Հայրենական արտադրության ԱԹՍ-ներ ՊՆ-ից պատվիրել-չպատվիրելու մասին տեղեկությունը պետական գաղտնիք է

2011-ին կայացած զորահանդեսին ցուցադրվեց «Կռունկ» անօդաչու թռչող սարքը: ԱԹՍ-ի արտադրության մասին 2016-ին որոշ տեղեկություն էր տրամադրել ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։

«Նման անօդաչուների մեկ համալիրի գինը (2 ինքնաթիռ, մեկ ղեկավարման կայան) միջազգային շուկայում տատանվում է 2-2,5 մլն դոլարի սահմաններում: Հայաստանը սեփական ուժերով ու տասնյակ անգամներ ավելի քիչ միջոցներ ծախսելով կարողացավ ստեղծել «Կռունկը», որը լայն կիրառություն գտավ հայկական բանակում: Մեր սարքի տակտիկատեխնիկական բնութագիրը չի զիջում նույն դասում առկա իր անալոգներին»,- ասել էր նա:

Ավելի ուշ, «Կռունկի» կառուցվածքի հիման վրա մասնագետները ստեղծեցին «X-55» հետախուզական ԱԹՍ-ն, որի նախագծման աշխատանքները սկսվել էին 2012 թվականին, իսկ առաջին փորձարկումն ու շահագործումը կատարվել է 2014-ին:

Փորձագետների կարծիքով, այն, ըստ էության, իր խնդիրը վատ չի կատարել, այդ թվում՝ 2016-ի քառօրյայի ժամանակ:

Արդեն Մոսկվայում կայացած «Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում ցուցադրվեց արդեն «X-55»-ի մոդեռնիզացված տարբերակը՝ X-55M կամ «ԱՐՄԻ-55Մ», որը նախատեսված է հետախուզության և կրակի կառավարման համար:

Մեր տեղեկություններով, վերը նշված անօդաչու սարքերը կիրառվել են նաև հուլիսյան դեպքերի ժամանակ և վերջին պատերազմում:

168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե «X-55» կամ X-55M ԱԹՍ-ների խմբաքանակ վերջին անգամ ե՞րբ են պատվիրել, այսինքն, վերը նշված անօդաչուի արտադրության կամ մոդիֆիկացիայի, մոդեռնիզացիայի հետ կապված ի՞նչ գործընթաց կա, քանի որ տեղեկություններ կան, որ լուրջ պատվեր արդեն մի քանի տարի ՊՆ-ից չի ստացվում:

Սեպտեմբերի 24-ին ուղարկած մեր հարցադրմանն ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչությունից մոտ մեկ շաբաթ անց ստացվել է հետևյալ գրությունը.

«ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված՝ Ձեր 2021 թ.-ի սեպտեմբերի 24-ի էլեկտրոնային հարցման առնչությամբ հայտնում ենք, որ հարցապնդվող տեղեկությունների տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1- կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, ՀՀ կառավարության 1998 թ. մարտի 13-ի № 173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ և 7-րդ կետերի պահանջները, քանի որ հարցապնդվող տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք»:

Հավելենք, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշվում են՝ ռազմական բնագավառում ո՞ր տեղեկությունները կարող են համարվել պետական գաղտնիք:

Դրանց թվում են զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության, ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի հետ կապված տեղեկությունները:

Ըստ այս օրենքի՝ պետական գաղտնիք է համարվում նաև ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների, հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու, ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին տեղեկությունը:

Տեսանյութեր

Լրահոս