«Օր առաջ հավաքեք ձեր գողացած փողերը և կամավոր վերադարձրեք ժողովորդին». Փաշինյանը դիմում է օլիգարխներին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին
«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանում իշխանության բռնազավթման համար և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ»,- այս մասին այսօր Դավիթաշեն վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:
Նա նշեց, որ անկախ իր հրահանգից ռեյդեր իրականացնել օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորների շրջանում, ՀՀ-ում պետք է շարունակի տիրել սիրո և համերաշխության մթնոլորտ: Նրա խոսքով, ՀՀ-ում մի 15-20, քարը տրաքի 150 հոգի կա, որ դուրս է այդ մթնոլորտից, 500-ի չեն հասնում, մնացած մասով հայ ժողովուրդը ժպտում է, միասնական է, քան երբևէ և հայ ժողովուրդը շարունակելու է ժպտալ ու հաղթել: «Հայ ժողովրդի դեմ խաղ չկա: ՀՀ քաղաքացու դեմ խաղ չկա: ՀՀ-ում սպիտակները հաղթել են և սևերի պարտությունն անշրջելի է: ՀՀ-ում սևերը ջախջախված են և նրանք այլևս ոտքի չեն կանգնելու, ոտքի չեն կանգնելու, ոտքի չեն կանգնելու»,- ասաց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ներկաներին պատկերացնել, որ նրանց հեռախոսները գաղտնալսվել են:
Ըստ նրա, բոլորն իրենց ամենօրյա խոսակցության մեջ անխուսափելիորեն ասում են բաներ նույնիսկ ընկերների, մերձավորների մասին, կարող է պատահել այդպիսի բան: «Այնպես որ պատկերացրեք, որ մարդիկ են հայտնվել, որոնք հավակնում են, որ մեր բոլորի խոսակցությունը կարող են ձայնագրել ու տեղադրել յութուբում: Այսօր մենք Ձեզ այնպես յություբում տեղադրենք, որ այնտեղից չկարողանաք դուրս գաք»,- ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց իր մամլո ասուլիսը, որի ժամանակ ասել էր, թե վախենում է, որ չկարողանա կոմպրոմիսների գնալ կոռուպցիայի և ապօրինության հետ: Նրա ակնարկով, այդպես էլ եղավ: Դիմելով ապօրինություններ իրականացրածների և կոռոիպցիոներների՝ Փաշինյանն ասաց, որ նրանց դեմ ինքը չի պայքարում: «Մենք ընդհանրապես Ձեր դեմ չենք պայքարում, մենք օրինականության համար ենք պայքարում, այդ պայքարի տերը ՀՀ քաղաքացին է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին չորս ամվսա ընթացքում տասնյակ հրապարակումներ, հազարավոր մեկնաբանություններ, դիմումներ, կոչեր, պահանջներ են եղել, որ իր անվտանգությունը պահպանի: «Իհարկե, պետական պահպանության ծառայությունը պահպանում է իմ անվտանգությունը, արժե նրանց շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար: Ձեր ասած պոտենցիալ մարդասպանները իրենք լավ են հասկանում, որ որքան էլ ես, որպես վարչապետ, հակակոռուպցիոն քաղաքական պայքարը ձեր անունից եմ իրականցնում, ինչ տեղի կունենա նրանց հետ, եթե ինձ հետ ինչ որ բան տեղի ունենա: Բազմաթիվ ընտանիքների, ընտանիքների անդամների մարդիկ տնից կհանեն փողոցներում սամասուդ կանեն: Այսինքն՝ ես իրենց անվտանգության միակ երաշխավորն եմ, եթե ինձ բան պատահի, իրենց հետ շատ ավելի վատ բաներ կկատարվի ժողովրդի կատարմամբ: Չմտածեք, թե ուժեղ թիկնազորի պատճառով և շնորհիվ է, որ ես այսօր ձեր առջև կանգնած եմ, ցանկացած թիկնազոր կարելի է հաղթահարել, նկատի ունեմ, որ անվտանգության իրականում երաշխավորը դուք եք՝ ժողովուրդը: Ես էլ, իհարկե, ձեր անվտանգության երաշխավորն եմ»,- ասաց նա:
Անդրադառնալով գաղտնալսմանը՝ Փաշինյանն ասաց, որ զրուցել են ՀՔԾ պետը և ԱԱԾ տնօրենը, որը ՀՔԾ-ում հարուցված քրեական գործերի օպերատիվ հանձնարարություն կատարողն է, նաև կարող է Ոստիկանությունը լինել, ունենք քննչական և օպերատիվ մարմիններ: Նրանց շփումն, ըստ վարչապետի, մշտական աշխատանք է, օպերատիվ և քննչական ծառայությունների ղեկավարները իրար հետ ամենաշատ շփվող մարդիկ են աշխարհի բոլոր երկրներում:
«Արդյոք ես երբևէ խոսել եմ որևէ մեկին կալանավորելու և ձերբակալելու վերաբերյալ իմ դիրքորոշման մասին: Ես խոսել եմ, երբ նշանակել եմ ԱԱԾ տնօրեն և երբ առաջադրել եմ ՀՔԾ պետի թեկնածու, քննչական կոմիտեի նախագահի թեկնածու, ասել եմ նրանց հետևյալը, որ դուք խոստանում եք, որ կաշխատեք ամբողջ ծավալով, թափով ՀՀ-ում օրինականությունը հաստատելու, կոռուպցիան հաղթահարելու, թալանվածը ետ բերելու, Մարտի մեկը և մյուս հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ և ես խոստանում եմ, որ որևէ քաղաքական խոչընդոտ չեք ունենա որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու առումով: Ես պահանջում եմ մեկ բան, որ քրեական գործերի քննությունները չպետք է քաղաքականացվեն, հիմնված լինեն օրենքի և օրինականության վրա:
Եթե ունեք ապացույց և Ձեր քննչական մարմնի գործի նախաքննության շահերից է որևէ մեկին կալանավորելը և ձերբակալելը, ուրեմն պարտավոր եք նրան կալանավորել և ձերբակալել: Դրանից հետո եղել են դեպքեր, երբ որ այս ընդհանուր խոսակցությունից հետո ասվել է, որ այ էս ինչ մարդու հետ կապված ունենք այսպիսի-այսպիսի ապացույցներ, որ էն ժամանակ ասում էիր կալանավորել, իսկականից էիր ասում, լուրջ էիր ասում կալանավորենք, ես բոլոր դեպքերում ասել եմ, որ եթե ունեք հիմք, որպես օբյեկտիվ քննիչ, պետք է կալանավորեք, այո, կալանավորեք: Այո, ՀՀ-ում երբ որ վարչապետի ենթակա մարմինը իրականացնում է ձերբակալություն, որը կարող է քաղաքական և հանրային հնչեղություն ունենալ, քաղաքական պատասխանատվությունն իմ վրա է, ես պետք է կրեմ այդ քաղաքական պատասխանատվությունը, դա տրամաբանական և օրինական է: Ես ոչ Ռոբերտ Քոչարյանն եմ, ոչ Սերժ Սարգսյանը, որ գնամ քննիչների և ոստիկանների թիկունքում թաքնվեմ: Մինչ այժմ ՀՀ-ում տեղի ունեցած հանրային հնչեղություն ունեցող բոլոր ձերբակալությունների պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա: Ես եմ դրանց քաղաքական պատասխանատուն, որովհետև այդ մանդատը դուք եք ինձ տվել: Հաստատեք, որ դուք ինձ այդպիսի մանդատ տվել եք»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով մարտիմեկյան իրադարձություններին՝ ՀՀ վարչապետն ասաց, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այդ օրվա ժամը 12-ից երկրում հայտարարում է արտակարգ դրություն: Նրա խոսքով, արտակարգ դրությունը ոչ թե 2008 թվականի մարտի 1-ի լույսի 2-ի գիշերն է հայտարարվել, դա հայտարարվել է 2008 թվականի փետրվարի 23-ին, ինչն ապացուցված է, կան անհրաժեշտ փաստեր: Նրա որակմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է և բերել սեփական ժողովրդին օկուպացնելու, դա ապացուցված է: Փաշինյանն ասաց, որ այդ ընթացքում զինծառայողներին այդ խրամատներում փոխող չի եղել, նրանք, որ պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան: Նրա ներկայացմամբ, երևի, Ալիևի հետ պայմանավորվել են, որ ժողովրդին կոտորի, իսկ Ալիևը չհարձակվի:
«Հակառակ դեպքում որ ուղեղով մարդը զորքերը սահմանից կհանի կբերի մայրաքաղաք, ով է նա, եթե ոչ քրեական հանցագործ: Ով է նա, եթե ոչ հայրենիքի դավաճան: Շարքային Տիգրան Աբգարյանը գեներալների աչքի առաջ գնդակահարվել է Լեոյի փողոցում: Բանակին հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա, բանակից հագուստ է տարվել և բաժանվել օլիգարխներին, թիկնապահներին կառավարության շենքում, բաժանվել են ավտոմատներ: Մեր օպերատիվ տեղեկություններով՝ մարտի 1-ի առավոտյան հենց հրահանգը եղել է ջարդուփշուր անել ժողովրդին, այն փաստաթղթերը, որ ցույց են տրվել, հետագայում են սարքվել: Դրա մասին ունենք կոնկրետ օպերատիվ տեղեկություններ: Բարձրաստիճան պաշտոնայները, ավելին, պաշտոնյաների հրահանգներով ստել են փաստահավաք խմբին, այո, նախագահականից ստացել են զինվորականները հրահանգներ՝ գնալ փաստահավաք խումբ և խաբել փաստահավաք խմբին, սուտ ասել»,- նշեց Փաշինյանը, հավելելով, որ բանակը սարքել են իրենց անձնական նայոմնիկներ: Նրա որակմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանում իշխանության բռնազավթման համար և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանի թալանի համար և նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ:
«Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ հարցնելու են չէ, թե բա ուր է Սաշիկի 50 տոկոսը, ասում եմ ուր ա, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը ՀՀ մի բանկում ունի 30 միլիոն և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը միլիարդների է տիրապետում և ահավասիք, Կոնգրես հյուրանոցը պատկանում է Քոչարյանի որդուն և դստերը մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցը, ցույց տվեք, թե ինչ փողերով: Չփորձեք մեզ շանտաժի ենթարկել, ես այսօր պայման եմ դնում ձեր առաջ՝ օր առաջ հավաքեք Ձեր գողացած փողերը և կամավոր վերադարձրեք ժողովորդին, կամավոր: Այն ժամանակ մենք Հանրապետության հրապարակում կքննարկենք՝ ձեզ ներենք, թե չներենք, եթե չարեցիք, դուք մեծ խնդիր ունեք, ձեզ ոչ մեկ չի օգնի, ոչ մեկ, աշխարհում չկա մի ուժ, որ ձեզ օգնի: Չհամարձակվեք սեփական ժողովրդին պատերազմ հայտարարել, որովհետև այդ պատերազմում դուք կջախջախվեք: Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում այդ 30 միլիոն դոլարը հանելու է և վերադարձնելու է պետական բյուջե և մնացածը՝ նույնպես: Ես գիտեմ, որ ասելու են դիկտատուրայա, չգիտեմ ինչ ա, ոչ մի բան էլ չի: Հետևյալն է՝ մենք ձեզ թույլ չենք տա ժողովրդին ձեռք առնել, ով ուզում եք լինեք՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ կյանքը չի խնայի հանուն ժողովրդի հաղթանակի: «Գնալու ենք մինչև վերջ և բոլոր գողացվածը վերադարձնելու ժողովրդին»,- ասաց նա: