
Վերջին օրերին Ադրբեջանն իրական մարտի պայմաններին համապատասխան մի քանի զորավարժություն է անցկացրել

Նախիջևանի առանձին համազորային բանակը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, տրվել է «Տագնապ» ազդանշան, և մասնակից ստորաբաժանումները շարժվել են զորավարժությունների անցկացման վայր, որտեղ ստուգվել են նրանց մանևրելու ունակությունները, ինչպես նաև՝ հրամանատարների ու շտաբների կառավարման հմտություններն օպերատիվ պայմաններում:
Նշվում է, որ «իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի նշանակետերը»:
Հավելենք, որ օրեր առաջ Նախիջևանի առանձին համազորային բանակում տեղի էին ունեցել պահեստազորայինների վարժանքներ, որի ժամանակ ստուգվել է նրանց մարտական և կրակային պատրաստության մակարդակը, կիրառվել է հրաձգային զենք և նռնականետ:
Նշենք, որ օրեր առաջ զորավարժանք էր անցկացվել նաև հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ՝ մարտական կրակով:
Նշված զորավարժությունները ևս համապատասխանեցված են եղել իրական մարտի պայմաններին, «հայտնաբերվել և ճշգրիտ կրակով ոչնչացվել են պայմանական հակառակորդի նշանակետերը»:
Բացի այս, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանը և Ղազախստանը հուլիսին Բաքվում անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժություններ են ծրագրում, և այս օրերին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի N զորամասում անցկացվել է «Tarlan 2025» անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժությունների պլանավորմանը նվիրված կոնֆերանս:
Իսկ համատեղ զորավարժությունների ընթացքում շեշտը դրվելու է անօդաչու թռչող սարքերի գործողությունների պլանավորման, իրականացման և գնահատման հմտությունների զարգացման, տարբեր երկրների ստորաբաժանումների միջև փոխգործունակության բարելավման և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի կարողությունների բարելավման վրա։
Քննարկվել են նաև Ադրբեջանի և Ղազախստանի զինծառայողների մասնակցությամբ առաջիկա համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր։
Այսինքն, Ադրբեջանը համալիր ուշադրություն է դարձնում իր զինված ուժերի մարտական կարողությունների և պատրաստության մակարդակի բարձրացմանը: