
Դուք քաղաքական անկարողներ եք. թշնամուն եք հանձնում երկրի սիրտը. Ռուբեն Մելքոնյան
Հայաստանի իշխանությունը վարում է խոնարհման «դիվանագիտություն» Թուրքիայի առաջ՝ հիմնավորելով, թե իրենք այլ ելք և հնարավորություն չունեն։ Այս իշխանությունն ասում է, թե պետք է բավարարի Թուրքիայի բոլոր պահանջները, որպեսզի Հայաստանը կարողանա գոյատևել, մինչդեռ, այո՛, ելք չկա, բայց իրենց՝ իշխանության մնալու դեպքում։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների և Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։
«Դու թշնամուդ ես հանձնում քո սիրտը՝ տնտեսական շնչուղիներդ բացելու անվան տակ, դա հավասարազոր է քո սրտի կանգին։ Թուրքական պետության պահանջները բավարարելու պարագայում Հայաստանն այդ երկրից անասելի մեծ կախվածության մեջ է ընկնելու։ Չգիտեմ՝ այս իշխանության հոգեվիճակի՞ց է, թե՞ այլ բանից, բայց փաստ է մի բան՝ իրենք կտրվել են իրականությունից, իրենց թվում է, թե իրենք կարողանում են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, անում են մի բան, որը չէին կարողանում անել նախկին արտգործնախարարները։ Իմ պնդումը հետևյալն է՝ ՀՀ այս իշխանությունը ոչ թե հարաբերություններ է հաստատում, այլ՝ զիջում ամեն ինչ»,- ասաց թուրքագետը։
Նրա խոսքով՝փաշինյանական իշխանության մտածողության մասին պետք է շատ կարճ ասել՝ նման մտածողության կրողը պետք է հեռու մնա պետական պաշտոնից։
Ըստ Մելքոնյանի՝ նայելով Հայաստանի արտաքին գերատեսչությանն ու նրա վարած քաղաքականությանը, տպավորություն է, որ ֆուտբոլի խաղի են մտցրել մի թիմի, որի անդամներից մեկի ձեռքն է կոտրված, մյուսի՝ ոտքը. ֆուտբոլ են խաղում «տրավմաներ ստացած մարդիկ»։
«Բայց չէ՞ որ, եթե դուք քաղաքական դաշտում տրավմայի ենթարկված գործիչներ եք, իսկ դուք հենց այդպիսին եք, ձեզ պետք է տրավմա ստացած ֆուտբոլիստի պես թույլ չտալ մտնել խաղադաշտ, մինչդեռ դուք մտել եք դաշտ և խաղում եք, դրա համար էլ ունենք այս վիճակը… Այս մարդիկ քաղաքական անկարողներ են, որևէ բան չեն կարողանում անել արտաքին քաղաքական դաշտում, իսկ ահա ներքին քաղաքական դաշտում՝ տեսնում ենք, թե ինչ են անում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։