շատ սիրում իրար հետ խառնել։

Մայրս պատմում է, որ 2-3 տարեկանում հողի հետ խաղալիս անձրևորդերին եմ հանել։ Հիշում եմ, 10 տարեկանում ամսագրում հոդված էի կարդացել, որ անձրևորդերին երբ կիսում ես, իրենց դեգեներացիոն մեխանիզմն այնքան ուժեղ է, որ վերականգնվում են։ Կիսում էի ու սպասում այնքան ժամանակ, որ որդը վերականգնվեր, եթե այդպես չէր լինում՝ նեղված գնում էի մայրիկիս մոտ ու ասում՝ ոչինչ, միջոց կգտնեմ։ Իսկ Կենդանաբանական այգին սիրելի վայրերից մեկն էր․ ժամերով կենդանիների վանդակի մոտ կարող էի կանգնել ու նայել, թե ինչպես են շարժվում։ Մայրիկս նույնիսկ մտավախություն ուներ, որ կենդանաբան կդառնամ։ Սակայն, երբ պետք էր ընտրել նեղ մասնագիտություն, գերադասեցի մանրէաբանությունը։

Կարդացեք նաև

Այսօր մանրէաբանների կարիք շատ ունենք։

– Այո։ Քանի որ ուսանողներին նախապատրաստւմ եմ հենց սննդի ոլորտում աշխատելու համար, ամեն օր զանգահարում են սննդի տարբեր արտադրություններից, դեղագործական կազմակերպություններից, որ եթե ունենք ուսանողներ՝ ուղարկենք աշխատելու։ Ուսանողներից շատերը, հետագայում ավարտելով ԵՊԲՀ օրդինատուրան՝ հնարավորություն են ստանում աշխատել ախտորոշիչ լաբորատորիաներում։ Պահանջն իրոք շատ մեծ է։

Ինչո՞ւ են քչերը նախընտրում այս ոլորտը։

– Տնտեսագետներն են, չէ՞ ասում՝ պահանջարկն ապահովում է առաջարկը։ Հույս ունեմ՝ տարիների ընթացքում ուսանողների թիվը կմեծանա։ Գիտության նկատմամբ հետաքրքրությունը մի փոքր նվազել էր, քանի որ ուշադրություն քիչ էին դարձնում։ Այն ուսանողները, որոնք իրոք պոտենցիալ ունեին, նախընտրում էին գնալ արտասահման և մնում էին, իսկ մնացած ուսանողները կատարված աշխատանքի դիմաց չգտնելով համապատասխան աշխատավարձ՝ ստիպված էին լքել գիտությունը և զբաղվել այլ աշխատանքով։ Շնորհակալ եմ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին․ վերջին 3-4 տարում գիտության նկատմամբ ուշադրությունը բարձրացել է։ Լաբորատորիաները վերազինվում են նոր սարքավորումներով, ֆինանսավորում ենք սկսել ստանալ, երիտասարդները վերապատրաստվում են արտասահմանում։

Կարծում եմ՝ մասնագիտության հանդեպ սեր արթնացնելու համար կարևոր է նաև դպրոցական կրթությունը։ Մոտենում են դպրոցական ավարտական քննությունները, և երեխաները խուսափում են «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնել՝ նշելով, որ լավ չեն տիրապետում։ Ձեր ժամանակ ինչպե՞ս էին դասավանդում, ի՞նչ կարելի է փոխել հիմա։

– Կարծում եմ՝ հիմա մի փոքր լավ է վիճակը, դպրոցներում ստեղծվում են լաբորատորիաներ, որպեսզի աշակերտներն ինչ-որ փորձեր կատարելու հնարավորություն ունենան։ Սկսել են մարզերի դպրոցներից, և հուսով եմ, որ շուտով նաև Երևանի դպրոցներում կլինի այդպես։ Լաբորատորիան կարևոր է, այն ոգևորում է աշակերտին։ Կարևորում եմ նաև դպրոց և գիտնական կապը։ Շատ ուսուցիչներ աշակերտների հետ գալիս են մեր լաբորատորիա, և կատարում ենք փորձեր, որոնք նույնիսկ տան պայմաններում կարող է աշակերտը կատարել։ Օրինակ, մեր ժամանակ դպրոցում ունեինք քիմիայի լաբորատորիա, և այդ քիմիական փորձերն ինձ շատ էին ոգևորում։ Երբ արդեն 10-րդ դասարանում էի սովորում, ուրիշ ոչ մի տարբերակ չկար՝ գնում էի «Կենսաբանության» ֆակուլտետ։

Նման ոգևորությամբ նաև հիմա՞ են երիտասարդները գալիս այդ ֆակուլտետ։

– Ինձ թվում է՝ կուրսում միանշանակ կա մի մաս, որը ոգևորված եկել է կրթություն ստանալու, իսկ ուսանողների մյուս մասին ոգևորում է դասախոսը։

Խոսենք ամբիոնում կատարվող ուսումնասիրությունների մասին․ փորձում եք ստանալ մերան, որը կօգտագործվի արտադրության մեջ։ Աշխատանքները ո՞ր փուլում են։

– Համալսարանները կարևորում են ուսանողակենտրոն ուսուցումը։ Օրինակ, ուսանողները մեր լաբորատորիա գալիս են իրենց հետաքրքրող հարցերով։ Գալիս ասում են, թե՝ ուզում ենք նոր պանրատեսակ, յոգուրտ արտադրել, կամ պատմում են, որ որպեսզի ճնշումն իջեցնի՝ տատիկը թանին նանա է ավելացնում, ապա հարցնում, թե այն գիտական հիմք ունի՞։ Պարզ է, որ ցանկացած ավանդական բժշկության հիմքում կան գիտական ապացույցներ։ Պատասխանում եմ, որ եթե իրենց հետաքրքրում է՝ կփորձենք։

1992թ․ սկսած պտտվում ենք ՀՀ գյուղերում, հավաքում հայկական մածունների, պանիրների, ռեժանի նմուշներ և փորձում ուսումնասիրել, թե մեր մածունների, պանրի մեջ կաթնաթթվային ինչպիսի՞ բակտերիաներ կան, և կարևոր ի՞նչ հատկություններով են օժտված։ Ավանդական բժշկության մեջ կա, չէ՞, երբ արևահարվում են, մաշկին մածուն են քսում, կամ, երբ փորլուծություն է, ի՞նչ ենք ուտում կամ խմում․ շիլա կամ մածուն։

Ասում ենք՝ ի՞նչն է նման հատկություն տալիս ավանդական մածունին կամ պանրին․ պարզվում է՝ մեր մածուններում կան այնպիսի բակտերիաներ, որոնք օժտված են կարևոր հատկություններով։ Միայն իմ լաբորատորիայում կաթնաթթվային բակտերիաների 1000-ից ավելի շտամ է պահպանվում։ Ընտրվել են ըստ իրենց ունակության՝ ճնշել ախտածին բակտերիաներին։

Լավագույններով փորձում ենք պատրաստել ինչ-որ մերան և ուսանողների առաջարկով մածունին փորձեցինք ավելացնել նանա, իսկ եթե թթու է ստացվում մածունը, ինչպե՞ս կարող ենք քաղցրացնել, որ շաքարային դիաբետով մարդիկ ևս օգտագործեն, ուրեմն եկեք մեղրախոտ ավելացնենք։ Փաստորեն, հիմա նանայի, մեղրախոտի լուծամզվածքով ունենք մի յոգուրտ, որն առաջարկում ենք մեր արտադրողներին։

Շատ կարևոր է գիտահետազոտական լաբորատորիա և արտադրություն կապը։ Այն բակտերիան, որն իրեն լավ պահում է լաբորատորիայում՝ փոքր քանակություն մերելու համար, կարող է արտադրական քանակություններով իրեն ընդհանրապես չարդարացնել։

