
Անգամ պետծառայողները չեն հավատում կառավարությանը, չի փրկում նաև ինքնախաբերությունը

Մինչ կառավարությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե եկամուտների հայտարարագրման գործընթացը բնականոն հունով ընթանում է, և քաղաքացիները ոգևորված հայտարարագրեր են ներկայացնում, պաշտոնական թվերը բոլորովին այլ բանի մասին են խոսում։ Դրանք վկայում են, որ քաղաքացիները ոչ մի կերպ չեն հավատում կառավարության այն հորդորներին, որ եկամուտների հայտարարագրումն իրենց շահերից է բխում։
Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը կաշվից դուրս է գալիս հակառակը համոզելու համար, սոցիալական կրեդիտներով է ուզում «կաշառել», քաղաքացիները համատարած խուսափում են հայտարարագրեր ներկայացնելուց, լուռ բոյկոտում են կառավարության նախաձեռնությունը, չեն վստահում ու հավատում իշխանությունների անկեղծությանը, ինչի համար, անշուշտ, բազմաթիվ պատճառներ ունեն։ Զարմանալի չէ, որ չնայած հայտարարագրման համակարգը փառաբանելու՝ իշխանությունների սկսած արշավին, գործընթացը տեղից չի շարժվում։
Հայտարարագրման մեկնարկից գրեթե 3 ամիս անց, քաղաքացիների չնչին մասն է հայտարարագրել եկամուտները։ Այն էլ՝ հիմնականում նրանք, ովքեր ակնկալիքներ են ունեցել։ Գերակշիռ մասը մտադիր էլ չէ հայտարարագիր ներկայացնել։
Այս տարի գրեթե 784.000 քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի եկամուտների վերաբերյալ։ Մինչև հիմա ընդամենը 12 հազարն է ներկայացրել։
Սա պոտենցիալ հայտարարագիր ներկայացնողների հազիվ 1,5 տոկոսն է։
784.000 քաղաքացիներից 772.000-ը դեռևս հայտարարագիր չի ներկայացրել։
Հայտարարագիր խուսափում են ներկայացնել՝ ինչպես մասնավոր, այնպես էլ՝ պետական համակարգում աշխատողները։ Չներկայացրածների մեջ պետական համակարգի աշխատողները մեծ թիվ են կազմում։
Եթե նույնիսկ համարենք, որ մինչև այժմ հայտարարագիր ներկայացրածները բացառապես եղել են պետական համակարգի աշխատողները, էլի կստացվի, որ նրանց գերակշիռ մասը շարունակում է անվստահություն հայտնել հայտարարագրմանը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, պետական համակարգում անցած տարի զբաղված է եղել ավելի քան 218.700 քաղաքացի։ Հայտարարագիր ներկայացրած 12 հազար քաղաքացիների մի մասը, անշուշտ, պետական համակարգի աշխատողներն են։ Բայց նրանց չնչին մասն է հայտարարագիր ներկայացրել։
Պետական համակարգից դուրս գտնվողների մեջ ևս հավանաբար կլինեն քաղաքացիներ, ովքեր ներկայացրել են հայտարարագիր։ Բայց նրանց քանակն էլ շատ փոքր է։ Անգամ սոցիալական կրեդիտներով քաղաքացիներին գայթակղելը չի օգնում։
«Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 5741 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ՝ +1232 քաղաքացի) ետ է ստացել 535 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ՝ +115 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.100 դրամ է»,- պարբերաբար այսպիսի գրառումներով է փորձում քաղաքացիներին սիրաշահել Նիկոլ Փաշինյանը։ Բայց էլի շարժ չկա։
Հայտարարագրման համակարգի ներդրումը կոլապսի առաջ է։ Քաղաքացիները դեմ են հայտարարագրմանը ու սրանով ցույց են տալիս իրենց վերաբերմունքը կառավարության հերթական արկածախնդիր նախաձեռնության նկատմամբ։
Ճիշտ է, հայտարարագրերի ներկայացման համար դեռ բավական ժամանակ կա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացը ժամանակից շուտ տապալումից փրկելու համար որոշեցին վերջնաժամկետը տեղափոխել. մայիսի 1-ի փոխարեն՝ պատրաստվում են նոյեմբերի 15-ը սահմանել, բայց դա էլ փրկություն չի լինի։ Նոյեմբերի 15-ից հետո կտեսնենք, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներ բոյկոտել են հայտարարագրերի ներկայացումը։
Անգամ նախատեսված տուժերն ու կրկնապատկվող տուգանքները խոչընդոտ չեն լինելու։ Կան շատ ավելի ծանրակշիռ պատճառներ՝ հայտարարագրեր չներկայացնելու համար։
Բացի այն, որ հայտարարագրման գործընթացում բազմաթիվ տեխնիկական բացեր ու խնդիրներ կան, քաղաքացիները մտավախություն ունեն, որ հետագայում այն դառնալու է գործիք ոչ միայն հարկային մամլիչի տակ իրենց պահելու, այլև անհարկի ճնշելու, քաղաքական շանտաժի ենթարկելու համար։ Որքան էլ փորձում են հայտարարագրումը դրական կողմերով մատուցել, համոզել, թե այն հնարավորություն է պետական բյուջեից 70 մլրդ դրամի սոցիալական կրեդիտներ ստանալու համար, մարդիկ դրան չեն հավատում։ Տեսել ու համոզվել են, որ այս իշխանության ուշքն ու միտքը միայն քաղաքացիներին քերելն է, հարկերով ու տուրքերով ճնշելը։ Համոզված են, որ հայտարարագրման համակարգն էլ դրա ուղղակի շարունակությունն է լինելու։ Հայտարարագրերի ներկայացումից հետո հայտնվելու են հարկայինի թիրախում։
Եվ այս մտահոգություններն ամենևին էլ անտեղի չեն։ Բոլորն էլ լավ հասկանում են, որ գերնպատակը քաղաքացիների մինչև վերջին կոպեկը հարկելն է։ Դրա համար իշխանությունները պատրաստ են ցանկացած կեղծիքի դիմել՝ համոզելու, որ հայտարարագրումը շրջադարձային ու հեղափոխական նշանակության բարեփոխում է քաղաքացիների կյանքում։ Բայց դա էլ արդեն արդյունք չի տալիս, ու այսպես շարունակվելու դեպքում պարտադրված են լինելու համակերպվել իրականության հետ, երբ հայտարարագրման ժամկետի ավարտից հետո պարզվի, որ քաղաքացիները համատարած բոյկոտել են հայտարարագրումը։ Չեն կարողանալու հարյուր-հազարավոր քաղաքացիների տուգանել ու պարտադրել հայտարարագիր ներկայացնել։
Անհարկի շտապողականությամբ՝ իշխանությունները հայտարարագրման համակարգի ներդրումը կանգնեցրել են տապալման փաստի առաջ։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ, ինչպես քաղաքացիները, այնպես էլ՝ համակարգը պատրաստ չեն դրան։ Մի երկրում, որտեղ բնակչության գրեթե կեսն աղքատ է, հարյուր-հազարավոր քաղաքացիներ իրենց սոցիալական խնդիրները լուծում են հարազատներից ստացվող օգնությունների, այլ երկրներում արտագնա աշխատանք կատարելու հաշվին, պարտադրել հայտարարագրել եկամուտներն ու ստիպել դրանց դիմաց հարկեր վճարել՝ ոչ մի լավ տեղ չի տանելու։
Քանի դեռ ուշ չէ, համակարգն ամբողջությամբ չեն վարկաբերել, պետք է հետևություններ ու քայլեր անեն՝ այն փրկելու համար։ Այլապես կարճ ժամանակ հետո կառերեսվենք ևս մեկ տապալված կարևոր ինստիտուտի ներդրման հետ, որը հանպատրաստից ուզում են փաթաթել ժողովրդի վզին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