
Կառավարությունն այսօր ցայտնոտի մեջ է՝ պետք է շտապ ձևավորել բյուջետային մուտքերը, կառավարությունն իր ճեղքվածքով, ծախսերի ծանր բեռով ծանր վիճակում է. Տնտեսագետ

Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատերերը նախօրեին վերսկսեցին բողոքի ակցիաներն ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոփոխությունների։ Իսկ մենք հիշեցնենք՝ նոր դրույքաչափերով առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։
Կառավարությունը, ի դեպ, տնտեսվարողների կողմից այս օրենքը կասեցնելու պահանջին ի պատասխան՝ որոշեց սահմանել անցումային շրջան՝ մինչև հուլիսի 1-ը, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները։
Տնտեսվարողներից շատերը սակայն պնդում են՝ նույնիսկ կառավարության սահմանած անցումային շրջանը չի կարող փրկել իրավիճակը, որովհետև պահեստներում առկա ապրանքները չունեն ձեռքբերման փաստաթղթեր, այդ ապրանքների իրացումը հնարավոր չէ կազմակերպել սեղմ ժամկետներում, չեն կարողանում գույքագրում անել։
Ի դեպ, 2025 թվականից մայրաքաղաքի տեղական տուրքերի դրույքաչափերն են բարձրացել, թանկացել է տրանսպորտի ուղեվարձը, շարունակում է թանկանալ գույքահարկը, բարձրացվել է շրջանառության հարկի դրույքաչափը՝ կրճատելով ԱԱՀ-ով և շահութահարկով աշխատող տնտեսվարողների միջև հարկային բեռի տարբերությունը։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այս հարկային քաղաքականությունն առկա իրողությունների ուղիղ հետևանքն է համարում։
«Իրականում շատ ծանր վիճակում է կառավարությունն իր բյուջետային օրակարգով, ճեղքվածքով, ծախսերի ծանր բեռով՝ ընդ որում, ուռճացված, և այն պրոբլեմով, որն անցյալ տարվանից փոխանցվել է՝ թերհավաքագրված 223 միլիարդ դրամի հարկեր և չվերանայված կանխատեսումներ,- 168․am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը՝ նկատելով նաև,- Այս տարվա բեռը շատ մեծ է։ Բայց քանի որ խոշոր բիզնեսից չի կարողանում հավաքել, կամ չի ցանկանում, և տարբեր պաշտոնյաներ գուցե այդ բիզնեսներում իրենց շահերն ունեն, հետևաբար՝ մնում է փոքր ու միջին բիզնեսը, որը հարկելը ևս շատ բարդ է (մոտ 80-90.000 փոքր ու միջին բիզնես կա, ինչ է, բոլորի հետևից հնարավո՞ր է մեկական տեսուչ ուղարկել)»։
Ատոմ Մարգարյանը շեշտեց՝ չափազանց ծանր բեռ են տնտեսվարողների վրա դրվող նոր դրույքաչափերը։
«Ընդ որում, սա արդեն զգացվում է, գներն արդեն արձագանքում են այս փոփոխություններին․ նրանք, որոնք աշխատում են և ակնհայտորեն բարձրացրել են գները՝ առաջիկա զարգացումներին ընդառաջ պաշար կուտակելու համար, բայց մի մասն էլ որոշել է փակվել, բայց առավել կենսունակ մասը բողոքում է։
Հետևաբար՝ այստեղ խնդրի լուծումը պետք է լինի կոնսենսուսը․ գոնե մինչև տարեվերջ, այսպես ասած, հետաձգել այս որոշման կիրառումը և բերել իրական հիմնավորումներ։ Հարկավոր է թիրախավորված ուսումնասիրություններ կատարել, գնահատել, թե ինչ ազդեցություն կունենա, որովհետև հարկային լծակը երկսայր սուր է․ մի կողմից կարող ես սրել ու քերթել, իսկ մյուս կողմից՝ տեսնել, որ բիզնես չկա՝ փակվել են։
Այսինքն՝ կաճաժամկետում կարող ես խնդիր լուծել, բայց միջին ու երկար ժամկետում կոտրած տաշտակի առաջ կանգնես։ Այդտեղ լուրջ ուսումնասիրությունների անհրաժեշտության կա, բայց, ինչպես ասացի, կառավարությունն այսօր ցայտնոտի մեջ է՝ պետք է շտապ ձևավորել բյուջետային մուտքերը,- հավելեց մասնագետը՝ կառավարությանը խորհուրդ տալով կրճատել ծախսերը, հատկապես՝ պետական կառավարման ապարատի ուռճացված ծախսերը,- Սա է այս պահին ելքը՝ զսպել ծախսերը և ոչ թե՝ հուպ տալ հարկային լծակի վրա»։
Ըստ նրա՝ անգամ հարկային այս քաղաքականության պարագայում պետությունը մեծ ակնկալիքներ չի կարող ունենալ այդ սեկտորից։
«Խոսքը մոտ 18 միլիարդ դրամի մասին է, ինչը չնչին գումար է՝ հարկային մուտքերի 1-2 տոկոսը, բայց դրա սոցիալական հարվածը, ռեզոնանսը, չափազանց ծանր ու հիվանդագին է լինելու․ այնտեղ տարբեր գնահատումներով՝ 80-85 հազար սուբյեկտներ են, որոնք օրվա հացի խնդիր են լուծում, այդտեղ շահույթները մինիմալ են, լուրջ եկամուտներ չկան՝ ի՞նչը հարկես։
Այնպես որ, սա լուրջ խնդիր է և պետք է լրջորեն ուսումանսիրվի․ պետք է քննարկումների դաշտ տեղափոխել հարցը և ոչ թե՝ մարդկանց օրերով-շաբաթներով մղել այդպիսի բողոքի ցույցերի։ Սա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ավելի լայն համատեքստում․ ակնհայտ է, որ այն ընտրական պրոցեսներին, որոնք տեղի ունեցան Փարաքարում և Գյումրիում, սա կարող է ձնագնդիի էֆեկտ տալ։ Վերջինս ևս պետք է հարկադրի պաշտոնյաներին գնալ կառուցողական դաշտ և բերել հիմնավորումներ»,- մանրամասնեց Ատոմ Մարգարյանը։
Ու թեև, ըստ տնտեսագետի, շրջանառության հարկի դաշտում գործող սուբյեկտներն ինչ-որ առումով ռիսկային են՝ ստվերի մեծ հավանականության առումով, կամ՝ ըստ փորձի, չեն աճում և նույնիսկ սերտաճում են խոշորի հետ, դա ամենևին չի նշանակում, որ խոշորի պրոբլեմը լուծել չկարողանալու, շրջանառությունը չֆիքսելու հետևանքով, պետք է թիրախավորել փոքր ու միջին բիզնեսը։