Պատահո՞ւմ է, որ հենց արտադրողներն են առաջարկով դիմում ձեզ։

– Շատ է լինում։ Հաճախ դիմում են, որ ինչ-որ բաներ փորձենք, նաև ուղղություն ենք տալիս, որ իրենց արտադրությունը սպառողների համար լինի ավելի անվտանգ։ Բայց համալսարանը մնում է համալսարան, քանի որ գիտական լաբորատորիա ենք և ոչ մասնավոր լիցենզավորված լաբորատորիա։ Հետագայում, որպեսզի ապացուցվի իրենց անվտանգ սնունդը, միանշանակ պետք է դիմեն լիցենզավորված լաբորատորիա։ Մենք միայն ուղղություն կարող ենք տալ՝ առողջարար ու համեղ արտադրանք ստանալու համար։

Կարո՞ղ ենք ասել, որ արտադրողներին հետաքրքրում են նորամուծությունները։

– Կան արտադրողներ, որոնք հետաքրքրվում են, բայց հարցն այն է, որ արտադրողը, որը տոննայով արտադրանք է արտադրում, նախընտրում է ունենալ այնպիսի արտադրանք, որը կլինի արագ և քիչ էներգածախս, որպեսզի ինքնարժեքը լինի էժան։ Մեր մերանները, ցավոք, դեռ չեն կարողանում մրցակցել ներմուծվող մերանների հետ, քանի որ դրանք տարիներով մշակվել են՝ արտադրությունում օգտագործվելու համար։ Եվ արտադրողն ասում է՝ եթե ձերը պետք է մերեմ ոչ թե 3, այլ 5 ժամում, իմ էներգածախսն այնքան է շատանում, որ ինքնարժեքն ինքնըստինքյան բարձրանում է։ Համաձայն եմ դրա հետ։ Փորձում ենք այնպես անել, որ մեր մերանն էլի կրճատի իր ժամանակահատվածը, բայց դա տարիների աշխատանք է պահանջում։ Մենք պետք է անենք այդ գործը։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ եթե ուզում եմ արտադրել սննդամթերք, որը կարևոր կլինի մարդու առողջության համար, ապա չեմ կարող կրճատել ժամանակահատվածը։ Պետք է աճեցնեմ այնքան ժամանակ, որ բակտերիան ցուցաբերի իր կարևոր հատկությունները, լինի յոգուրտում, բարելավի մարդու առողջությունը։ Այսինքն, այստեղ դիլեմա է․ կամ արագ, բայց ոչ առողջարար, կամ թանկ, բայց առողջարար։ Այստեղ արդեն սպառողն է ընտրելու․ գուցե պատրաստ է վճարել այդ գումարը։

Դուք նաև այլընտրանքային միջոցներ եք փնտրում արգանդի պարանոցի քաղցկեղ հանդիսացող պապիլոմավիրուսի կանխարգելման ուղղությամբ։ Ի՞նչ ասել է՝ այլընտրանքային միջոց․ դեղաբո՞ւյս է լինելու։

– Ոչ, կրկին վերադառնում ենք մեր կաթնաթթվային բակտերիաներին։ Կնոջ հեշտոցն այնպիսի համակարգ է, որտեղ կարող են և՛ ախտածինները մտնել, և՛ ցանկացած ուրիշ բակտերիա, բայց ինքն իրեն պաշտպանում է նրանով, որ ունի իր միկրոբիոման։ Եվ ինչքանով առողջ լինի այն, ախտածինը եթե անգամ հայտնվի հեշտոցում՝ չի հարուցի հիվանդություն։

Առաջին հերթին պետք է ուսումնասիրենք հայկական պոպուլյացիայի միկրոբիոմը՝ առողջ կանանց մոտ, որպեսզի հասկանանք, թե ո՞ր բակտերիաներն են բնորոշ հայկական պոպուլյացիային, և որո՞նք են մեզ համար կարևոր, որպեսզի ստեղծենք պատնեշ։

Միկրոբիոմը խաթարվում է, երբ ինչ-որ հիվանդության պատճառով կինը ստիպված է խմել հակաբիոտիկներ, որը սպանում է մեր միկրոբիոմը։ Դրա համար հակաբիոտիկից հետո մենք սովորաբար ունենում ենք լուծ, մարսողական խնդիրներ և այլն։ Նույնն էլ տեղի է ունենում հեշտոցում։ Պատնեշը չկա, ախտածինը կարող է մտնել և բազմանալ։ Ուզում ենք ուսումնասիրել, թե որո՞նք են այդ մանրէները, որոնք կարևոր են կնոջ առողջության համար։ Դրանք միանշանակ կաթնաթթվային բակտերիաներն են։

Համեմատություն ենք կատարել ՀՀ-ում բնակվող մոլոկանների, եզդիների հեշտոցային միկրոբիոմների հետ՝ հասկանալու, թե իրո՞ք կան տարբերություններ։ Ի դեպ, տարբերություններն արդեն բացահայտել ենք և արդեն ունենք որոշակի կաթնաթթվային բակտերիաներ, որոնք օժտված են կարևոր հատկություններով։ Հաջորդիվ ուզում ենք հասկանալ՝ երբ որ պապիլոմավիրուսն արդեն ներթափանցել է, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում միկրոբիոմում, ի՞նչն է պակասում կնոջ մոտ, որ պապիլոմավիրուսով վարակվեց, կարո՞ղ ենք վերականգնել միկրոբիոմը՝ հետ մղելով պապիլոմավիրուսին, որպեսզի իր կողմից հարուցվող փոփոխությունները տեղի չունենան։ Ունենալու ենք 4 խումբ բուժառուներ․ առողջ, պապիլոմավիրուսով դրական և առանց փոփոխությունների, պապիլոմավիրուս՝ դիսպլազիայով, որ արդեն կան հյուսվածքային փոփոխություններ, բայց դեռ քաղցկեղ չի ձևավորվել, և քաղցկեղով բուժառուներ։ Անջատելու ենք ԴՆԹ։ Յուրահատուկն այն է, որ այն ուսումնասիրելու ենք մոլեկուլային գենետիկական մակարդակով։ Կփորձենք հասկանալ, թե կնոջ մոտ ո՞ր մանրէն է պակաս կամ շատ, որ վարակվել է։

Հիմա կասեն՝ ինչո՞ւ եք տանջվում, ունենք պատավաստանյութ, այդքան քննարկման առարկա դարձած «Գարդասիլը»՝ օգտագործեք։

– Միանշանակ պատվաստանյութը կարևոր է, չեմ ասում, որ պատվաստանյութի փոխարինող ենք գտնում։ Հետազոտությունը կարևոր է նաև նրանով, որ ոչ միայն պապիլոմավիրուսի դեմ կլինի, այլև կարևորվում է կանանց առողջությունը, որովհետև մենք գիտենք՝ եթե պատնեշը կա, ոչ մի ախտածին չի մտնի։ Հիմա պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլը» կա, շատ լավ է, բայց մնացած ախտածինների դեմ պատվաստանյութեր դեռ չկան։

Փորձում եք հակաքաղցկեղային դեղամիջոց ստանալ մեղվի թույնից։ Խոսքը ո՞ր հիվանդությունների բուժման մասին է։

– Հետազոտությունը սկսվեց այն պատճառով, որ վերջին տասնամյակում մեղուները շատ են հիվանդանում տարբեր հիվանդություններով և սատկում, ինչը լուրջ խնդիր կարող է լինել մեր գյուղատնտեսության համար։ Մեղուն կարևոր փոշոտիչ է, ու, եթե սատկում է, ապա մեծ խնդիր կունենանք՝ բերք ստանալու առումով։ Սա համաշխարհային հիմնախնդիր է։

