
Մի՛ մտեք ազգաքանդ, պետականաքանդ իր դաշտ. եթե դու այդ դաշտում կարողանաս հաղթել Նիկոլ Փաշինյանին, ուրեմն դու կամ Փաշինյան ես, կամ նրանից վատն ես. Նարեկ Մանուկյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Վ․Ա․ Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» նախկին տնօրեն և նորաստեղծ «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Իմ տարաձայնությունները մեր միասնության գաղափարի դեմ արտահայտվողների հետ է՝ կլինի դա Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ մեկ այլ անձ։ Բոլորս պետք է ապրենք միասնության գաղափարով, որպեսզի հետագայում ունենանք երկիր։ Իսկ ինչ վերաբերում է երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ապա նրա բոլոր գործողություններն ուղղված են այդ միասնականության դեմ։
- Արցախը համարում եմ մեր հայկական պատմական հողը։ Երկու խնդիր կա՝ մեկը, որ Արցախը հիմա մեզ մոտ չի գտնվում, մյուսը, որ միջազգային հանրությունն այն ճանաչում է Ադրբեջանի մաս։ Միգուցե դիվանագիտական հարթության մեջ խնդիրներ կան, բայց դա չպետք է խանգարի որևէ անձի՝ իրերն անվանել իրենց անուններով։
- Երբևէ կյանքում կուսակցական չեմ եղել, ինձ չէին կարող ստիպել չգործածել «Արցախ» բառը։ Առաջարկներ եղել են կուսակցական՝ ՔՊ-ական դառնալու, մերժվել են։
- Ես իմ գործն եմ արել, ղեկավարել եմ բուժհիմնարկը՝ «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը», ու դա արել եմ պատվով, բազմաթիվ ծրագրեր ենք արել, ու դա չեմ կապել քաղաքականության հետ։ Կյանքում եկավ մի փուլ, կատարում ես քո գործը, բայց երբ տեսնում ես երկրում կատարվող գործընթացները, հասկանում ես, որ անտարբեր չես կարող լինել։ «Արմենիա 2026» շարժումը դրա արդյունքում ծնվեց։
- Եկեղեցին կարևորագույն պետական կառույց է, պետություն պահող, պետության դեր կատարող, ու նրա ֆունկցիան կապել մարդկանց անձնական կյանքի հետ՝ աբսուրդ է։ Եվ եթե ինչ-որ խնդիր եղել է, որն այսօր հնչեցվում է՝ կապված կուսակրոնության հետ, դա պիտի լինի տվյալ անձի ու Աստծո, բայց ոչ երբեք՝ պետության ու Եկեղեցու միջև։ Հուսամ՝ Աստվածաբանության ֆակուլտետը մի օր կխոսի Եկեղեցու դերի մասին։
- Ընդհանրապես ընդունելի չէ եկեղեցին վարկաբեկելը, կազմաքանդելու փորձ անելը, առավել ևս՝ երկրի ղեկավարի կողմից։ Դա իր դեմ է շուռ գալու։ Եկեղեցու շուրջ ասեկոսեներ միշտ եղել են ու կլինեն, և անկեղծ ասած՝ դրանք երբեք ինձ չեն հետաքրքրել։ Մոտեցումը պետք է լինի այն, որ Եկեղեցու հետ կապված խնդիրները չպետք է նման կերպ լուծել, խնդիրը չի կարելի դարձնել արատ կամ պիտակ, հեղինակազրկել կառույցը, պառակտել հասարակությունը։ Խնդիր կա՞, պետք է լուծել, և պարտադիր չէ դա անել հանրային ձևով։ Որովհետև այդպիսով դու ավելի մեծ վնաս ես հասցնում և ոչ թե խնդիրն ես լուծում:
- Եթե կա պայմանավորվածություն, եթե կա կարծիք, որ Եկեղեցու դեմ հարձակումներն Ադրբեջանի ցուցումով է, դա կոնկրետ անուն ունի՝ դավաճանություն, և դրանով պետք է ԱԱԾ-ն զբաղվի, ու այդ մարդը մեկ վայրկյան ավել չպետք է պաշտոնավարի։ Ես չեմ կարող նման բան պնդել, բայց դա սոսկ քրեական հոդվածն է փոխում։ Մեծ հաշվով, հասցված վնասի արդյունքը նույնն է։
- Ոչ միայն հասարակությունը, այլև քաղաքական ուժերն ու քաղաքական հանրույթը նման ազգաքանդ, պետականաքանդ դաշտ չպետք է մտնեն։ Չպետք է ներքաշվել Նիկոլ Փաշինյանի այդ օրակարգերի մեջ: Դաշտը պետք է փոխվի, որովհետև եթե դու այդ դաշտում կարողանաս հաղթել Նիկոլ Փաշինյանին, ուրեմն դու կամ Փաշինյան ես, կամ նրանից վատն ես։ Դժվար է, նյարդայնացնող, երբ առավոտյան արթնանում ու նման թեզեր ես կարդում…
Խնդրի խորությունը գիտակցելով՝ հասարակությունը պետք է այդ դաշտից դուրս գա ու պայքարն այլ դաշտում տանի։ Լաչառական պահվածքը սազական վարքագիծ չէ նորմալ տղամարդու և կնոջ կամ քաղաքական ուժի, առավել ևս՝ երկրի ղեկավարի կողմից։ Չպետք է տրվել կեղծ օրակարգերին։ Վաղը նա կարող է մի տեսանյութ հրապարակել, ասել՝ տեսե՛ք, ես ճիշտ էի։ Հարց է ծագում՝ ո՞ր դաշտում էիր ճիշտ։ Դու քանդում ես այն, ինչ ի պաշտոնե պիտի պաշտպանես, իհարկե, եթե սիրում ես այս երկիրը։ Սա պետության ղեկավարի համար շահեկան չէ։ Լավ, ասենք՝ 2026թ.-ին էլ հաղթեցիր, մնացիր իշխանության, 2031-ին էլ, բայց երկիրը կործանվում է, չէ՞։ Դա քեզ չի՞ մտահոգում:
- Սկսած 1995թ.-ից՝ մեր երկիրը բոլոր ղեկավարների ժամանակ զարգացել է։ Այսօր մեր երկրի հիմնարար խնդիրներն անվտանգության մեջ են։ Ու երբ գիտես, որ կան երկրներ, որոնք ուզում են՝ մեր պետությունը չլինի, ո՞ւմ է պետք զարգացող տնտեսության մասին քո խոսույթը։
- Եթե ընտրող ես, գնում ես ընտրության, ու գիտես՝ ապացուցված, տեսաերիզներով այդ մարդը 100 անգամ քեզ սուտ է ասել, որպես երկրի ղեկավար՝ կընտրե՞ս նրան։ Իհարկե ո՛չ։ Նախկինում սուտ ասող մարդուն աղջիկ չէին տալիս։ 7-8 տարի տեսել են մարդիկ, չգիտե՞ն՝ ինքն ով է։
Մարդիկ նույն ֆիլտրերը պիտի դնեն նոր եկող ուժերի պարագայում։ Մեր պարագայում պետության ղեկավարի ընտրությունը կյանքի կարևորագույն ընտրություններից է։ Շատ նուրբ ու մտածված է պետք դրան վերաբերվել։ Առկա խնդիրը մատնացույց անել, խնդրի մասին բարձրաձայնելը, ելույթներ ունենալը դեռ չի նշանակում, որ դու կարող ես ադ խնդիրը լուծել։ 2018թ.-ից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ խնդիրներ էր բարձրաձայնում, շատ լավ խոսում էր այդ խնդիրների մասին, բայց կարողացա՞վ այդ խնդիրները լուծել։ Իհարկե ո՛չ: Այդպես լինի, բլոգերներն էլ են շատ խնդիրներ բարձրաձայնում, բայց կիլոմետրերով հեռու են դրանք լուծելուց։
- Թե ինչ տիպի իշխանություն կձևավորվի 2026թ., կախված կլինի՝ ինչպիսին կլինի մեր ապագան։
- 1990-ականներին մենք հայրենիք ազատագրեցինք, բայց, ցավոք, հաղթանակի այդ տարիները ժողովրդի հիշողության մեջ մնացին՝ որպես մութ ու ցուրտ տարիներ։ Հետո եղան կոռուպցիոն դրսևորումներ, ընտրությունների հետ կապված խնդիրներ։ Հիմա մարդիկ կան, ովքեր ասում են՝ թող պետավտոտեսուչներն այսօր էլ փող վերցնեին, բայց Արցախը լիներ… Իմ մոտեցումն այն է, որ կոռուպցիա և ընտրակեղծարարություն էլ չպետք է լիներ, Արցախն էլ պետք է մերը լիներ։ Արդարության զգացողության խնդիր իրականում եղել է, բայց որևէ մեկն իրավունք չունի չգնահատել նախկին երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի արածը մեր պետության համար։ Նրանք երկիր են պահել։
- Այսօր օբյեկտիվորեն մայրերը վախենում են տղա ուղարկել բանակ։ Բանակը, ի դեպ, այն տեղերից է, որտեղ չպետք է մտնել, հրապարակային բացահայտումներ անել, որպեսզի այն թիրախ չդառնա։ Փակ պետք է լուծել այդ խնդիրները, եթե նպատակն իսկապես խնդիրները լուծելն է և ոչ թե՝ բանակին վնասելը: Չպետք է բանակը մտցնել ցեխի մեջ. խնդիրները շա՞տ են, պետք է լուծել, բայց ոչ թիրախավորելով։
- Փողով բանակից ազատելու օրենքը լավ օրենք կլիներ այն ժամանակ, երբ բոլորը կարողանային տալ այդ 24 միլիոն դրամը, ու իրենք որոշեին՝ ծառայե՞լ, թե՞ փողը տալ։ Հիմա 90%-ը ցանկանալու է տալ այդ փողը, բայց չի կարողանալու։ Շատերն իրենց երեխաների աչքում լավամարդ լինելու համար տուն են ծախելու, պարտքերի տակ են մտնելու… Մեծ անարդարություն կա այդ օրենքի մեջ։ Սա բանակ քանդող օրենք է։ Պետք է հետ կանգնել դրանից։
- Մեր պետության հիմնասյուներից մեկի՝ տնտեսության զարգացումը 80%-ով կապված է Ռուսաստանի հետ։ Մեզ համար ոչ միայն ձեռնտու չէ Ռուսաստանի հետ վատ լինելը, այլև վտանգավոր է։
- Այսօր Ռուսաստանի հետ թշնամության կոչ անողները վաղը կթողնեն, կգնան, էլի մենք ենք մնալու այստեղ, փայտ կոտրենք, ապրենք… Նույնը վերաբերում է Եվրոպային։ Մենք ինչպե՞ս կարող ենք ասել՝ վատն է Արևմուտքը։ Այդ թեզերը օրվա խնդիր լուծող մարդիկ են առաջ մղում։ Պետք է զերծ մնալ որևէ երկրի մասին նման արտահայտություններից։ Չի՛ կարելի թույլ տալ նման արտահայտություններ որևէ երկրի մասին: Եթե դու, որպես պետության ղեկավար՝ վիրավորում ես որևէ արտաքին խաղացողի, դրա պատասխանատուն դու չես, այլ ժողովուրդը։ Դու խոսում ես, չմտածված քայլեր ես անում, բայց պատասխան տալիս է ժողովուրդը։ Նույն կերպ աբսուրդի ժանրից է Չինաստանի հետ խնդիր ունենալը։ Պետք է ամեն ինչ անել չինական ներդրումներ ներգրավելու համար։
- Շատ վտանգավոր է ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անող, Չինաստանի կամ Արևմուտքի դեմ խոսող մարդկանց առհասարակ իշխանությանը մոտ թողնելը։
- «Արմենիա 2026» շարժման հարթակը բոլորի համար է, բայց ովքեր հասարակությունը քայքայում են, պառակտում են, այստեղ չեն կարող լինել։ Կուսակցական սահմանափակումներ չեն լինելու։ «Մենք»-ի գաղափարին դեմ գնացող չպետք է լինի։
- Երբեմն զարմանում եմ՝ ինչո՞ւ Ալիևը չի համաձայնում Փաշինյանի՝ սահմանները բացելու առաջարկին, որովհետև այդ դեպքում 50 տարի հետո Հայաստանում ադրբեջանցիների ու հայերի քանակը հավասար կլինի։ Գուցե ավելին լինի: Բայց հաջորդ պահին մտածում եմ՝ Ալիևը երևի ամբիցիոզ է, ուզում է ինքը վերցնել Հայաստանը ու հենց հիմա, ոչ թե 50 տարի հետո։ Նա ուզում է իր իշխանության օրոք ստանա: Կարճաժամկետ է ուզում Հայաստանի հարցը լուծել։
- Չի կարելի անպատասխանատու հայտարարություններ անել, ասել՝ բացե՛ք սահմանները։ Հա, միգուցե լավ է, որ կարող ես մեքենան նստել, գնալ Իգդիրն ու Էրզրումը տեսնել, բայց մենք դեմոգրաֆիական լուրջ խնդիր ունենք։ Սրա մասին իշխանությունները մտածե՞լ են։ Դեմոգրաֆիական խնդիրն անվտանգային խնդիր է։ Առանց այդ էլ մենք հիմա բացասական բալանսով ենք ապրում։ Նույնիսկ չեմ ցանկանում այդ թվերը հնչեցնել, չնայած՝ բաց աղբյուրներում կան այդ տվյալները:
- Հաղթող ազգ լինելու համար իրար պետք է սիրենք, դողանք մարդկանց, մեր կադրային ռեսուրսի համար։ Մեր առաջնահերթությունը պետք է ոչ թե կուսակցական, այլ հայ լինելը լինի։
- Նեղ միջավայրերում երկրի ղեկավարն ասում է՝ տարբերակ չունենք, պիտի անենք (Սահմանադրությունը փոխենք, և այլն), թե չէ՝ պատերազմ կինի։ Իրականության մեջ Ադրբեջանի ախորժակը սահման չունի։ Իհարկե, մշտական թշնամության մեջ չես կարող ապրել, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայիս ղեկավարները կարդինալ հակառակն են ուզում։ Այլ բան է սովորական ադրբեջանցին, թուրքը, այլ բան է Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ունեն իրենց ծրագրերը՝ Հայաստանի ոչնչացումը:
- Երբ դու սեփական միջոցներով երկիր չես կարող պահել, ուրեմն քիթդ մի՛ ցցիր, դաշնակիցներիդ հետ խնդիրներ մի՛ ստեղծիր։
- Պետք է բացառել սահմանադրական փոփոխությունները։ Կարծում եմ՝ նա այդ ռիսկին չի գնա, որովհետև դա կլինի իր վերջի սկիզբը։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ինքն էլ գիտի, որ թղթով խաղաղություն չի լինում․ դա իրեն սոսկ պետք է ընտրությունների համար։
- Ինքն ասում է՝ իրական Հայաստան, բայց իր գործողություններով առհասարակ պրագմատիկ չէ։ Կապ ունի՝ ով է դա ասում:
- Ասում են՝ կրթվելը նորաձև է, բայց կրթված, գիտելիք ունեցող մարդկանց ծառայություններից չեն օգտվում:
- Մարդուն երազանքից չի՛ կարելի զրկել։ Իմ պապերն Արևմտյան Հայաստանից են, ո՞վ կարող է ինձ ստիպել դա մերժել կամ մոռանալ: Ի՞նչ է նշանակում՝ Արցախը Հայաստան չէ։ Էնքան են ասել՝ միջազգային հանրությունն էլ է նման կերպ մտածում։ Ի՞նչ է նշանակում՝ մոռացեք․ չե՛նք մոռանում, ու վե՛րջ։
- Բանակի մարտունակությունը ելակով ու ներքնաշորով չի որոշվում։ Ի՞նչ է, մարդիկ չգիտե՞ն, որ բանակում գտնվող իրենց տղաներին էլի էդ շորերը ուղարկում են… Դա խնդիր չէ, թող ուղարկեն, բայց կարևորն այն է, որ զինվորները լինեն հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ։ Զենքը երրորդ տեղում է: Եթե առաջին երկուսը չկան, երրորդը չի կարող լինել:
- Նախկին նախագահներից ոչ ոք չպետք է երկիր ղեկավարելու հայտ ներկայացնի։ Նրանք իրենց արածն արել են, հաղթել են, երկիր են ազատագրել, պահել։ Նոր մարդիկ են պետք հիմա, նոր դեմքեր։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել են, որ չեն հավակնում երկիր ղեկավարել։
- Կհաջողի այն ղեկավարը, ով կլինի «Մենք» գաղափարի կրող։ Պետք է կառչենք մեր հողից ու մնանք Հայաստանում, լինենք խնդիրները տեսնող ու դրանք լուծող, ոչ թե պիտակավորող ու դրանք արատ դարձնող։ Հաստատ ունենալու ենք մեր երազած Հայաստանը։
Մանրամասները՝ տեսանյութում։