ԱՄՆ Կոնգրեսը կողմ է քվեարկել Էփշտեյնին առնչվող փաստաթղթերի հրապարակմանը
Հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսը նոյեմբերի 18-ին գրեթե միաձայն քվեարկել է սեռական հանցագործությունների համար դատապարտված և բանտում մահացած Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ Արդարադատության նախարարության փաստաթղթերի հրապարակման օգտին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել թույլ տալ փաստաթղթերի հրապարակումը։
Էփշտեյնի վերաբերյալ բոլոր գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակումը պահանջող օրինագիծը նախ ընդունել է Ներկայացուցիչների պալատը՝ ձայների 427-1 հարաբերակցությամբ։ Այնուհետև օրինագիծը հաստատել է նաև Սենատը։ Օրինագիծն ուղարկվել է Թրամփին՝ ստորագրման։ Ըստ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Թրամփը պլանավորում է ստորագրել այն։
Ջեֆրի Էփշտեյնը ֆինանսիստ էր, որը մեղավոր է ճանաչվել սեռական հանցագործությունների համար։ Էփշտեյնի հետ կապված սկանդալը ամիսներ շարունակ քննարկումների առիթ է դարձել։ Թրամփի շատ ընտրողներ կարծում են, որ նրա վարչակազմը թաքցրել է Էփշտեյնի կապերը ազդեցիկ անձանց հետ, ինչպես նաև թաքցրել է նրա մահվան հանգամանքները։
2019 թվականին Մանհեթենի բանտում Էփշտեյնի մահը որակվել է որպես ինքնասպանություն։ 1990-2000 թվականներին Թրամփը և Էփշտեյնը մտերիմ հարաբերություններ են ունեցել և միասին տարբեր միջոցառումների մասնակցել, սակայն, ըստ Թրամփի, իրենք վիճել են, որից հետո չեն շփվել։ Այնուամենայնիվ, նրանց ընկերությունը քննարկումների տեղիք է տվել։ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի Էփշտեյնի հանցագործությունների հետ