Հայաստանում իրավիճակը մի փոքր լավ է, քան ուրիշ երկրներում։ Մեզ հետաքրքրում էին մեղուների աղիները և այն, թե ի՞նչն է ապահովում մեղվի առողջությունը։ Իրականում մեղվի առողջությունը կապված է էլի նույն կաթնաթթվային բակտերիաների հետ։ Մեղվի աղիների 80-90 տոկոսը լցված է կաթնաթթվային բակտերիաներով, որոնք, ինչպես կնոջ հեշտոցի առողջությունն են ապահովում, այնպես էլ՝ մեղվինը։ Եվ մենք փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք մեղուների աղիներում բնակվող կաթնաթթվային բակտերիաներն ազդեցություն են թողնում մեղվի թույնի վրա։ Պարզվեց, որ մեղվի թույնի կազմությունը տատանվում է ամեն տեսակի գործոններից, օրինակ, տարվա եղանակներից։ Ավելի ակտիվ է աշնանը։ Կարևոր է նաև այն, թե մեղվի փեթակը ո՞ր տարածաշրջանում է գտնվում։

Եթե մեղուն իրեն լավ է զգում՝ մեղվաթույնն ավելի ակտիվ է և կայուն։ Հետազոտություններն անում էին մեղվափեթակներում, որոնք չէին տեղաշարժվում, որպեսզի հասկանայինք, թե տվյալ տարածաշրջանն ինչպե՞ս է ազդում մեղվաթույնի վրա։ Հետո մեզ բերեցին մեղվաթույնի նմուշ, որը հավաքվել էր տեղաշարժվող փեթակներից։ Դրանք տեղաշարժվում են, որպեսզի ապահովեն լիարժեք սնունդ։ Մեղուն տարբեր ծաղիկներից նեկտար է հավաքում, որն էլ ազդում է մեղվաթույնի վրա։ Ստացվեց, որ հավաքական թույնն ավելի ակտիվ է։

Մեր կոլեգաներին խնդրեցինք հետազոտել թույնը՝ որպես հակաքաղցկեղային միջոց․ ուսումնասիրվել է երկու գծի վրա․ մեկը հեշտոցի պարանոցի գծի քաղցկեղն է, մյուսը՝ թոքերի քաղցկեղային բջիջների գիծը։ Մենք տեսանք, որ մեղվի թույնը մոտավորապես 48-53 տոկոսով նվազեցնում է քաղցկեղային բջիջների բազմացումը։ Հետագա ուսումնասիրությունները ևս կարևոր են, որպեսզի հասկանանք՝ հակաքաղցկեղային ակտիվությունն ինչո՞վ է պայմանավորված, արդյո՞ք մեկ նյութով, թե՞ հավաքածուի շնորհիվ է, որ ունի հակաքաղցկեղային ազդեցություն։

– Սա չի նշանակում, չէ՞, որ մարդիկ պետք է գնան, կանգնեն, որ մեղուն իրենց խայթի
։

– Նախ և առաջ՝ պետք է զգույշ լինել, որովհետև մեղվի թույնն ալերգեն է, մեծ քանակությամբ տարբեր սպիտակուցներ է պարունակում, որոնք կարող են ալերգիա հարուցել, ինչը կարող է անգամ մահվան պատճառ հանդիսանալ։ Բայց այն մարդիկ, ովքեր ալերգիա չունեն, ու մեղուն խայթում է, իրենց համար վտանգավոր չէ։ Սակայն պետք է ասեմ, որ մեկ անգամ խայթելու դեպքում ամեն հիվանդությունից չես բուժվի։ Մենք հատուկ սարքի միջոցով մեծ քանակությամբ թույն ենք հավաքում և իրականում պետք է հասկանանք՝ կարո՞ղ ենք մեղվի թույնը հենց այնպես օգտագործել, որովհետև շատ վտանգավոր է թույնը ներարկել, քանի որ առողջական լուրջ խնդիրներ կարող են լինել։

