Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ԱՄՆ-ի՝ 1998 թվի Պլան Բ-ի հետևանք էր. Սուրեն Սուրենյանց

«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ զրույցում անդրադարձ կատարվեց ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին, դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններին:

«Իմ կարծիքով՝ 1998թԱՄՆը ունեցել է Պլան Բ՝ ի դեմս Մեղրիի տարբերակի, ու կարծում եմ, դա կարող էին առաջարկել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա արցախցի էր, ու ԱՄՆը մտածել է, որ կարող էր Ռոբերտ Քոչարյանը համաձայնել փոխանակման տարբերակին։ Կգա ժամանակը, և Հայաստանի շատ դերակատարներ այդ մասին կխոսեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2014թ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական (1994-97թթ.), դիվանագետ, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը «168 Ժամին» 2 մասից բաղկացած հարցազրույցում պատմել էր՝ ինչպես ԱՄՆ-ը նախապատրաստեց Տեր-Պետրոսյանի հրաժարականը, և ինչպես աջակցեցին Ռոբերտ Քոչարյանին: Ներկայացնենք որոշ հատվածներ Ժիրայր Լիպարիտյանի այդ հարցազրույցից:

Կարդացեք նաև

«- Նուլանդը հին դեմք է: Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան: Վիկտորյա Նուլանդն այն մարդկանցից է, ով 1997-1998 թվականներին մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում: Նա մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ: ԱՄՆ-ը դեմ էր Տեր-Պետրոսյանին: Այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսոնն ամեն ինչ արեց` օժանդակելու համար ընդդիմությանը, նրան հրելու համար դեպի ծայրահեղություն, և երկար ժամանակ աշխատում էր, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի:

 – Իսկ ո՞րն էր ԱՄՆ-ի շահը:

– ԱՄՆ-ի շա՞հը: Սա իմ մեկնաբանությունն է. այն ժամանակ Ղարաբաղի, Իրանի, Թուրքիայի հարցերով ես բանակցում էի նաև ամերիկացիների հետ, քանի որ նրանք խառնվում էին ամեն հարցի: Եվ ուրեմն Հայաստանում իրենց անհրաժեշտ էր մարդ, ով անկախ չէր մտածում և իրենց պարտք էր, իսկ Տեր-Պետրոսյանն իրենց պարտք չէր:

 – Ենթադրում եմ, որ նույնն ուզում էր նաև Ռուսաստանը:

– Դե, ընդհանրապես, դա այդպես էր, բայց ասեմ անկեղծորեն` այն ժամանակ Ռուսաստանն ավելի շատ հարգանք էր ցույց տալիս Հայաստանի Հանրապետության և պետական որոշումների նկատմամբ, քան` ԱՄՆ-ը: Ամերիկացիները նյարդայնանում էին, երբ Հայաստանն ինքնուրույն որոշումներ էր կայացնում` ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի նախագահների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի: Հայաստանում այդ ժամանակվա ԱՄՆ դեսպան Փիթեր Թոմսոնը շատ մեծ աշխատանք տարավ տկարացնելու համար Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև պետականությունն ու ներքին քաղաքական կայունությունը:

Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Վիկտորյա Նուլանդը եկավ Հարվարդի համալսարան ելույթ ունենալու, ուր ինձ էլ էին հրավիրել, վերջում Նուլանդը մոտեցավ, ասաց. «Դու բան չասացիր»: «Մանրամասները չգիտեմ, չեմ կարող կարծիք հայտնել,- պատասխանեցի, բայց հավելեցի,- տպավորություն ստացա, որ շատ ուրախ եք այս փոփոխությամբ»: «Այո»,- ասաց նա: Հարցրեցի`«Կարո՞ղ եք բացատրել»: Ասաց` «Դե, Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, բայց ուժեղ մարդ չէ, նա չի կարող խաղաղություն հաստատել: Բայց Քոչարյանն ուժեղ մարդ է, նա պատերազմը հաղթող մարդ է և պիտի խաղաղություն հաստատի, խոստացել է»: Ես ասացի. «Եկեք պայմանավորվենք հետևյալը` Ռոբերտ Քոչարյանն առնվազն 10 տարի պետք է լինի նախագահ, բանակցություններում ոչ մի գործնական քայլ առաջ չենք գնալու, որովհետև նա դա չի ուզում: Եթե սխալ եմ, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ, իսկ եթե ոչ, Դուք ինձ կզանգեք և կասեք, որ ամերիկյան քաղաքականությունը սխալ էր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս