
«Խոշորների» դեմ պայքարող իշխանությունը հարստահարում է մանր ու միջին բիզնեսին․ 1000 խոշոր հարկատուների լույս ու ստվերը

Երբ ՔՊ-ականների կառավարությունն ու Ազգային ժողովի մեծամասնությունը փորձում էին հիմնավորել մանր ու միջին բիզնեսի հարկային բեռի կտրուկ բարձրացումը, ասում էին, թե սա մանր ու միջին բիզնեսի դեմ չէ, խոշորների ստվերի դեմ են պայքարում։ Խոշորների դեմ էին «պայքարում», բայց պարզվում է՝ տուժողը մանր ու միջին բիզնեսն է եղել։
Ահա թե ինչ է տեղի ունեցել այդ պայքարի արդյունքում։
Խոշորների վճարած հարկերն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են ընդամենը 5,7 տոկոսով, իսկ մանր ու միջին բիզնեսինը՝ ավելի քան 38 տոկոսով։
Հիմա ասեք, թե ո՞ւմ դեմ էին պայքարում։ Մանր ու միջին բիզնեսի վճարած հարկերի աճի տեմպը շուրջ 7 անգամով ավելին է, քան խոշորներինը։
Այսպես են պայքարում խոշորների ստվերի դեմ։ Խոշորների դեմ են պայքարում, բայց մանր ու միջին բիզնեսին են ճնշում։ Կրկնակի բարձրացրել են հարկային բեռն ու քամում են։ Զարմանալի չէ, որ մանր ու միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ վերջին շրջանում համառորեն ահազանգում են իրենց տնտեսական գործունեությունը վտանգված լինելու մասին, իսկ կառավարությունն անդրդվելի է։ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մանր ու միջին բիզնեսի հարկերը չեն իջեցնելու, իշխանության բոլոր մանր ու միջին չինովնիկները փորձում են համոզել, որ հարկերի բարձրացումը նրանց օգտին է։ Ոչինչ, որ ՊԵԿ-ի խոշոր հարկատուների վճարած հարկերի վերաբերյալ հրապարակած տվյալները փաստում են, որ հարկերի հավաքման բեռը ծանրացել է մանր ու միջին բիզնեսի ուսերին։
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից հավաքվել է 409.3 մլրդ դրամի հարկ։ Անցած տարի հավաքվել էր 387.1 մլրդ դրամի հարկ։ Խոշորներից գանձված հարկերն այս տարի ավելացել են 22.2 մլրդ դրամով։ Աճը կազմել է ընդամենը 5,7 տոկոս։ Հիմա տեսեք, թե անցած տարի ինչքան հարկ են գանձել մանր ու միջին բիզնեսից, այս տարի ինչքան են գանձել։ Անցած տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուներից դուրս գործող բիզնեսի վճարած հարկերը կազմել էին 113.5 մլրդ դրամ, այս տարի կազմել են 157.2 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ՝ մանր ու միջին բիզնեսից հավաքած գումարներն ավելացել են 43.7 միլիարդով։ Աճը կազմել է ավելի քան 38 տոկոս՝ գրեթե 7 անգամ շատ, քան խոշոր բիզնեսից գրանցված հարկերի աճի տեմպն է։
Խոշորների պարագայում աճն անհամեմատ ավելի փոքր է։ Իսկ Հայաստանի երբեմնի ամենախոշոր հարկատուն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», նույնիսկ դուրս է մնացել խոշորների ցանկից։ Կոմբինատից սա բացատրել են նախորդ տարի ավել վճարած հարկերի հետվերադարձով։
«ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասն ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։
2024թ. արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։
Հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, պետք է դիտարկել տարեկան ցուցանիշների կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։
Նախորդ տարվա հարկային կանխավճարների ճշգրտումն ամփոփվում է առաջին եռամսյակում՝ արդեն վերջնական հաշվետվության հիման վրա։
Բնականաբար, հաջորդ եռամսյակում՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»,- խոշորների ցանկում չգտնվելու հանգամանքը պարզաբանել են ԶՊՄԿ-ից։
Այլ կերպ՝ սա նշանակում է, որ անցած տարի կոմբինատից մեծ չափի գերավճարներ են հավաքել, որոնք այս տարի հաշվանցել են գոյացած հարկերի դիմաց, ու ստացվել է, որ Հայաստանի երբեմնի ամենախոշոր հարկատուն դուրս է մնացել խոշորների ցանկից։ Բայց այստեղ էականը ոչ թե այն է, որ Զանգեզուրի կոմբինատն առաջին եռամսյակում դուրս է մնացել խոշորների ցանկից, այլ այն, որ ժամանակին այսօրվա իշխանությունների կողմից այդքան քննադատվող գերավճարների հավաքագրման պրակտիկան այսօր էլ շարունակվում է։ Անցած տարի կոմբինատը շատ ավելի մեծ քանակությամբ հարկեր է վճարել, քան գոյացել է։ Բայց անգամ այդ պայմաններում 2024թ. պետական բյուջեի հարկային եկամուտների բավական մեծ ճեղք էր առաջացել։
Հիշեցնենք, որ բյուջեով նախատեսվածից շուրջ 223 մլրդ դրամով պակաս հարկեր հավաքվեցին։
Տարբերությունը, անշուշտ, շատ ավելի մեծ կլիներ, եթե չլինեին կոմբինատի գերավճարները։
Պարզ է, որ հետագայում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատը» կվերադառնա խոշորների ցանկ ու իր վճարած հարկերով կլինի առաջատար հարկատուներից մեկը։ Իսկ մինչ այդ՝ խոշորների ցանկը գլխավորել է «Գազպրոմ Արմենիան»՝ առաջին եռամսյակում վճարելով 19.9 մլրդ դրամի հարկ։
Խոշորների ցանկում այս տարի ակնհայտ են վերադասավորումներ ու տեղաշարժեր, որոնք ուղղակիորեն կապված են արտաքին շուկաների հետ։ Մասնավորապես՝ նկատվում է վերջին տարիներին վերաարտահանումների մեջ մասնագիտացած որոշ ընկերությունների վճարած հարկերի նվազում։ Ռուսական շուկա իրականացվող տարբեր ապրանքների խոշորածավալ մատակարարումների շնորհիվ, այդ ընկերությունները շատ արագ հայտնվեցին խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականներում։ Բավական տևական ժամանակ դրանց վճարած հարկերն ավելանում էին, բայց տեսնում ենք, որ այս տարվա սկզբին սկսել են նվազել։
Տեխնիկայի մատակարարումներով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որն անցած տարվա առաջին եռամսյակում վճարել էր 19 մլրդ 907 մլն դրամի հարկի, դառնալով առաջին խոշոր հարկատուն, այս տարի վճարել է 16 մլրդ 591 մլն դրամ։
Ընկերության վճարած հարկերը կրճատվել են ավելի քան 3.3 մլրդ դրամով։
Նույնը տեղի է ունեցել վերաարտահանումների ոլորտում գործող մեկ այլ խոշոր ընկերության՝ «Փիթի Ուեյի» պարագայում. Անցած տարվա առաջին եռամսյակում այն վճարել էր 8 մլրդ 810 մլն դրամի հարկ, այս տարի վճարել է 6 մլրդ 545 միլիոնի հարկ։
Ընկերության վճարած հարկերը կրճատվել են գրեթե 2.3 մլրդ դրամով։
Այս դրսևորումները նշանակում են, որ վերաարտահանումների միջոցով փող աշխատելու հնարավորությունները գնալով նվազում են։ Դրանք կշարունակեն նվազել՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաների թուլացմանը զուգահեռ։
Նվազել են ոչ միայն վերաարտահանումների ոլորտում, այլև ներքին տնտեսության մեջ գործող բազմաթիվ խոշոր ընկերությունների վճարած հարկերը։ Այդպիսի ընկերություններից մեկն էլ եղել է «Գրանդ Տոբակոն», որն այս տարի ավելի քիչ հարկ է վճարել, քան վճարել էր անցած տարի։ Անցած տարվա առաջին եռամսյակում ընկերության կատարած հարկային պարտավորությունները կազմել էին ավելի քան 13.2 մլրդ դրամ, այս տարի կազմել են 12 մլրդ դրամ։
Նվազել են նաև «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» վճարած հարկերը։
Որոշ ընկերություններ էլ, անշուշտ, ավելացրել են հարկերը։ Ու դրանց արդյունքում է, որ խոշորներից հավաքված հարկերն աճել են 5,7 տոկոսով, ինչն անհամեմատ ավելի ցածր է, քան մանր ու միջին բիզնեսից հավաքված հարկերի աճն է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