
Բաքվում Արայիկ Հարությունյանն Օնիկ Գասպարյանին համարել է գլխավոր ֆիգուր, բայց նրա լիազորությունները չի իմացել. Ի՞նչ է մատուցում ադրբեջանական քարոզչամեքենան և ինչո՞ւ

Մարտի 14-ին, ինչպես տեղեկացրել էինք, Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը», որի ժամանակ հարցերին պատասխանել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը:
Ինչպես հայտնել ենք, ըստ ադրբեջանական կայքերի, Բակո Սահակյանը հաստատել է այն պնդումները, որ ՊԲ-ն, ըստ էության, ենթարկվել է ՀՀ զինված ուժերին, ուստի ՊԲ հրամանատարի նշանակումը ՀՀ զինված ուժերի ղեկավարության առաջարկով է կատարվել, ինչը հաստատել է ՀՀ ղեկավարությունը:
Այստեղ հարկ է հիշեցնել, որ 2018 թվականի իշխանափոխությունից ամիսներ հետո՝ դեկտեմբերին, Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել էր Լևոն Մնացականյանը, ով հիմա գտնվում է Բաքվի բանտում:
Ադրբեջանական կայքերի հաղորդմամբ, Բակո Սահակյանը նաև հայտարարել է, որ Արցախը զենք-զինամթերք ստացել է ՀՀ-ից, և, որ Արցախի ռազմական ծախսերը ևս ՀՀ օգնությամբ են կատարվել:
Միաժամանակ, Ադրբեջանի պետական մեղադրողի հարցին ի պատասխան՝ Արցախի նախկին նախագահը Բաքվի դատարանում նշել է, որ իր նախագահության օրոք (2007-2020թթ.) Արցախի տարածքում «Իսկանդեր-Մ» և «Տոչկա-Ու» չի եղել, այլապես ինքը կիմանար այդ մասին:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դիտարկումներին, թե իբր վերը նշված զինատեսակներից կիրառվել են Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ, Ադրբեջանի լրատվամիջոցների փոխանցմամբ, Բակո Սահակյանն ասել է. «Կարող եմ ասել, որ հրետանային հարվածներ Ղարաբաղի տարածքից չեն եղել»:
Այսինքն, Բակո Սահակյանը պատասխան է տվել միայն Արցախի վերաբերյալ, և Հայաստանի անունը չի տվել, ինչպես հայաստանյան մամուլի որոշ թարգմանություններում ուղիղ կերպով վերագրվել է նրան, և ինչը փորձում էր ստանալ ադրբեջանական կողմը, հատկապես, երբ 2020 թվականի պատերազմի առաջին օրերից Հայաստանին մեղադրել էր Ադրբեջանի տարածքը «Տոչկա-Ու» հրթիռային համակարգի միջոցով թիրախավորելու համար, ինչը ՀՀ պաշտպանության նախարարությունը որակել էր կեղծիք:
Արցախի նախկին նախագահը, ըստ էության, այս թեմայով ծավալվելու հնարավորություն չի տվել կոնկրետ նպատակով իրեն հարցեր ուղղած ադրբեջանական դատախազներին կամ դատախազին: Թե Բակո Սահակյանի խոսքերի տողատակում յուրաքանչյուրն ի՞նչ կարող է հասկանալ, դա այլ հարց է, բայց Բաքվի «դատավարությունը» շատ նուրբ և զգայուն թեմա է, և դրան պետք է զգույշ և ճշգրիտ մոտենալ:
Ի դեպ, Բակո Սահակյանը նույնիսկ իրեն ուղղված ադրբեջանական հարցերին ի պատասխան՝ չի հրապարակել Արցախում եղած զինծառայողների թվաքանակը՝ ասելով, որ հստակ թվի չի տիրապետել, այն, ինչ իմացել է, եղել է ոչ պաշտոնական տվյալ, բայց դա էլ չի բարձրաձայնել՝ սահմանափակվելով. «Պաշտպանության բանակն ապահովում էր Ղարաբաղի անվտանգությունը, և ես պետք է իմանայի մեր թվաքանակը»:
Մարտի 14-ի «դատավարությանն» Արցախի ՊԲ-ին առնչվող հարցեր են ուղղվել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, որի ժամանակ նա, ըստ էության, կրկնել է, որ ՊԲ-ն ենթարկվել է ՀՀ զինված ուժերին, և, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը գլխավոր ֆիգուրն է եղել պատերազմի և խաղաղ պայմաններում, և, որ ՀՀ պաշտպանության նախարարը ևս որոշակի գործառույթներ է ունեցել:
Սակայն, արի ու տես, որ Արայիկ Հարությունյանը չի իմացել, թե ինչ գործառույթ կամ լիազորություն է ունեցել ՀՀ ԳՇ պետը, և ինչ՝ ՀՀ պաշտպանության նախարարը, միայն գիտի, որ ԳՇ պետը գլխավոր պատասխանատու անձ է: Մի տեսակ վերացական բան է ստացվում ադրբեջանական կայքերի հաղորդածը, որտեղ նաև, չգիտես՝ ինչու, ՀՀ ղեկավարը կամ գերագույն հրամանատարը մոռացվում է:
Այստեղ հիշեցնենք, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով՝ «ոչ պատերազմական ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին»:
Հատուկ ընդգծենք, որ որևէ մեկին հատուկ շեշտադրելու ցանկություն չունենք, ի վերջո, այստեղ ոչ թե անձի, այլ պետության՝ Հայաստանի Հանրապետության հարցն է առաջնայինը: Ընդհակառակը՝ փորձում ենք ցույց տալ, որ Բաքվի բանտում տրվում են ուղղորդված և հատուկ նպատակ ունեցող հարցեր, և «դատավարության» բովանդակության շեշտադրումները ևս որոշում է ադրբեջանական քարոզչամեքենան:
Հենց այս տրամաբանության մեջ է այն, որ արդեն որերորդ «դատական նիստն է», Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ստիպում են խոսել «Գյանջայի դեպքերի» մասին։
Մասնավորապես, մարտի 14-ի «դատական նիստին» Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի պետական մեղադրողի՝ «Գյանջայի դեպքերին» առնչվող հարցերին ի պատասխան՝ նշել է, որ «հրթիռակոծության մասին տեղեկություն ստացել է ՀՀ ԶՈԻ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից»:
