Կփորձեն ներսից պայթեցնել, սակայն Իրանը կխոցի ԱՄՆ ռազմաբազաները, Ադրբեջանը կօգտվի առիթից. Սյունիքում քանի օր է՝ կրակում են, այստեղ խոզ խանձողը հեծանիվ է քշում. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Եվրոբեսեդկայի մասնագետներին հարցրեք՝ եվրադիտորդները կարողանո՞ւմ են կանխել ադրբեջանական հարձակումները։ Հեռադիտակները արդեն չե՞ն օգնում՝ Սյունիքի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներն արձանագրելու համար։ Եվրոպան իլյուզիա է ստեղծում, որ կպաշտպանի մեզ՝ ռուսներին այստեղից հանելու, ու, ի վերջո, մեզ թուրքերին հանձնելու համար։
  • Փաշինյանը չգիտի՝ երկիր ղեկավարելն ինչ է։ Կարելի էր գոնե մի քանի հակադրոնային համակարգ ձեռք բերել՝ մեր զինվորներին պաշտպանելու համար։ Ադրբեջանն էլ, օգտվելով այս հանգամանքից, ճնշում է, և ինչպես ղարաբաղցիներին հանեցին Ղարաբաղից, հիմա նույնն անելու են Սյունիքի հետ։ Սա հոգեբանական ու քաղաքական ճնշման համար է արվում, և եթե, Աստված չանի, ռեգիոնալ պատերազմ սկսվի, Հայաստանի մասին ոչ ոք չի էլ հիշելու։ 
  • Մենք պետք է տեղյակ լինենք՝ ինչ է մեր մեջքի հետևում կատարվում։ Ղարաբաղի հարցն էլ «լուծվեց» մեր թիկունքում։
  • Իսրայելի վաղեմի երազանքն է՝ ոչնչացնել Իրանը։ Հիմա մտածում են, որ բարենպաստ ժամանակ է դա անելու համար, որովհետև ԱՄՆ-ում հիմա իսրայելական լոբբին շատ ուժեղ դիրքերում է գտնվում։ Կա երկու սցենար՝ կա՛մ վախեցնում են Իրանին, որ վերադառնան բանակցությունների դաշտ, կա՛մ ԱՄՆ-ը իսկապես կհարձակվի Իրանի վրա։ Բայց Իրանը կարող է պաշտպանվել, և առաջին հերթին՝ կխոցի ամերիկյան ռազմաբազաները, Միջին Արևելքի նավթային օբյեկտներին կհարվածի, ինչը 4-5 անգամ կբարձրացնի նավթի գները։ Բնականաբար, Իրանը կհարվածի նաև Իսրայելին։ Իրանն ունի գերձայնային հրթիռներ։ Ռուսներն օգնել են և կօգնեն Իրանին, բայց իրենց դեմքով հանդես չեն գա։ Իրանն էլ իր հերթին է օգնել Ռուսաստանին՝ ուկրաինական պատերազմի ժամանակ։ 
  • Իրանն արաբական երկրներին զգուշացրել է, որ պրոբլեմ կունենան բոլոր այն երկրները, ովքեր թույլ կտան, որ իրենց տարածքից հարվածեն Իրանին։ Ամերիկան իր հերթին՝ կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, ինչից հետո կարող է սկսվել լայնածավալ պատերազմ։ Իրանը սպառնացել է տնտեսական խորը ճգնաժամ ստեղծել՝ իր վրա հարձակման դեպքում։


Կարդացեք նաև

  • Իրանը կփորձեն ներսից պայթեցնել, ինչպես արեցին Սիրիայում։
  • Իրանի վրա հավանական հարձակման դեպքում Իրանն այլևս մեզ չի կարող օգնել, ու Ադրբեջանը կարող է օգտվել այդ առիթից։ Բացի դրանից, Իրանից փախստականների մեծ հոսք կարող է գալ Հայաստան, ինչին Հայաստանը, իհարկե, պատրաստ չէ։ Կարծում եմ՝ Բաքուն հիմա Թեհրանի հետ խոսում է այն զիջումների մասին, որոնք կարող են լինել հավանական պատերազմի դեպքում։ Սյունիքի հարցը կարող են լուծել։ Բացի դրանից, եթե հարվածներն Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ինտենսիվ լինեն, մթնոլորտ արտանետվող նյութերի խնդիր կարող է լինել։ Մենք բոլորս լավ ենք հիշում նաև Չեռնոբիլի տխուր օրինակը։
  • Իրանի դեմ պատերազմը նաև Ռուսաստանի դեմ է։ Նախ կցանկանան ոչնչացնել Ռուսաստանի դաշնակից Իրանին, կամ ռուսներին ներքաշել պատերազմի մեջ ու երկրորդ ճակատ բացել։
  • ԱՄՆ-ը թույլ չի տա, որ ռեգիոնում իր երկու հիմնական դաշնակիցները՝ Իսրայելը և Թուրքիան, բախվեն։
  • Ֆրանսիացիները Մակրոնին կհասցնեն պաշտոնանկության։ Ֆրանսիացիները մեզ պես չեն կկանգնեցնեն երկիրը, և ինքը հրաժարական կտա։ Մակրոնը չի կարող Ուկրաինայի անվտանգությունն ապահովել, նա իր ռեյտինգն է ապահովում առայժմ։ Մակրոնն Ուկրաինայի հետ ավելի վատ է վարվել, քան մեզ հետ։ Նա գցել է Ուկրաինային։ Ֆրանսիան, իհարկե, կարող է միջուկային սպառնալիքի մասին խոսել, ինչ-որ հովանոցի վկայաբերել, հարվածներ հասցնել, բայց Ռուսաստանի պատասխանը կլինի Ֆրանսիայի գոլորշիացումը։ Այդ երկիրը կվերանա պարզապես, և Մակրոնը Լեհաստանի կամ Ուկրաինայի համար իր երկիրը վտանգի տակ չի դնի։
  • Ես չգիտեմ՝ ով է Փաշինյանին բերել իշխանության, բայց եթե դա թուրքերը լինեին, ավելի «լավին» չէին կարող բերել։ Այսպես մեզ ջարդել, կոտրել կարող էր միայն թուրքի դրածոն։
  • Ռուսները չեն ուզում պատերազմը կանգնեցնել, որ եվրոպացիներն այդ ժամանակը չօգտագործեն Ուկրաինային զինելու համար։ Ուկրաինայում կարող է լինել նոր Մայդան, քաղաքացիական պատերազմ։ Ռուսաստանն առաջ է գնում, ու, ցավոք սրտի, դեռ շատ զոհեր կլինեն։ Ուկրաինայում կարող է ընտրություն լինել, և ավելի ազգայնական ուժեր գան իշխանության։ Այնպես որ, ռուս-ուկրաինական ճակատում ամեն ինչ այդքան պարզ չէ, բանակցություններ կարող են գնալ, բայց դրանք լինելու են դժվար ու տևելու են երկար։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես պիտի ռուսները հրաժարվեն իրենց պահանջներից։ Կարծում եմ՝ պատերազմը, այնուամենայնիվ, ցավոք, դեռ կշարունակվի։
  • Թրամփը բացարձակապես կախված է իսրայելական սիոնիստական լոբբիից, որովհետև նրանք են իրեն ընտրել։ Թրամփը շատ էմոցիոնալ մարդ է, անում է անպատասխանատու քայլեր, ու դրա համար այս օրերին մեկ միլիոնից ավելի մարդ դուրս եկավ նրա դեմ միտինգի։ Նա եկել էր՝ խոստանալով լինել խաղաղության նախագահ։ Նա ասում էր՝ իմ նախագահության ժամանակ ես որևէ պատերազմ չեմ սկսել, ու այդպես էլ կշարունակվի։ Իսկ հիմա ինքը պատրաստ է ռմբակոծել Իրանը, ինչպես ինքն ասաց՝ «Ես ձեզ այնպես կռմբակոծեմ, որի նմանը դուք չեք տեսել»։ 
  • Իրանը չունի միջուկային զենք, բայց տարածաշրջանում կա Իսրայելը, որն ունի 200-300 մարտագլխիկ։ Ի՞նչ է ստացվում՝ Իսրայելին կարելի է ունենալ միջուկային զենք, իսկ Իրանին՝ ո՞չ։

  • Մենք բոլորին խանգարում ենք, բացի Ռուսաստանից և Իրանից։ 
  • Սյունիքում արդեն քանի օր է՝ կրակում են ադրբեջանցիները, սպառնալիքներ են հնչեցնում, իսկ Երևանում Փաշինյանը հեծանիվ է քշում… Խոզ խանձելով և հեծանիվ քշելով՝ մենք մեզ պատուհասած սպառնալիքներին չենք կարող դիմագրավել:

Հիշեցնենք, որ Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությունը (ICAN) 2024թ. նոյեմբերին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Իսրայելը միջուկային զենք ունեցող ինը երկրներից մեկն է: Իր զինանոցում ունի 90 միավոր միջուկային զենք, որոնք նա կարող է արձակել հրթիռների և ինքնաթիռների օգնությամբ, ինչպես նաև, հնարավոր է, ծովային բազավորման հրթիռների օգնությամբ: Չնայած փորձագետների և կառավարական նախկին պաշտոնյաների կողմից դրանց գոյության լայն ընդունմանը, Իսրայելի և բազմաթիվ արևմտյան երկրների կառավարություններ իսրայելական միջուկային զենքի հետ կապված երկդիմի քաղաքականություն են պահպանում»,- ասված էր փաստաթղթում։

ICAN-ն Իսրայելին կոչ էր անում միանալ 2017թ. ընդունված Միջուկային զենքի արգելման պայմանագրին (ՄԶԱՊ)՝ Մերձավոր Արևելքը զանգվածային ոչնչացման զենքից զերծ գոտի դարձնելու գործում հաջողության հասնելու համար։

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ընդունվել է 2017թ. հուլիսին։ Այն ժամանակ դրան աջակցել է 122 պետություն։ Մեկ երկիր՝ Նիդեռլանդները, դեմ է քվեարկել, իսկ մեկը՝ Սինգապուրը, ձեռնպահ մնացել։ Շատ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, չեն մասնակցել այդ խորհրդաժողովի աշխատանքին։

Նրանք հայտարարել էին, որ նոր փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի առկայությունը։ Ներկայում ՄԶԱՊ-ը ստորագրել է 93 երկիր, որոնցից 70-ը վավերացրել է այն։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2021 թ. հունվարի 22-ից։ 2018 թ. հոկտեմբերին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան համատեղ հայտարարեցին, որ դեմ են հանդես գալիս և չեն ստորագրելու ՄԶԱՊ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս