Փաշինյանի իշխանությունն ավելի հանդուգն և լկտի է դառնում․ յուրաքանչյուրն իր տեղում և իր ծավալով պետք է պայքարի․ Հայկ Մամիջանյան

Փաշինյանի իշխանությունն ավելի է լկտիանում։ Նրա թիմը, եթե դա կարելի է թիմ անվանել, ավելի շատ բաներ է իրեն թույլ տալիս, և քաղաքական ճնշումները, քաղբանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը, ոստիկանական բռնություններն ավելի հանդուգն և լկտի են դառնում։ Այս միտքը երևի ամեն անգամ այցելում է բոլոր ընդդիմադիրներին, երբ ինչ-որ բան չի ստացվում։ Բայց ամեն հաջորդ ընդդիմադիր շարժում ավելի մարդաշատ է, քան նախորդը, այն է՝ ՀՓՇ, Դիմադրության, ապա՝ Սրբազան շարժում։ Աճն ակնհայտ է։ Ընդդիմության հիմնական դերակատարների տեսանկյունից՝ թերությունների մասին հրապարակայնորեն խոսելու իմաստ չկա, բայց դրանք ոչ հրապարակայնորեն քննարկվում են նորմալ աշխատանքային մթնոլորտում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։

«Յուրաքանչյուր սխալ ունի անուն-ազգանուն, բայց անուններ տալու դեպքում դա կդառնա շահարկումների թեմա, որը ոչ մի օգուտ չի տալու։ Հիասթափությունն ինքնին մեղք է, եթե դիտարկենք ըստ աստվածաշնչյան տրամաբանության։ Ուրեմն ստիպված կլինենք ոչինչ չանել, քանի որ կարող է հանկարծ արդյունքում հիասթափություն լինի։ ՀՀԿ-ն այս տարիներին բոլոր փողոցային շարժումների ընթացքում՝ որպես խիստ ակտիվ դերակատար, եղել է ամենավտանգավոր տեղերում՝ թե՛ երիտասարդական և ուսանողական կազմակերպություններով, թե՛ պատգամավորներով ու գործադիր մարմնով, թե՛ խորհրդով ու կուսակցական ակտիվով, բայց ցայսօր չի եղել մի շարժում, որի նախաձեռնողը կամ հիմնական որոշում կայացնողը եղել է ՀՀԿ-ն։ Մեր գործառույթը եղել է աջակցելը, թեև հաճախ այդ աջակցությունը ծավալով շատ մեծ է եղել»,- ասաց քաղաքական գործիչը։

«Այնպես չէ, որ բոլոր ընդդիմադիր շարժումների սխալները նույնն էին։ Փողոցային յուրաքանչյուր պայքար ունեցել է իր այս կամ այն թերությունը, որը դարձել է ծրագրված արդյունքին չհասնելու պատճառը։ Այն ուժերը, որոնք այսօր իշխանության են, դրան ձգտել են տասը տարի, ոմանք՝ քսան։ Մենք այդքան ժամանակ, իհարկե, չունենք, բայց շատ կարևոր է, որ ընդհանուր մթնոլորտի համապատկերում որևէ մեկին չթվա, թե այս կամ այն նախաձեռնությունն անօգուտ է անցնում։ Լինի դա 60 հազարանոց հանրահավաք Սրբազան պայքարի օրերին, թե մեկ երիտասարդի ակցիա՝ դրանցից յուրաքանչյուրն իր ազդեցությունն է թողնում։ Կա մի դեպք, որի դեպքում հաստատ չի ստացվի՝ եթե չփորձես»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ շատ տարածված է այն հայտնի, բայց կեղծ դիսկուրսը, թե տիտղոսային ընդդիմությունը կամ որևէ դերակատար պետք է դուրս գա քաղաքականությունից․ «Փաշինյանի դեմ պայքարի ամենաարդյունավետ բանաձևերից մեկը ցանցային պայքարն է, որ Փաշինյանը չկարողանա հստակ թիրախավորել որևէ մեկին։ Պետք է լինի շարժում, որը չի ունենա մեկ կենտրոն, և որը հնարավոր չէ այս կամ այն կերպ, ի վերջո՝ ձերբակալելով, ճնշել և վերացնել։ Ուստի բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են՝ այսինչ շարժման ժամանակ այսինչ սխալն ու բացթողումն է արվել, այսինչ գործողությունը պետք է այսկերպ արվեր, թող սեփական գործողություն նախաձեռնեն, այնպես, ինչպես իրենք են պատկերացնում»:

«Մեր հասարակությունը բազմաշերտ է։ Բնականաբար, անհնար է շփվել բոլոր շերտերի հետ, և գուցե ոմանք այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե կոնկրետ որևէ շերտի ինչպես կարելի է մոբիլիզացնել և ոտքի հանել։ Եթե յուրաքանչյուրն իր տեղում իր պատկերացրածով ու ծավալով սկսի պայքարը, կհաջողենք։ Մեկի մոտ դա լինելու է ամենօրյա լայվ, որում կասի Փաշինյանի խնդիրները, մյուսի մոտ՝ կենցաղային կամ սոցիալական խնդիրների վերհանում, երրորդի մոտ՝ քաղաքապետարանի բացթողումները, չորրորդի մոտ՝ եկեղեցու դեմ արշավի դատապարտում, և այլն։ Առօրյա, փոքր դիմադրության և պայքարի օջախները պակաս արդյունավետ չեն»,- ամփոփեց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս