Ինչի՞ շուրջ են հայ-ադրբեջանական կոնտակտները, և ինչո՞ւ է Ադրբեջան այցելել Թուրքիայի Պաշտպանության նախարարը

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ միմյանց միջև խոսակցություն կա, սակայն Ադրբեջանը չի դադարում թելադրել իր հայտնի նախապայմանները։

Այս անգամ Բահրեյնի Թագավորության Խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Սալեհ Աբդուլլահ ալ-Սալեհի հետ հանդիպմանն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական գործընթացներին՝ վերստին պնդելով, որ ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներ» ունի։

«Ընդգծվել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ և մի շարք օրենսդրական ակտերով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակում են խոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Այս ամենին զուգահեռ՝ ժամանակ առ ժամանակ, այդ թվում՝ այսօր տեղեկատվություն եղավ այն մասին, որ Ադրբեջանը խախտում է հրադադարը։

ՀՀ ԱԳ նախարարն օրերս նշել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Միրզոյանն ասել էր, թե գործընթացում առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա։ «Եվ ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք, և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»,- մանրամասնել էր Արարատ Միրզոյանը։

Կարդացեք նաև

Իր հերթին՝ Բայրամովը նշել էր, թե Ադրբեջանը «լեգիտիմ սպասումներ ունի Հայաստանից», և հավելել, որ շփումներ կան հայկական կողմի հետ:

Ըստ նրա՝ խաղաղ գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև շփումները մի քանի ուղղություններով շարունակվում են։ Ջեյհուն Բայրամովն ասել էր, թե այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու, ինչպես նաև Մինսկի խմբի լուծարման հետ»:

Բայրամովը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ աշխատանքները շարունակվում են երկու երկրների փոխվարչապետների նախագահությամբ գործող հանձնաժողովների մակարդակով։ «Ադրբեջանի դիրքորոշումը տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցում հայտնի է: Կարծում եմ՝ այնտեղ շփումներ կլինեն։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր պարտավորություններն այս ուղղությամբ»,- մանրամասնել էր Բայրամովը՝ ըստ էության ներկայացնելով երեք առանցքային նախապայման։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Բայրամովն այս նախապայմաններից նախօրեին խոսել է Բահրեյնում, որն այս օրերին Թրամփի մերձավորարևելյան տուրնեի ընթացքում, ամենայն հավանականությամբ, Պարսից ծոցի երկրների շարքում կմասնակցի Թրամփի նախաձեռնած գագաթնաժողովին։

Վերջին շրջանում հաճախ ենք գրում Ադրբեջանի դիվանագիտական շփումների մասին Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, Չինաստանի, Պակիստանի, ԵՄ-ի ուղղությամբ։ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի ֆոնին չի կարելի անուշադրության մատնել թուրք պաշտոնյաների համաժամանակյա այցն Ադրբեջան։ Ադրբեջան է այցելել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ինչպես նաև Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշը։ Սա նշանակումից հետո Մեմիշի առաջին օտարերկրյա այցն էր, իսկ Գյուլեր-Ալիև հանդիպման առանցքում Քրդական PKK-ի ինքնալուծարման և Թուրքիայում ապստամբության ավարտի մասին որոշումն էր։

168.amի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նկատվում է, որ Ադրբեջանը, թեև զբաղվում է Հայաստանի հետ բանակցություններով, կան հայտարարություններ, կա լարված օրակարգ, սակայն Ադրբեջանն առավելապես կենտրոնացած է ավելի լայն օրակարգերի վրա՝ պայմանավորված իր աշխարհաքաղաքական հավակնություններով, ինչպես նաև իր դաշնակիցների ավելի լայն աշխարհաքաղաքական հարցերում ներգրավվածությամբ։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը պայմանագիր կնքեց Չինաստանի հետ, փորձում է հավասարը հավասարի հետ երկխոսել Ռուսաստանի Դաշնության հետ, ձգտում է միջնորդական ջանքեր ծավալել իր երկու դաշնակիցների՝ Թուրքիայի ու Իսրայելի միջև մերձավորարևելյան զարգացումների հարցով, ինչպես նաև աջակցում է Պակիստանին Թուրքիայի հետ Հնդկաստանի դեմ, հետևաբար՝ նաև Իսրայելի դեմ։

