![](/banners/BeFunky-design.jpg)
Հիմա Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ. Դանիել Իոաննիսյանը նեղացել է, հրաժարվեց պատասխանել
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Daniel-Qyaramyan.jpg)
«Կռուտիտի» առիթը
Հունվարի 30-ին 168.am-ը հրապարակում էր կատարել այն մասին, որ ՔՊ-ականների միակ ու անկրկնելի, իրավունքի բոլոր ճյուղերի կարկառուն մասնագետ, իրականում իրավունքի ու իրավագիտության հետ որևէ աղերս չունեցող, պաշտոնյաներ ընտրող ու ատեստավորող բոլոր հնարավոր հանձնաժողովների անդամ, Հայաստանում պարեկային ձախողված ծառայության ներդրման ջատագով ու հեղինակ, եվրոպական բոլոր կառույցների և այս իշխանությունների սիրելի, կրթությամբ ֆիզիկոս «իրավապաշտպան» Դանիել Իոաննիսյանը նախորդ կիրակի օրը Սևանի ափին գտնվող մի չգործող բժշկական կենտրոնի տարածքում իրեն հրաձգարանում է պատկերացրել ու մի քանի ընկերների հետ միասին հրազենի կիրառմամբ զվարճանքի (իսկ միգուցե այլ գործողության, դա թող իրավապահները պարզեն,- Գ.Ս.) նոր տեսակ է հորինել. իրեն պատկանող հրազենի 2 տեսակներով` ակոսափող և հարթափող, չգիտես՝ ալկոհոլի՞, թե՞ հոգեներգործուն այլ միջոցների ազդեցության տակ (դա էլ թող փորձաքննությունը պարզի,- Գ.Ս.), այնքան է այդ տարածքում անկանոն կրակոցներ արձակել, որ դեպքի վայր են ժամանել այդ ձայները լսած պարեկները ու տեղում հայտնաբերել կրակված պարկուճներ։
Գրել էինք նաև, որ ոստիկանությունում վարչականով արագ փակել են թեման, անգամ նյութերը քննչական մարմնին չեն փոխանցել, ուշադիր… Որ հանկարծ քրեական վարույթ չնախաձեռնվի` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այս առնչությամբ հարցեր էինք հղել ոստիկանությանը: Ոստիկանությունից, ի դեպ, նախկինի պես արձագանք դեռ չունենք:
Դանիել Իոաննիսյանը հաստատել էր մեր տեղեկությունը, բայց հերքում էր պահանջել՝ չգիտես որ սուտ տեղեկությունների համար: 168.am-ը շատ ուշադիր ուումնասիրեց հերքման տեքստը և ոսկեղենիկ հայերենով ի լուր աշխարհի Դանիել Իոաննիսյանին տեղեկացրեց՝ ՀԵՐՔՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԵՐՔԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ: Թեմայով հետաքրքրվածները կարող են ծանոթանալ մեր երկու հրապարակումներին, որոնց ակտիվ հղումները տեղադրված են:
Այս պահին շեշտենք՝ Դանիել Իոաննիսյանը չի անտեսվել, նրա հերքման պահանջին պատասխան տրվել է: Բայց երևի Դանիել Իոաննիսյանը լավ չի պատկերացնում, որ իր պահանջները կարող են օրենք լինել, ասենք, ՆԳՆ-ում կամ Արտաքին հետախուզական ծառայությունում, Հակակոռուպցիոն կոմիտեում կամ էլ Քննչական կոմիտեում, բայց ոչ երբեք՝ 168.am-ում:
Դանիել Իոաննիսյանը բոլորից լավ գիտի, որ նման դեպքերում բոլոր ճանապարհները տանում են դատարան, և մենք էլ հեչ դեմ չենք, որ հարցը լուծվի դատական կարգով:
Թեման
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Դանիել Իոաննիսյանը, ով, ինչպես արդեն նշեցինք, իրապահ կառույցների կադրային հարցերը կարգավորող բոլոր հնարավոր հանձնաժողովներում հարց լուծողն է, նախորդ շաբաթ՝ ավելի կոնկրետ՝ փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, երևանյան սրճարաններից մեկում հանդիպել է Քննչական կոմիտեի (ՔԿ) նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ:
Առանձնազրույցի թեման կամ ավելի ճիշտ՝ բանակցությունների նպատակը, ըստ լուրերի, ՔԿ նախկին նախագահի սանիկ Արթուր Նահապետյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դարձնելն է եղել և դրանում Դանիել Իոաննիսյանի դերակատարումը:
Հիշեցնենք՝ կարևոր իրավապահ կառույցի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Կարեն Բատիկյանը, Արտաշես Մայիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը: Թեկնածուներից մեկը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է՝ Արթուր Նահապետյանը, որն այս պաշտոնին նշանակվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Մինչ այդ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր է եղել: Հենց Արթուր Նահապետյանն է գտնվում Արգիշտի Քյարամյանի հետաքրքրությունների տիրույթում:
«Կռուտիտը»
Հենց Դանիել Իոաննիսյան-Արգիշտի Քյարամյան հանդիպման հաստատումը կամ հերքումն էինք ցանկացել լսել Դանիել Իոաննիսյանից, և 168.am-ն այդ թեմայի վրա լույս սփռելու նպատակով էր կապ հաստատել Դանիել Իոաննիսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց ըստ էության պատասխանել մեր հարցին:
«Դուք սրանից 2 շաբաթ առաջ իմ մասին սուտ տեղեկություն էիք գրել, և մենք հերքում էինք պահանջել: Դուք հերքումը չեք դրել»,- թեման կտուրը գցեց Դանիել Իոաննիսյանը:
Մեր դիտարկմանը, որ իր վկայակոչած հերքման վերաբերյալ հրապարակում եղել է, և, որ հիմա այլ հարցով են իրեն դիմում, Դանիել Իոաննիսյանն արձագանքեց՝ «քանի դեռ իմ մասին սուտ տեղեկությունները չեք հերքել, ես ոչ մի մեկնաբանություն… Չեմ էլ ուզում իմանալ, թե ինչ թեմայով եք զանգել…»:
Դանիել Իոաննիսյանն, իհարկե, մանևրում էր, որովհետև զրույցի ամենասկզբում նրան տեղեկացվել է՝ ինչն ենք հատկապես ուզում ճշտել:
«Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ»,- 168.am-ի՝ արդեն երկրորդ անգամ տրվող հարցին՝ Իոաննիսյանը պատասխանեց՝ «սուտ տեղեկությունները հերքեք, ես մեկնաբանություն կտամ մեծ հաճույքով, ինչպես միշտ: Բայց քանի դեռ իմ հերքումը չդնեք, սուտ տեղեկությունը չհերքեք իմ վերաբերյալ, ես ձեզ մեկնաբանություն չեմ տալու»:
Մենք լսեցինք Դանիել Իոաննիսյանին, բայց «իրավապաշտպանին» տեղեկացնենք, որ հարցը մնաց օդում՝ «Հիմա Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ»:
Իսկ թե ինչպես վիժեցվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նախորդ ընտրությունը, կներկայացնենք հաջորդիվ: Վստահաբար Դանիել Իոաննիսյանի համար հետաքրքիր կլինի կարդալ: