
Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ ՌԴ-ն սահմաններն արդեն գծել են․ Թուրքիան մտնում է Միացյալ նահանգների տարածքի մեջ, իսկ Հարավային Կովկասը՝ Ռուսաստանի․ թուրքագետ

Իրավիճակը Թուրքիայում շարունակում է անկայուն մնալ։ Ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված արդեն նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ցույցերը, հակառակ ձերբակալությունների, չեն մարում։ Ի դեպ, ըստ պաշտոնական հաղորդագրության, մարտի 19-25-ը Թուրքիայում բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 1500 մարդ է ձերբակալվել։
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի գնահատմամբ, սակայն, այս ցույցերի հետևանքով տարածաշրջանում և Հայաստանում լուրջ ազդեցություն չպետք է սպասել, բայց աշխարհաքաղաքական իրողությունները նոր զարգացումներ կբերեն տարածաշրջան։
«Սա Թուրքիայի ներքին գործն է։ Էրդողանն իր քաղաքական գլխավոր հակառակորդին մեկուսացրեց, որ իրենից հետո եկող մարդու համար հեշտ լինի, պրոբլեմներ չառաջանան։ Իհարկե, Իմամօղլուն ազգայնականների խմբից չէ, սակայն պետք չէ մոռանալ, որ նրա՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը հիմնադրողները եղել են երիտթուրքերի գլխավորները։ Այն, ինչ որ հայերիս գլխին եկել է, հենց այդ կուսակցության իշխանության եղած օրերին է եղել»,- Թուրքիայում ներքաղաքական գործընթացներին անդրադառնալով՝ արձանագրեց թուրքագետը։
Ի դեպ, ըստ նրա, վերջին փաստը հաճախ մոռանում են՝ ինչպես շատ պոլսահայեր, այնպես էլ՝ Հայաստանում ինչ-ինչ շրջանակներ։ Դիտարկմանը, թե ասում են, որ, ամեն դեպքում, Էքրեմ Իմամօղլուն Պոնտոսի հույն է, Տիրան Լոքմագյոզյանը հակադարձեց դիտարկմամբ, որ Էրդողանի մասին էլ ասում են, որ հայկական արմատներ ունի, որ նրա ընտանիքի նախկին անվանումը «Բագրատօղլի» է, և հետևաբար՝ պետք չէ հույսեր կապել այս կամ այն գործոնի հետ։
Հարցին՝ արդյո՞ք առկա աշխարհաքաղաքական համատեքստում Թուրքիան կկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի ներսում մեկնարկած գործընթացները, նա պատասխանեց․
«Այսօր նոր աշխարհակարգ է ձևավորվում և երկբևեռ աշխարհակարգ, բայց այն արդեն առանց բլոկների է․ միայն ԱՄՆ և ՌԴ։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ ՌԴ-ն, մեծ հավանականությամբ, սահմաններն արդեն գծել են, և որպես դասական սահմաններ՝ ենթադրվում է, որ Թուրքիան մտնում է Միացյալ Նահանգների տարածքի մեջ, իսկ Հարավային Կովկասը՝ Ռուսաստանի։
Ամերիկան արդեն հայտարարեց մի անգամ, որ այս տարածաշրջանի նայողը Թուրքիան է լինելու, գուցե նաև՝ փոքր-ինչ զսպելով Թուրքիայի ախորժակը, այսինքն՝ Թուրքիային տրվելու է Սիրիայում և Իրաքում տոն տվողի դերը։
Այստեղ խնդիր կա Իրանի հետ․ ԱՄՆ-ը ցանկանում է Իրանին ծնկի բերել, ու այդ պատերազմի ժամանակ Ռուսաստանը, որը Հարավային Կովկասի տերն է լինելու, այստեղ Հայաստանի և Ադրբեջանի տարածքից թողնելո՞ւ է, որ ԱՄՆ-ը ու Իսրայելը ինչ-ինչ գործողություններ կատարեն Իրանի դեմ, դա ոչ մեկը չի կարող ասել»։
Թուրքիայում մեկնարկած գործընթացների հետագա զարգացումների մասին իր դիտարկումներում էլ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց, որ Էրդողանը չի տապալվի։
«Էրդողանը դեռ ոչինչ չի անում, ժողովուրդը դուրս կգա, գուցե մարի այդ պրոցեսը, իսկ եթե ոչ՝ ավելի բիրտ ձևով կօգտագործի ոստիկանական ուժերն ու անգամ բանակին էլ օգնության կկանչի, ինչը Թուրքիայում ընդունված կարգ է։ Եվ բացի դա՝ Էրդողանը դեռ չի դիմել իր վերջին քարտին, ինչն իր կողմնակիցների կուռ բանակն է, որը շուրջ 30 տոկոսն է կազմում հանրության, ու նրանք եթե անգամ սոված էլ լինեն, մինչև վերջ գնալու են Էրդողանի հետևից»,- հավելեց թուրքագետը։