
Թութքը կարո՞ղ է վերածվել քաղցկեղի, զուգարանում երկար նստելը, նստակյաց ապրելակերպն ի՞նչ հետևանքներ ունեն
Թութքը հետանցքի շրջանում և ուղիղ աղու ստորին հատվածում երակների այտուցվածությունն է՝ նման երակների վարիկոզ լայնացմանը։ Ո՞ր դեպքում է այն առաջանում, որո՞նք են բուժման արդյունավետ տարբերակները։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք «Իզմիրլյան» ԲԿ բժիշկ-պրոկտոլոգ Ռուբեն Թադևոսյանի հետ։
– Շատերը թութք ասելով՝ հասկանում են հանգույց կամ մսագունդ, որը դուրս է եկել․ իրականում ի՞նչ է թութքը։
– Թութքը հյուսվածք է, որը ձևավորվում է դեռևս սաղմի շրջանում: Այսինքն, դա մի հյուսվածք է, որն ունեն բոլոր մարդիկ: Բայց կյանքի ինչ-որ էտապում՝ կախված որոշակի ագրեսիվ ֆակտորներից, հյուսվածքը սկսում է փոփոխվել և չկատարել իր ֆունկցիան՝ վերածվելով թութքային հանգույցի։ Այս հյուսվածքը բոլոր մարդկանց հետանցքի շուրջը կա, և իրենից ներկայացնում է արյան դեպո, այսինքն՝ եթե կոնքում, ինչ-որ մի տեղ արյան ճնշումը բարձրանում է, ավելորդ արյունը կուտակվում է այդ խորշիկավոր հյուսվածքներում: Եթե չափից շատ է կուտակվում՝ ձևավորվում են թութքային հանգույցներ, որոնք լինում են արտաքին և ներքին։ Առաջին հերթին սկսում են մեծանալ ներքին թութքային հանգույցները։ Դրա զարգացմանը բերում են մի շարք ֆակտորներ, և առաջին տեղում փորկապությունն է, այսինքն, դժվար դեֆեկացիայի ակտը։ Դրան գումարվում է սննդի չարաշահումը, կծուն, ալկոհոլը, ոտքերը սառեցնելը, հղիությունը, ծննդաբերությունը։
Վերջերս ակտուալ է դարձել նստակյաց ապրելակերպը։ Եթե նախկինում սա վերագրում էին վարորդներին, որ երկար ժամանակ նստած են, ապա այսօր դրան գումարվում են շատ այլ մասնագիտություններ։ Այսինքն, քիչ շարժվելը նույնպես նպաստում է ոչ միայն թութքի, այլև պրոկտոլոգիական հիվանդությունների զարգացմանն ու սրացմանը։
– Նստակյաց ապրելակերպ ունեցողներն ի՞նչ անեն՝ խնդրից խուսափելու համար, 15 րոպե քայլելը կփրկի՞։
– Որոշակի ֆիզիկական ակտիվություն է պետք․ ընթացքում վեր կենալ, քայլել, սպորտով զբաղվել։ Խորհուրդ կտամ չոր, սառը տեղում չնստել։ Գոնե փափուկ լինի նստելու տեղը․ կան հատուկ բարձեր, որի վրա նստում են, որպեսզի հետանցքի վրա ճնշում չլինի։
– Նշեցիք, որ լինում են արտաքին ու ներքին թութքային հանգույցներ, ախտանշանները նո՞ւյնն են։
– Ըստ ախտանշանների՝ մենք դասակարգում ենք 4 աստիճանի թութք։ Առաջինը դեֆեկացիայից հետո արյան առկայությունն է։ Ալ կարմիր գույնի արյուն՝ լինի թղթի, թե զուգարանակոնքի վրա։ Ուզում եմ շեշտել, որ ցավ չկա։ Երբ թութքը սկսվում է, առաջին ախտանշանն առանց ցավի արյունն է։ Երկրորդ աստիճանի դեպքում հիվանդը նշում է, որ երբ գնում է զուգարան՝ կա արյան առկայություն, ինչպես նաև ներքին հանգույցների արտանկում։ Այսինքն, սրբելուց կամ լվացվելուց ձեռքով շոշափում է դուրս եկած ներքին հանգույցները։ Բայց դրանք ինքնուրույն հետ են քաշվում։ Երրորդ աստիճանում կա հանգույցների արտանկում, որոնք ինքնուրույն հետ չեն քաշվում, և բուժառուն նշում է, որ ինքն է ձեռքով ներս մտցնում։ Չորրորդ աստիճանում արդեն վիճակը բարդանում է, արտանկված հանգույցը ձեռքով չի կարողանում մտցնել ներս։ Լինում է թրոմբոզ, նեկրոզ, հանգույցն, այսպես ասած, սևանում է։ Այդ ժամանակ նոր միանում է սուր ցավը։
– Թութքային հանգույցը չբուժելը վտանգավո՞ր է։
– Չբուժելու պարագայում ունենում ենք չորրորդ աստիճանը, երբ սուր ցավ է լինում, ու հիվանդը շտապ վիրահատության է դիմում։ Ինչ վերաբերում է վտանգին, հաճախ հարցնում են, որ եթե չբուժեն՝ կարո՞ղ է վերածվել քաղցկեղի։ Միանշանակ՝ ո՛չ։ Թութքի բարդությունը ցավն է, սուր արյունահոսությունը։ Երբեմն սուր արյունահոսությունը չենք կարողանում դադարեցնել։ Լինում են դեպքեր, որ ստիպված արյուն ենք փոխներարկում։
– Զուգարանում երկար ժամանակ անցկացնելը, զուգարանի թուղթը վնա՞ս են։
– Սկսեմ հարցի երկրորդ մասից։ Միշտ խորհուրդ ենք տալիս լվացվել գոլ կամ գոլից մի քիչ տաք ջրով։ Սառն այդքան էլ խորհուրդ չենք տալիս՝ միայն արյունահոսության դեպքում։ Ինչ վերաբերում է երկարատև նստելուն, ապա, այո՛, նպաստում է թութքի ձևավորմանը, եղած հանգույցների մեծացմանը։ Ակտուալ խնդիր է, երբ հեռախոսով են գնում։ Պետք չէ երկար մնալ։
– Ինչո՞ւ են ասում, որ այն ավելի շատ հանդիպում է 45-60 տարեկան մարդկանց մոտ։
– Նախկինում էին այդպես ասում, հիմա երիտասարդացել է։ Շատ են բերում երեխաների։ Իհարկե, տարիքի հետ հիվանդության հավանականությունը մեծանում է, որովհետև մեկ օրում չի առաջանում՝ ժամանակի ընթացքում է ձևավորվում։ Մարդիկ շատ ուշադրություն չեն դարձնում երկարատև նստակյաց կյանքին, սննդի չարաշահմանը, փորկապությանը։ Սա կարծես նորմա է դարձել։ Հիմա ավելի շատ տարածված է ֆասթ-ֆուդը՝ համար մեկ թշնամին։ Այն քիչ է բջջանյութ պարունակում։ Մինիմում 2 լիտր ջուր պետք է մարդն օգտագործի, բայց չեն անում։ Թույն են համարվում նաև գազավորված ըմպելիքները։
– Ի՞նչ հիվանդություն, եթե սկզբում «չօգնեն» բնական և տեղական միջոցները։ Ռեհանի հյութ, մոմին պահած ձվի դեղնուց, որից յուղ է կաթում, և այլն։ Արդյո՞ք օգնում են։
– Այնքան ենք նման բաների հանդիպում… Ձվածեղ, քամած մածուն թութքին քսել։ Նախկինում չի եղել դեղագործություն, իսկ հիմա մոմիկներ, դեղեր կան։ Այն ժամանակ, բնականաբար, այդ միջոցներն են որոշակի դեր կատարել։ Ձեր թվարկած միջոցները այտուցը «նստեցնում» են, հանգույցը փոքրանում է, բայց այսօր կան քսուքներ, որոնք այդ դերն ավելի արագ են կատարում և ավելի ապահով են։
– Բուժումը հիմնականում վիրահատակա՞ն է։
– Առաջին և երկրորդ աստիճանի պարագայում դեղորայքը բավական էֆեկտիվ է, իսկ երրորդ և չորրորդ փուլերում, երբ ունենք բարդություն, արմատական բուժումը վիրահատությունն է։ Ցավոք, մեզ դիմում են վերջին փուլերում, իսկ մինչ այդ հիմնականում զբաղվում են ինքնաբուժմամբ։ Հետանցքից արյան մասին նշեցի, բայց կան հիվանդություններ, որոնք նույնպես սկսում են արյունահոսությամբ և դրանք ուղիղ աղիի քաղցկեղներն են։ Շատ ժամանակ ուղիղ աղիի ուռուցքով հիվանդը մինչև հասնում է բժշկի՝ ամիսներով ինքնուրույն թութք է բուժում։ Եթե հետանցքից կա արյունային արտադրություն, դա արդեն նորմալ չէ։
Երբ դիմում են բժշկի՝ հաստ աղիից մինչև բարակ աղի անպայման հետազոտում ենք, որպեսզի բացառենք այլ խնդիրները։ Պրոկտոլոգիական հիվանդությունների մեծ մասն արտաքին զննմամբ արդեն երևում է։
– Բժիշկներն օղակ եմ ամրացնում թութքին, որ թառամում, ընկնում է։
– Դրանք լատեքս օղակներն են։ Առաջին, երկրորդ աստիճանում կան քիչ ինվազիվ մեթոդներ և դրանցից մեկը համարվում է սա։ Ներքին հանգույցները մաս-մաս հեռացվում են։ Էֆեկտիվ է, երբ դեռ հանգույցները փոքր են։ Շեշտեմ, որ այն արմատական մեթոդ չի համարվում, որոշակի ժամանակ անց ունենալու ենք կրկնություն։
– Ժողովրդի մեջ ընդունված է, չէ՞, հաստ բրդյա թել են կապում թութքին ու ազատվում դրանից։
– Թութքի առաջին վիրահատությունը կատարել է Հիպոկրատը՝ կախված հանգույցը թելով կապելով։ Ժամանակի ընթացքում նեկրոզը սևացել, պոկվել է ու ընկել։ Պարզապես հիմա կան էֆեկտիվ միջոցներ, ցավազրկում։ Ավելի մաքուր, արմատական կարելի է հեռացնել՝ խուսափելով բարդություններից։
– Հղիության ժամանակ կամ ծննդաբերությունից հետո թութքի առաջացումը բուժում ենթադրո՞ւմ է։
– Եթե մինչև հղիությունը կա խնդիր, ապա հղիության շրջանում միանշանակ սրվում է։ Նման հիվանդներին, ովքեր հղիություն են պլանավորում, հսկողության տակ ենք պահում։
– Եթե երկար, ասենք՝ 30 տարի, մարդը թութք ունի, հնարավո՞ր է բուժել, թե՞ արդեն ուշ է։
– Կախված է գանգատներից։ Կարող է 2-3 տարվա բավական մեծ թութք լինել։ Նույնիսկ ասեմ, որ 30-40 տարվա հիվանդները թութքի հետ համակերպվում ու ապրում են։ Գիտեն, թե իրենց ինչն է լավ, ինչը՝ վատ։ Ենթագիտակցորեն կծու չեն ուտում, ալկոհոլ չեն օգտագործում, գիտեն՝ որտեղ են նստում։
– Ինչո՞ւ է սա համարվում հարուստների հիվանդություն։
– Թութքը այն խնդիրն է, որը տարիք, սեռ, մասնագիտություն չի ճանաչում։ Ոչ թե հարուստների, այլ կասեի՝ զարգացած երկրներում շատ է հանդիպում։ Քիչ են շարժվում, սխալ սնունդ են օգտագործում, առավոտից երեկո սթրեսի մեջ են։ Խորհուրդ կտամ հետևել առողջությանը, քիչ վարել նստակյաց ապրելակերպ, չարհամարհել գանգատները։