
«Անտեր ու դուս վիճակ է․․․»․ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդն ասում է՝ չի հայհոյել, մեքենան էլ դեռ չեն վերադարձրել

Նախօրեին համացանցում տարածվել էր պարեկների կողմից ուժի կիրառմամբ մեքենայից իջեցված վարորդի մասին տեսանյութը։ Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 31-ին, բայց տեսանյութը համացանցում տարածվել էր միջադեպից օրեր անց միայն։
Վարորդը՝ Էդգար Այվազյանը, որն այդ օրը շտապում էր պապիկի թաղմանը, հանկարծակիի է եկել ոստիկանների անհամաչափ գործողություններից։
168․am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց․ «Ես չեմ հայհոյել, այնտեղ այնքան մարդ է եղել, որ կարող են փաստել, որ հայհոյանք չի եղել։
Ինձ մեքենայից հանել են ազդանշան տալու համար, բայց այնտեղ բոլորն էլ ազդանշան էին տալիս, քանի որ երկար ժամանակ ճանապարհը փակ էր»։
Էդգար Այվազյանը չի հասկացել, թե ինչու են պարեկներն այդքան գերլարված վիճակում։ Ի դեպ, նրան դեռ չի հաջողվել հետ ստանալ մեքենան։
«Մեքենան դեռ տուգանային հրապարակում է։ Անտեր ու դուս վիճակ է․ ասում են՝ գնացեք, մենք ձեզ կզանգենք, բայց քանի օր է՝ ոչ ոք չի զանգել»,- հավելեց նա։
Տեղի ունեցած միջադեպի մասին Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում էր տարածել։
«Պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Այս պարզաբանմանը հակադարձել էր ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ հիշեցմամբ, որ ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն։
«ՆԳՆ պարզաբանումը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները, արդարացնում արգելված վերաբերմունքը: Սա քաղաքական հովանավորության հետևանք է. տպավորություն է՝ խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու:
Անպատժելիության, քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը և հեղինակազրկվում այն ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում»,- շեշտել էր Արման Թաթոյանը։