
Իրանական կողմը սկսել է չվստահե՞լ ՀՀ իշխանություններին

Չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին ամիսներին Ադրբեջանի հետ հարաբերությունների կայունացման գործընթաց է սկսել, շարունակում է կոշտ հայտարարություններ անել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» թուրք-ադրբեջանական պրոյեկտի վերաբերյալ՝ նույնպիսի կոշտ գնահատականներ ակնկալելով պաշտոնական Երևանից։
Երևանում անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում բավականին ուշագրավ ելույթով հանդես եկավ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն։
Նա նշեց, որ Հարավային Կովկասում պետք է լինի կապվածություն, այլ ոչ թե կտրվածություն, իսկ «միջանցքի» տրամաբանությունը հենց կապի խզումն է։ «Շատ կարևոր է, ես ցանկանում եմ շեշտել և շատ հստակ ասել՝ մենք չենք ընդունում որևէ աշխարհագրական փոփոխություն տարածաշրջանում, ինչ էլ որ այն անվանենք՝ «Զանգեզուր» կամ մեկ այլ բան։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը կպայմանավորվեն իրար միջև, բայց այդ պայմանավորվածությունը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի, նորմերի, երկրների ինքնիշխանության և ինքնավարության սկզբունքների վրա»,- շեշտեց Իրանի փոխարտգործնախարարը։
Նա հիշեցրեց, որ վերջերս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Թեհրանում մասնակցել են մեկ այլ պանելային քննարկման, որի ժամանակ ևս խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Իմ ցանկությունն էր լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել։ Միջանցքի տրամաբանությունն է կտրել կապը տարածաշրջանում, դա մի բան է, որը մենք չենք տեսնում մեր տարածաշրջանի ապագայի համար»,- ասաց Խաթիբզադեն։
Նա հավելեց՝ Իրանը 100 տոկոսով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հավատում է, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի անել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը լավ է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։
«Այս տարածաշրջանի ներուժը երբևէ չի իրացվել, մեր բազմաթիվ նախաձեռնություններն ու ծրագրերն այս ամենի զոհն են դարձել՝ աշխարհաքաղաքական մրցավազքի և այլն։ Խաղաղությունը միայն մի տարբերակ չէ, այն ամենակարևորն է, դա մի բան է, որին մենք բոլորս պետք է նվիրաբերենք մեր էներգիան և ռեսուրսները,- ասաց իրանցի փոխնախարարը՝ կրկին շեշտելով, որ որևէ բան չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհագրական պատկերը,- խաղաղությունն այն է, ինչի կարիքն իսկապես ունենք տարածաշրջանում, և Իրանը պատրաստ է իր բոլոր կարողությունները ներդնել այն իրականություն դարձնելու համար»,- հայտարարեց Խաթիբզադեն։
Օրերս էլ Սյունիքում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ասել է՝ իրենք պատրաստվում են Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ուղղությամբ, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, թե ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու»:
Ավելի վաղ Թեհրանում անցկացվող Միջազգային երկխոսության համաժողովում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծ գոյություն չունի։ «Irna» իրանական գործակալությունը մեջբերել էր Գրիգորյանի ասածը՝ «Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում»:
Հարցին, թե իրանական կողմն անվստահություն ունի՞ Հայաստանի նկատմամբ, իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Հայաստանն ու Իրանը կարող են ունենալ նույնական շահեր, սակայն դրանց իրացումը, այդ շահերի ապահովումն իրականացնեն տարբեր կերպ՝ ելնելով իրենց մի շարք այլ շահերից ու երկրների առանձնահատկություններից։ Ըստ նրա՝ Իրանից շարունակում են այս հարցի վերաբերյալ հնչել հստակ, կոշտ հայտարարություններ, իսկ Հայաստանը թեմային ավելի քիչ է անդրադառնում։
«Սա է, թերևս, պատճառը, որ Իրանում Հայաստանից ակնկալում են հստակ հայտարարություններ։ Սակայն Հայաստանը գտնվում է Ադրբեջանի հետ բանակցությունների փուլում, և երևի թե փորձում են կենտրոնանալ ներկայումս սեղանին գտնվող համաձայնագրի ու դրա հետ կապված խնդիրների վրա, քանի որ ռեգիոնալ ապաշրջափակման թեման կարծես առանձին են դիտարկում։ Բացի այդ, այս հարցում կարծես Երևանն առաջ է մղում իր օրակարգը, որն ունի այլ անվանում, դա կարծես այլ լուծումներ է ենթադրում, ՀՀ-ն էլ իր առաջարկներն է արել։ Սակայն տպավորությունն այն է, որ այս փուլում այդ հարցը չեն քննարկում, քանի որ Խաղաղության համաձայնագրի ստորագրման թեման է առաջնահերթ, ու քանի դեռ Ադրբեջանը հարցեր է բարձրացնում, ողջ գործընթացը կենտրոնացել է այդ օրակարգի շուրջ»,- նշեց վերլուծաբանը։
Սակայն, նրա խոսքով, Իրանն էլ այն համոզմունքն ունի կարծես, որ Ադրբեջանը չի հրաժարվել այդ պրոյեկտից, ուստի Իրանի համար ռեգիոնում ամենակարևորն ապաշրջափակման օրակարգն է։
«Թերևս սա է պատճառը, ոը ամեն հնարավոր առիթով հստակ անդրադարձ է կատարվում այս հարցին՝ ակնկալելով նույնպիսի գնահատականներ Երևանից, հատկապես, երբ խոսքը ՀՀ տարածքի մասին է։ Ընդհանուր առմամբ անվստահության հարց չկա այս հարաբերություններում, Իրանն անկեղծ է իր բոլոր գնահատականներում, Իրանի դիրքորոշումներն իր գործընկերների համար հասկանալի են, ու սա ամենակարևորն է»,- ասաց փորձագետը։
Ալի Սալամիի դիտարկումների համաձայն՝ Իրանը մշտապես շեշտում է իր մի քանի կարևոր դիրքորոշումների մասին, որոնցից մեկը ռեգիոնալ երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է, ինչպես նաև արևմտյան ուժերի ներկայության հարցը, որը ցանկալի չէ։
«Ռեգիոնալ երկրները և ռեգիոնին մոտ տեղակայված տարածաշրջանային ուժերը համարյա կոնսենսուս ունեն այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պետք է լուծվեն հակամարտությունները, և դա ռեգիոնալ ուժերով, ռեգիոնում լուծելն է։ Սրանում որևէ նորություն չկա հայկական կողմի համար: Այս ամենի հետ մեկտեղ, երբ Երևանն ակտիվ համագործակցում է արևմտյան երկրների հետ, Իրանի հետ համագործակցությունը, չեմ կարծում, թե էականորեն փոխվում է, պարզապես միշտ կան միմյանցից ակնկալիքներ, որոնց մասին կողմերը բարձրաձայնում են»,- ասաց վերլուծաբանը։