«Ինչպես նկատում ենք, սա բավականին բարդ արտաքին քաղաքական օրակարգ է։ Տեսնում ենք, որ Ադրբեջանը ձգտում է չեզոքության և արտաքին քաղաքականությունը կառուցում է հուսալի դաշնակիցների մեխանիզմի վրա, որը ներկայումս, նկատում ենք, թե ինչ բարդությունների է բախվում այդ դաշնակիցների միջև առկա խորը տարաձայնությունների պատճառով, խնդիրները չեն շրջանցում նաև Ադրբեջանը»,- նշեց Խրամչիխինը։

Նրա կարծիքով՝ Յաշար Գյուլերի, ինչպես նաև Օքայ Մեմիշի այցերն Ադրբեջան ևս միայն մասնակիորեն են վերաբերում Հարավային Կովկասին։

Դրանք, ըստ նրա՝ առավելապես վերաբերում են այն անվտանգային իրավիճակին, որում Ադրբեջանն ու Թուրքիան են, դրանք վերաբերում են այն սպառնալիքներին, որոնք ներկայումս առկա են Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ հատկապես պայմանավորված Հնդկաստան-Պակիստան զարգացումներով։

Խրամչիխինն ասաց, որ Թուրքիան ու Ադրբեջանն ինտենսիվ համագործակցություն են ծավալում ռազմական ոլորտում՝ համատեղ ձեռնարկություններ, զորավարժություններ և այլն։ Այդ ամենը, ըստ նրա, ենթադրում է հաճախակի հանդիպումներ ու քննարկումներ։

«Օրեցօր փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում տեսնում ենք, որ խնդիրներ են առաջանում նաև դաշնակիցների միջև, կան տարաձայնություններ որոշ հարցերում Իսրայելի ու Ադրբեջանի միջև, երբեմն խնդիրներ են նկատվում նաև Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում։ Կարծում եմ՝ Ադրբեջանում դրանցից փորձում են խուսափել պրոակտիվ քայլեր ձեռնարկելով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա իրավիճակին, ապա, Խրամչիխինը կարծում է, որ հայկական կողմն ամենայն հավանականությամբ դիտարկում է Ադրբեջանի պահանջներին ինչ-որ կերպ արձագանքելու կամ այդ պահանջներին լուծում տալու հնարավորությունը։

«Ադրբեջանն անընդհատ հայտարարում է այդ պահանջների մասին, նշանակում է, որ դրանք պետք է որ քննարկվեն կողմերի միջև, քանի որ համաձայնագիրն արդեն համաձայնեցված է, կարող է ստորագրվել, սակայն չի ստորագրվում, քանի որ Ադրբեջանին պետք չէ շտապել այդ հարցում։ Սակայն, եթե կան շփումներ, նշանակում է՝ կա փնտրտուք՝ հասնել փոխըմբռնման առավելապես Երևանի կողմից, տեսնենք, թե այս փուլում ջանքերն ինչ արդյունք կտան»,- նկատեց փորձագետը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին լրագրողներին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր, թե Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Նա նշել էր, որ Անկարան ողջունում է այս ուղղությամբ երկու երկրների կողմից գործադրվող ջանքերը և վերջին շրջանում ձեռք բերված առաջընթացը։ «Թուրքիան աջակցել և աջակցում է Ադրբեջանի պայքարին: «Մեկ ազգ-երկու պետություն» կարգախոսի ներքո մենք ձգտում ենք բարձրացնել մեր սերտ հարաբերությունները. ամենաբարձր մակարդակը բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության և ռազմական համագործակցության»,- նշել էր Գյուլերը։

Տեսանյութեր

Լրահոս