«Ես զրույց եմ ունեցել ԳՇ պետի հետ: Առաջին փուլում նա ինձ հայտնել է Գյանջայի օդանավակայանի թիրախավորման մասին, դրանից հետո ես նրա հետ շփում չեմ ունեցել»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Արայիկ Հարությունյանը:
Այս համատեքստում մի քանի փաստ հիշեցնենք:
Նախ՝ ի սկզբանե Ադրբեջանն Արայիկ Հարությունյանին մեղադրում էր «Գյանջայի դեպքերի» համար, հատկապես, որ Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, գրառում արել էր Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը, այնուհետև Արայիկ Հարությունյանն էր գրել, թե հրաման է տվել հրթիռային հարվածներ հասցնել Գյանջայի ռազմական օբյեկտներին, իհարկե, ավելի ուշ Բաքվի դատարանում հայտարարել էր, թե նման իրավունք ինքը չուներ: Սա՝ առաջին:
Երկրորդ, 2020 թվականի հոկտեմբերի 4-ին ադրբեջանական, ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքից թիրախավորվել են Ադրբեջանի բնակավայրերը՝ Գյանջան, Խըզըի և Ապշերոնի տարածքները և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ միայն հաղորդագրության տարբերակով էր հերքել այս պնդումները, այլև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր «Զինուժ մեդիայի» հարցերին ի պատասխան՝ շեշտել՝ «կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել»:
2020թ. հոկտեմբերի 17-ին Բաքուն դարձյալ հայտարարել էր, թե իբր ՀՀ տարածքից հրթիռային հարված է հասցվել Գյանջայի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ «Զինուժ մեդիան» անմիջապես ադրբեջանական ապատեղեկատվությունը բացահայտող տեսանյութ էր հրապարակել, որ Գյանջայի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ իբր հայկական կողմի հրթիռակոծության մասին տեղեկությունները, կադրերն Ադրբեջանի հերթական փորձն է՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը: Այս թեմայով ոչ մեկ անգամ մանրամասն գրել ենք, ուստի կաշխատենք շատ չկրկնվել: Փոխարենը նշենք՝ Բաքվի դատարանում չի նշվում, ըստ էության, ոչ մի ամսաթիվ, երբ խոսք է գնում «Գյանջայի դեպքերից»:
Երրորդ, 44-օրյային առնչվող Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը տեղեկություն պատերազմի օրերին առաջինը ստացել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից, ինչը սկզբում ԳՇ-ն չէր հաստատում:
«…Պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը լուր էր հաղորդում, գլխավոր շտաբը չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ»,- նշել էր Փաշինյանը:
Ավելին, 2020 թվականի հոկտեմբերի 7-ին հրապարակված РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց էին տվել՝ «մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին, հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում», ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»:
Հակադարձմանը՝ այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա, իրեն գերագույն հրամանատար հռչակած Փաշինյանն արձագանքել էր.
«Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը»:
Այսինքն, եթե ընդունենք, որ «Գյանջայի դեպքերն» ադրբեջանական մեկնաբանությամբ իրականությանը համապատասխանում են, հենց Նիկոլ Փաշինյանն է առաջինը շատ լավ տեղյակ եղել դրա մասին:
168.am-ն անդրադարձել էր 2020 թվականի հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածի իրադարձություններին և դրանց միջև շղթայական կապին:
Մասնավորապես գրել էինք, որ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ արդեն Ստեփանակերտում է՝ այսպես ասած, «Գյանջայի դեպքերի» նախօրեին:
Արդեն հոկտեմբերի 5-ին Արցախ էր այցելել նաև Նիկոլ Փաշինյանը:
Իսկ հոկտեմբերի 6-ին, երբ Փաշինյանի կողմից հրապարակայնացվում էին հակահարվածի հայտնի օպերացիայի ծրագրերը, նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որին կից տեղադրել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը դուրս գալիս «խորհրդակցական սենյակից», իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը նրանց սպասում է դռան հակառակ կողմում:
Այսինքն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առնվազն պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի հետ սինխրոն աշխատել է, բնականաբար, տեղեկացրել ծրագրված յուրաքանչյուր գործողության մասին, հնարավոր է նաև՝ որոշ դեպքերում նրան է ասվել՝ ինչ անել:
Այնպես որ՝ Արայիկ Հարությունյան-Օնիկ Գասպարյան զրույցին կարող ենք վերապահումով մոտենալ, հատկապես, երբ ամսաթիվ չի նշվում, ինչը շատ կարևոր է:
Իհարկե, «Գյանջայի դեպքերի» առնչությամբ ՀՀ-ում հստակ պարզաբանումների կարիք կա: Բայց այն, որ Բաքվի «դատավարության» ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը հատուկ ընտրված հարցերով և թեմաներով փորձում է ցույց տալ Հայաստանի «ագրեսոր և օկուպանտ» լինելը, դա անվիճելի է, և ոչինչ, որ ադրբեջանական կողմը ևս հայտարարում է, թե պատրաստ են խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակ հետ վերցնել Հայաստանի դեմ միջպետական գանգատները:
Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը» կշարունակվի մարտի 17-ին։