
Այս աշխարհն ավելի ագրեսիվ է դառնում, իսկ տգետ ու դավաճան հայ ղեկավարները սեփական ժողովրդին խաբում են խաղաղությամբ․ Արտակ Զաքարյան
Հայ-ադրբեջանական բանակցությունները ֆարս են, խաբեություն, ինչպես և սրանց ամբողջ իշխանությունը և կեղծ ու հակահայկական բոլոր օրակարգերը։ Խաղաղություն հասկացությունը սրանց համար ավերիչ պատերազմից հետո դարձել է հանրային խաբեության և մանիպուլյացիայի գլխավոր դրույթը։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, և վերջնական խաղաղությունը բոլորովին այլ տեղերում է որոշվելու։ Այսօրվա աշխարհն առաջնորդվում է ոչ թե խաղաղության, այլ չոր շահերի տոտալ պաշտպանության սկզբունքով։ Այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ագրեսիա, այն անպայման տեղի է ունենում, իսկ որտեղ անհրաժեշտ է բանակցություն, ժամանակավոր դադար է լինում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում արեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
«Աշխարհը փոփոխությունների մեջ է, իսկ սրանք խաղաղությամբ խաբում են ժողովրդին։ Ժողովուրդը չի էլ խաբվում, բայց սրանք շարունակում են, փորձում են այդ խաբեությունն առաջ տանել։ Ինչ բանակցում են խաղաղության համար, մենք այդ ընթացքում ամբողջությամբ կորցրել ենք Արցախը, Քաշաթաղը, տարածքներ Ջերմուկի, Սիսիանի և Վարդենիսի տարածաշրջաններից, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքներ են։ Իբրև թե սահմանազատման գործընթացով, որն իբրև թե խաղաղության մի մասն է, որոշ տարածքներ ևս կորցրինք։ Այս ընթացքում ադրբեջանցիներին հնարավորություն տվինք զբաղեցնելու բոլոր բարձունքները, վերահսկողության տակ վերցնելու Հայաստանի կարևորագույն հանգույցները, ջրային ավազանները, ճանապարհները, մայրուղիները, բոլոր բարձրադիր հրամանատարական կետերը, որոշ հանքեր, Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Սևանի ավազանի նկատմամբ վերահսկողություն սահմանել»,- ասաց քաղաքական գործիչը:
«Այսպես կոչված՝ խաղաղության անվան տակ ՀՀ-ն դարձել է ամենախոցելի պետություններից մեկը։ Եվ հիմա հարց է առաջանում՝ Ալիևի ինչի՞ն է պետք խաղաղությունը, եթե նրանց գլխավոր նպատակը դեռևս առջևում է։ Դա պանթուրանիզմն է, ճանապարհը կամ այլ հաղորդակցական եղանակը, որը Թուրքիայից Նախիջևանի միջոցով կձգվի մինչև Կենտրոնական Ասիա և Չինաստան։ Դա նշանակում է, որ գլոբալ աշխարհի զարգացումներում Ադրբեջանը փորձում է ստանձնել կարևոր հանգուցային կապող օղակի, հաղորդակցային հաբի դեր։ Պատահական չէր նաև Ալիևի այցը Չինաստան, արդեն ռազմավարական նշանակության երկխոսությունն ու համապատասխան պայմանագրերի ստորագրումը»,- նշեց ընդդիմադիր գործիչը:
Նախկին փոխնախարարի կարծիքով՝ թյուրքալեզու պետությունների կազմակերպության անվան տակ Ադրբեջանը զարգացնում է հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ. «Պատահական չէ նաև Իրանի շուրջ Ադրբեջանի դերակատարումն ու Իրանի նախագահի այցը Բաքու հենց այս օրերին։ Պատահական չէ ԱՄՆ-ի ուղերձային դերակատարումը կարևորելն Ադրբեջանի համար։ Եվ այս ընթացքում տգետ ու դավաճան ինչ-որ հայ ղեկավարներ սեփական ժողովրդին փորձում են համոզել, թե խաղաղություն է։ Զարմանալի չի լինի, եթե մի օր ասեն՝ ոստիկանությանը հանձնարարել ենք բոլոր ընդդիմադիրներին, երեխաներին կամ, ասենք, երաժիշտներին ձերբակալել և հանձնել Ադրբեջանին, որ հանկարծ նոր ագրեսիա չլինի, բոլոր ազգային տոները կարգելեն, և այլն։ Եթե ասում են, որ դրոշ ենք վառել, դրա համար են գյուղի վրա կրակել, ինչը դասական հիմարություն է, դա նշանակում է, որ նրանք որևէ լուծում չունեն»:
«Եթե մեր դիրքերն ուժեղ լինեին, թշնամին որևէ բան չէր անի։ Սրանք հո ապուշ չե՞ն, շատ լավ հասկանում են, որ եթե առաջ դրոշ վառող, ցույց անող կամ քննադատող չկար, նախորդող երկու ամսում ինչո՞ւ էին կրակում։ Սրանք ցանկացած իրավիճակում՝ ներքին թե արտաքին, Ադրբեջանի և Թուրքիայի գործոնն օգտագործում են լռեցնելու, ճնշելու, իշխանությունը պահելու համար, ընդդիմության ցանկացած գործողություն էլ որակում են՝ որպես սադրանք և հրահրում»,- ամփոփեց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում