
Գերազանցիկ նախարարի «կռուտիտի», կազմաքանդված ու բարոյալքված իրավապահ համակարգի ու նրանց գլխին կարգված դիլետանտ «ասիչի» մասին

Երեկ տեսանյութ տարածվեց, որում երևում էր, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչի գիտակ Դանիել Իոաննիսյանի «բարեփոխած» ոստիկանության՝ ամերիկյան գումարներով ու մեթոդներով «կրթված» պարեկները 4 շարք խցանման մեջ կանգնած մեքենաներից մեկի վարորդին վայրենու պես հարձակվելով, քաշելով, մի քանի հոգով նախ դուրս հանեցին մեքենայից, ապա գցեցին գետնին, իրենց շեֆի բառապաշարով՝ փռեցին ասֆալտին, ապա տարան:
Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) երեկոյան նախ 168.am-ի՝ ի՞նչ է կատարվում տեսանյութում և ինչո՞ւ են պարեկներն այդքան «բարեկիրթ» հարցերին ի պատասխան՝ ասացին.
«Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողներն ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»:
Քիչ անց այս պարզաբանումը տարածվեց նաև ՆԳՆ սոցիալական հարթակներում:
Ցավալի է, որ ՆԳ նախարար Արփի Սարգսյանի մտքի թռիչքն այնքան սահմանափակ է, որ լինելով գերազանցիկ իրավաբան ու հաստատ իմանալով, որ անգամ հայհոյանքի դեպքում ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն, «կռուտիտի» այլ տարբերակ չի մտածել, բայց տեսանյութի՝ ոչ մասնագիտական աչքով, հպանցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս՝ որքան սնանկ են ոստիկանության «հիմնավորումները:
1. Քաղաքացիները տևական ժամանակ կանգնած են խցանման մեջ, ու մարդկանց վրդովմունքը նախ բնական է, ու վերջիններս կարող էին իրենց դժգոհությունը հայտնել օրենքով չարգելված եղանակով:
2. Ենթադրյալ «օրինանախտ», իսկ իրականում պարեկների կողմից վայրենի հարձակման ենթարկված վարորդի մեքենայի պատուհանը փակ էր, բավականին հեռու գտնվող պարեկները հայհոյանք ո՞նց լսեցին:
3. Պարեկների սադիստական հարձակումը նկարահանող անձի վրա հարձակվե՞լն էլ է մտնում «մեքենաների շարասյան անցումը» թույլ տալու տրամաբանության մեջ:
4. Խցանման մեջ կանգնած բոլոր վարորդներն ազդանշան էին տալիս, ենթադրաբար նրանցից շատերը նաև հայհոյում էին, ինչո՞ւ հարձակման հենց այդ վարորդը ենթարկվեց, ով, ինչպես հետո պարզվեց, շտապում էր պապիկի հուղարկավորությանը, բայց ստիպված է անժամկետ սպասել ինչ-որ մեկի քմահաճույքով փակված փողոցի՝ եսիմ երբ բացվելուն:
Բարեբախտաբար, մյուս վարորդների արձագանքը համարժեք էր, բացի դրանից, նրանցից շատերը դուրս եկան իրենց մեքենաներից՝ օգնության շտապելու սանձարձակ հարձակման ենթարկված վարորդին:
Այսօր 168.am-ի հետ զրույցում բռնության ենթարկված վարորդը՝ Էդգար Այվազյանը, պնդեց՝ ինքը չի հայհոյել, իսկ միջադեպը տեղի է ունեցել մարտի 31-ին:
««Ես չեմ հայհոյել, այնտեղ այնքան մարդ է եղել, որ կարող են փաստել, որ հայհոյանք չի եղել։ Ինձ մեքենայից հանել են ազդանշան տալու համար, բայց այնտեղ բոլորն էլ ազդանշան էին տալիս, քանի որ երկար ժամանակ ճանապարհը փակ էր»,- ասել է նա:
Միջադեպից օրեր անց, սակայն, Էդգար Այվազյանը, ով չէր հասկանում՝ ինչո՞ւ էին պարեկներն այդքան գերլարված, չի կարողանում հետ ստանալ իր մեքենան:
«Մեքենան դեռ տուգանային հրապարակում է։ Անտեր ու դուս վիճակ է․ ասում են՝ գնացեք, մենք ձեզ կզանգենք, բայց քանի օր է՝ ոչ ոք չի զանգել»,- հավելել է նա։
Հետաքրքիր է, որ երեկվանից լուռ էին՝ ինչպես գործող ՄԻՊ-ը, այնպես էլ՝ պարեկային ծառայության «կնքահայր» Դանիել Իոաննիսյանը: Վերջինս, ինչպես պարզվեց, խրախուսում է ոստիկանների գործողություններն ու համակարծիք է նրանց հետ, որ հենց այդպես էլ պետք է վարվեին քաղաքացու հետ:
Հիմա՝ հերթով:
Այսօր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ևս անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ «Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով, այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն, և ՆԳՆ պարզաբանումը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները, արդարացնում արգելված վերաբերմունքը»:
«Սա քաղաքական հովանավորության հետևանք է. տպավորություն է խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու: Անպատժելիության, քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը և հեղինակազրկվում այն ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում»,- նշել էր նա:
Այս գրառման ներքո ակնթարթորեն հայտնվել էր Դանիել Իոաննիսյանը և հայտնել իր հեղինակավոր, անբեկանելի կարծիքը:
«Պարոն Թաթոյան, բա հայհոյանքին ի պատասխան ոստիկանները ի՞նչ պիտի անեին։ Պատասխան հայհոյեի՞ն։ Թե՞ ասեին “սիրելի քաղաքացի, դուք սխալվում եք”։)))))»,-գրել էր նա:
Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ հեղինակավոր իրավաբաններ, իհարկե, շատ պատկերավոր ու հանրամատչելի բոլոր հանձնաժողովների նախագահ կամ առնվազն կարկառուն անդամ, իրավապահ կառույցների ղեկավար ընտրող, իրավապահ համակարգում հարց լուծող, ազատ ժամանակ զենքերով, այդ թվում՝ մարտական, խրախճանքի սիրահար, դիտորդ, Հայաստանի բոլոր օրենսգրքերի հեղինակ, Սահմանադրություն գրող Դանիել Իոաննիսյանին բացատրել էին՝ ինչ պիտի անեին պարեկները, հիշեցրել էին, օրինակ, Գյումրիի դեպքը, երբ ոչ սթափ, ինքն իրեն չտիրապետող ՔՊ-ական պատգամավորը «հյուրախաղեր» էր տալիս Գյումրիում, այդ թվում՝ նաև իր՝ մեծն իրավապաշտպանի ու փաստեր ստուգողի ներկայությամբ, ամենաայլանդակ հայհոյանքներն էր տալիս լրագրողներին ոստիկանների ներկայությամբ, բայց վերջիններս հանգիստ կանգնած էին ու չէին էլ փորձում միջամտել:
Դե, իհարկե, երբ, օրինակ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու համար երբեմնի ազդեցիկ մարդիկ իրենց մտերիմների հարցերը լուծելու համար գնում, Դանիել Իոաննիսյանին են տեսնում, ու արդյունքում հենց այդ անձն էլ նշանակվում է, երբ իրավապահ համակարգում տարիների, տասնամյակների կենսագրություն, մասնագիտական փորձառություն, գիտելիքներ ու հմտություն ունեցող թեկնածուները գլուխները կախ կանգնում են Դանիել Իոաննիսյանի առաջ, կուլ տալիս՝ ինչպես է նա իրենց «փչացնում», ու փորձում են արդարանալ, ինքն էլ պիտի մտածի, որ ամեն ինչի մասին ամեն տեղ կարող է իր հեղինակավոր կարծիքը հայտնել:
Բայց, ինչպես ասում են, սա այդ դեպքը չէր, և թե՛ քաղաքացիները, թե՛ ինքը՝ Արման Թաթոյանը, իհարկե, վերջինս՝ ոչ Դանիել Իոաննիսյանի, այլ քաղաքացիների համար, իր գրառման մեկնաբանության բաժնում մասնագիտական պարզաբանում էր ներկայացրել՝ ինչու չէին կարող պարեկները նման կերպ վարվել:
«Բանն այն է, որ ոստիկանի համար օրենքով և միջազգայնորեն նախատեսված են ֆիզիկական ուժ ու հատուկ միջոցներ (ձեռնաշղթան տվյալ դեպքում) գործադրելու հնարավորություն` միայն որպես բացառիկ միջոցներ:
Դրանցից յուրաքանչյուրն ունի կիրառության սպառիչ հիմքեր, նպատակներ (օրինակ` ոստիկանի նկատմամբ դիմադրությունը կանխելու կամ փախուստի փորձ անող հանցանքի մեջ մեղադրվող անձի փախուստը կանխելու անհրաժեշտությունը և այլն):
Հատուկ միջոցներ ու անգամ ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ ոստիկանը պարտավոր է զգուշացնել քաղաքացուն այդ մասին ու նրան բավարար ժամանակ տրամադրել` ոստիկանի պահանջը կատարելու, իրավախախտումը դադարեցնելու համար (թեև այստեղ պահանջի տեղ էլ չկար)»,- մասնավորապես այս տարրական բաներն էր բացատրել նախկին ՄԻՊ-ը, բայց քանի որ Դանիել Իոաննիսյանն անձամբ է երաշխավորել պարեկների համար, ու անձնական շահագրգռվածություն ունի, իր համար, իհարկե, ամեն ինչ ճիշտ է:
Հետո, բացի դրանից, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի շարասյունն էր անցնում, մարդը ո՞նց չպաշտպանի պարեկների գործողությունները:
Հ.Գ. Ի դեպ, հոդվածը գրելու դրությամբ Դանիել Իոաննիսյանը ժամեր անց դեռ չէր պատասխանել իր գրառման ներքո եղած մեկնաբանություններին. Հուսանք՝ կպատասխանի, մեզ համար շատ կարևոր է իր կարծիքը: