Սիրիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել քրդերի հետ համաձայնագրի իրագործումը․ Սիրիայի ԱԳՆ
Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը հայտարարել է, որ սիրիա-ամերիկյան բանակցությունների ընթացքում երկու կողմերը համաձայնության են եկել շարունակել մարտի 10-ի համաձայնագրի իրականացումը, որը ներառում է քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) ինտեգրումը Սիրիայի արաբական բանակի շարքերում։
Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը նաև հաստատել է, որ կաջակցի Իսրայելի հետ տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված անվտանգության համաձայնագրի կնքմանը հասնելուն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու Սիրիայում վերակառուցման և ներդրումային ջանքերին՝ ընդգծելով Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակելու սահմանված պատժամիջոցների վերացումը։
Նախարարությունը նշել է, որ նախագահ Թրամփի ուղղորդմամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ-Շայբանին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նոյեմբերի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան պաշտոնական այցով Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մեկ ժամից ավելի տևած հանդիպման ժամանակ նախագահ Թրամփն իր հիացմունքն է հայտնել Սիրիայում կայունության վերականգնման գործում ձեռք բերված նվաճումների առնչությամբ։ Այս հանդիպումը համարվում է պատմական, քանի որ Ահմեդ աշ-Շարաան դարձել է Սիրիայի առաջին նախագահը, որ հյուրընկալվել է Սպիտակ տանը։
Մարտի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և ՍԴՈւ հրամանատարը համաձայնագիր էին ստորագրել, որի համաձայն՝ քուրդ զինյալները պետք է միանան կառավարական բանակին։