Դեպք է եղել, որ մեղվին դրել են կնոջ պարանոցին, չի կծել, ավելի ուշ պարզվել է, որ քաղցկեղ ունի, և այն 4-րդ աստիճանում է։ Սա ենթադրո՞ւմ է, որ մեղուները կարող են զգալ հիվանդության առկայությունը։

– Դժվար հարց է։ Ընդհանրապես հայտնի է, որ կենդանիները կարող են զգալ տարբեր հիվանդություններ։ Վարժված շները կարող են զգալ, թե շաքարային դիաբետով տառապող մարդու արյան մեջ երբ է շաքարը բարձրանում։ Գուցե կա նման բան։

Ձեզ հետաքրքրո՞ւմ են սատկած մեղուները, որովհետև կան ուսումնասիրություններ, որ դրանք ևս օգտագործվում են բժշկության մեջ։

– Ցանկացած սատկած մեղու ինձ հետաքրքրում է նրանով, թե ինչի՞ց է մահացել, որովհետև դրանով կարող ենք բացահայտել և կանխել տարածաշրջանում հիվանդությունների զարգացումը։ Եթե բակտերիական հիվանդություն է, ապա պետք է ձեռնարկենք միջոցներ, որպեսզի հիվանդությունը չտարածվի։ Անցած տարի նման դեպք եղավ, և պատճառը սնկային հիվանդությունն էր։ Մեզ բերել էին 1998թ․ հավաքած մեղվի թույնի նմուշ, և այն լավ ակտիվություն ուներ։ Պահման պայմանները շատ կարևոր են։ Եթե մեղուն սատկած է, ընկած արևի տակ, պարզ է, որ նույնիսկ առողջ բակտերիաները, որոնք կային իր աղիներում, չեն կարող ողջ մնալ։

Ուսումնասիրում եք հայկական և բուլղարական մեղուների թույնը, ինչո՞ւ։

– Դրամաշնորհի խորհրդատուն Սոֆիայի պետական համալսարանի գենետիկայի ամբիոնի վարիչն էր, բուլղարական մեղուների ուսումնասիրման մեծ փորձ ուներ, և հետաքրքրություն կար համեմատել հայկական և բուլղարական մեղվի աղիում գտնվող մանրէները։ Միանշանակ տարբերություններ կային․ բուլղարականն իր ֆլորան ունի։ Հետաքրքիր է այն, որ կա բակտերիաների ստանդարտ հավաքածու, որը հանդիպում է բոլոր մեղուների աղիներում։ Վերլուծություն ենք արել ու հասկացել, որ հայկական մեղուները բազմազան միկրոբիոմ ունեն և դրանով նման են Նոր Զելանդիայի մեղուներին։ Մնացած երկրներում մեղուների աղիները շատ սահմանափակ են իրենց բազմազանությամբ։

Կարո՞ղ ենք ասել, որ ունենք մրցունակ գիտություն, և, հատկապես մանրէաբանները, իրենց խոսքը դեռ ասելու են։

– Ուզում եմ հավատալ նրան, որ ունենք մրցունակ գիտություն, և ամեն ինչ անում եմ դրա համար։ Մենք տպագրում ենք հոդվածներ՝ բարձր վարկանիշ ունեցող Q1 ամսագրերում, որոնք համաշխարհային հանրությունն ընդունում է։ Եթե Q1 ամսագրում հոդված ենք տպագրում, ուրեմն մեր գիտությունը մրցունակ է, որովհետև դրա համար բարձր մակարդակի հետազոտություններ պետք է անես, լինեն բազում գրախոսություններ։ Իմ հոդվածն ունեցել է 5 գրախոս, որից հետո եղել է ամսագրում հոդվածը տպագրելու թույլտվություն։ Ինչ վերաբերում է մանրէաբանների խոսքին, միանշանակ համաշխարհային գիտությունում հայտնում ենք։

Տեսանյութեր

Լրահոս