Հարստությունը պաշտոնյաների գրպանում է, աղքատությունը՝ մարդկանց գլխում

Կառավարությունն իր գործունեության ծրագրով թիրախավորել էր մինչև 2026թ. գործազրկությունը Հայաստանում նվազեցնել 10 տոկոսից, աղքատությունը կրճատել կիսով չափ, իսկ ծայրահեղ աղքատությունն ընդհանրապես վերացնել։ Մինչև 2026թ. հաշված ամիսներ են մնացել, իսկ իշխող քաղաքական ուժը կիլոմետրերով հեռու է իր հայտարարած թիրախներին հասնելուց։

Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին լսելիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ամեն տարի բազմահազար նոր աշխատատեղեր են ստեղծվում։ Սակայն պարզվում է՝ որքան «նոր աշխատատեղեր են ստեղծվում», այնքան զբաղված բնակչության քանակը կրճատվում է։ Անցած տարի Հայաստանում գործազրկությունը նույնիսկ աճել է, այն էլ՝ բավական կտրուկ։

«2024 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը ցածր էր նախորդ եռամսյակների համեմատսակայն տարեկան մակարդակը կազմել է 13.9 տոկոս, ինչն ավելի բարձր էքան 2023 թվականի 12.4 տոկոսը։ Սա պայմանավորված է քաղաքային և գյուղական վայրերում գործազրկության աճով՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում»,- արձանագրել է Համաշխարհային բանկը։

Մինչ իշխանությունները թիրախավորել են գործազրկության մակարդակը նվազեցնել 10 տոկոսից, անցած տարի այն կազմել է 13.9 տոկոս։

Կարդացեք նաև

Սա գործազրկության վերաբերյալ հրապարակված ամենաթարմ ցուցանիշն է։ Ու այն վկայում է, որ գործազրկությունը Հայաստանում խորացել է։ Նախորդ տարվա համեմատ՝ գործազուրկների քանակը 1,5 տոկոսային կետով ավելացել է։

Գուցե թվում է, թե 1.5 տոկոսը մեծ թիվ չէ, բայց դրա տակ բազմաթիվ  քաղաքացիներ են, ովքեր անցած տարի համալրել են գործազուրկների բանակը։

Խոսքը 21 հազարից ավելի քաղաքացու մասին է։

Եթե 2023թ. Հայաստանում գործազուրկ է եղել 166.7 հազար մարդ, 2024թ. գործազուրկների քանակը հասել է 187.9 հազարի։ Եվ սա տեղի է ունեցել վերջին տարիների այդքան փառաբանված տնտեսական աճերի պայմաններում։

Տնտեսության աճը փոխարենը հանգեցներ գործազրկության կրճատման, գործազրկությունը մի բան էլ ավելացել է։

Կրճատվել է նաև զբաղված քաղաքացիների թիվը։

Պաշտոնական տվյալներով՝ 2023թ. Հայաստանում զբաղված է եղել 1 մլն 174 հազար մարդ։ Արդեն 2024թ. զբաղվածները կազմել են 1 մլն 168 հազար՝ 6 հազարով քիչ, քան 1 տարի առաջ։

Զբաղվածության կրճատումն ու գործազրկության ավելացումը  երկրում սոցիալական իրավիճակի վատացման երաշխիք է։ Անիմաստ է ակնկալել, որ այդ պայմաններում աղքատությունը կարող է կրճատվել։

Դեռևս 2024թ. աղքատության ցուցանիշները չեն հրապարակել, բայց այս թվերը լավ բանի մասին չեն խոսում։ Կառավարության այն թիրախը, որ մինչև 2026թ. աղքատությունը պետք է կիսով չափ կրճատվի, դատապարտված է։ Չնայած վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը, իշխանությունների ասելով՝ դարձել էր «համաշխարհային» աճերի առաջամարտիկը, դրանից քաղաքացիների մեծ մասը ոչինչ չի շահել։ Այդ աճերի արդյունքները վայելել են իրենք ու իրենց մոտ կանգնած օլիգարխները։ Հասարակ քաղաքացին դրանից ոչինչ չի ստացել ու ոչնչով չի կարողացել բարելավել իր կյանքը։ Ավելին՝ այս ընթացքում հազար ու մի նոր ծախսեր են դրել նրա վրա։

Սրանք են պատճառները, որ Հայաստանում աղքատությունը չի նահանջում։

Կրկնակի կրճատման իշխանության թիրախի իրականանալու մասին խոսելն ընդհանրապես անլուրջ է։

Եթե 2018թ. Հայաստանում աղքատության մակարդակը 23,5 տոկոս էր, հիմա  դարձել է 23,7 տոկոս։ Ծայրահեղ աղքատությունն էլ, որը 2018թ. 1 տոկոս էր, իսկ մինչև 2026թ. կամ մի քանի ամսից պիտի ընդհանրապես արմատախիլ արած լինեին, ծայրահեղ աղքատներ բացարձակապես չպիտի լինեին, դարձել է 1,1 տոկոս։

Սա նշանակում է, որ Հայաստանում առնվազն 30-35 հազար ծայրահեղ աղքատ կա։

Նրանց այդ կարգավիճակից հանելը, թվում է, թե այնքան էլ մեծ բան չպիտի լիներ իշխանությունների համար։ Հատկապես որ, ինչպես վերջերս հպարտանում էր Նիկոլ Փաշինյանը, այս ընթացքում 4,2 մլրդ դոլարով ավելի հարկ են հավաքել։ Ինչ են արել այդ գումարները, իրենք կիմանան, բայց փաստացի չեն բարեհաճել մի քանի հազար դրամ ավելի տալ, որպեսզի այս մարդիկ դուրս գան ծայրահեղ աղքատության վիճակից ու գոնե միայն աղքատ համարվեն։

Այսպես են աղքատությունը կրկնակի կրճատել, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ ընդհանրապես վերացրել։

Այլ բան, թերևս, դժվար էր սպասել մի իշխանությունից, որը մտածում է ոչ թե ժողովրդի վիճակը բարելավելու, այլ սեփական գրպանները լցնելու մասին։ Մի քանի հազար դրամով թոշակ ու նպաստ են բարձրացնում, մի քանի հարյուր հազարով իրենց աշխատավարձերն են ավելացնում՝ չհաշված այլ եկամուտները, որոնք հոսում են տարբեր աղբյուրներից։ Դրա համար էլ իրենք հարստանում են, իսկ հասարակ ժողովուրդը մնում է աղքատության մեջ։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում առնվազն 700 հազար մարդ աղքատ է։

Շատ ավելին է աղքատության վերին գծից ցածր եկամուտներ ունեցողների քանակը։

Բնակչության գրեթե կեսն այդ կարգավիճակում է։ Ապրում է աղքատության մեջ։

Սոցիալական այն քաղաքականությունը, որն իրականացնում է բախտի բերմամբ հարստացած ու իրենց անցյալը մոռացած ՔՊ-ականների իշխանությունը, բոլորովին էլ ի շահ աղքատ քաղաքացիների չէ։ Աղքատությունը նվազեցնելու համար, առնվազն պիտի մտածեին այս մարդկանց եկամուտներն ավելի արագացված տեմպերով ավելացնելու մասին։ Բայց իրենց եկամուտներն են արագացված տեմպերով ավելացրել։ Իսկ հասարակ քաղաքացու չավելացող եկամուտների պայմաններում՝ հարկերի, տուրքերի, բազմաթիվ այլ վճարների, համատարած թանկացումների ու գնաճի տեսքով՝ մի գլուխ ծախսերն են մեծացրել։

Երբ այս մարդկանց ծախսերն ավելանում են, իսկ եկամուտները՝ ոչ, բնական է, որ նրանք ժամանակի հետ ավելի խորն են խրվում աղքատության մեջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս